«ՀայաՔւէ». «Վերահաստատում ենք՝ Փաշինեանն այլեւս իրաւունք չունի ՀՀ անունից բանակցութիւններ վարելու»
«ՀայաՔւէ»-ի յայտարարութիւնը Տաւուշի մարզից գիւղերի զիջման անթոյլատրելիութեան մասին:
Հայ-ադրբեջանական սահմանագծման ու սահմանազատման հարցերի յանձնաժողովի` մարտի 7-ի հանդիպումից երկու օր անց Բաքւի բռնապետական վարչակարգն ապօրինի ու վերջնագրային պահանջ է ներկայացրել Հայաստանի Հանրապետութեանը՝ Ադրբեջանին յանձնելու Տաւուշի մարզի չորս գիւղեր՝ որպէս սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների շարունակման նախապայման։
Հերթական անգամ ականատեսն ենք լինում Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետութեան վրայ հարկադրանքի, ուժի գործադրմամբ սպառնալիքի կիրառման, այն դէպքում, երբ Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքներ, ռազմավարական նշանակութեան բարձունքներ, միջպետական նշանակութեան ճանապարհների հատւածներ գտնւում են Բաքւի օկուպացիայի ներքոյ եւ, ի լուր ամբողջ աշխարհի, ցինիկաբար յայտարարւել է, որ ադրբեջանական զօրքերը մէկ սանտիմետր անգամ յետ չեն քաշւելու իրենց զբաղեցրած դիրքերից։
Ադրբեջանի այս լկտի գործելակերպն ուղղակի հետեւանք է Հայաստանում գործող հակազգային վարչախմբի պարտւողական քաղաքականութեան եւ միակողմանի զիջումների։
Հերթական անգամ համոզւեցինք, որ գործող իշխանութիւնների կողմից Արցախն Ադրբեջանին յանձնելը դուռ է բացել Հայաստանի հանդէպ նորանոր ագրեսիաներ գործելու համար։ Բաքւի այս սանձարձակութիւնը ցոյց է տալիս նաեւ, որ Փաշինեանի վարչախմբի իշխանութեան ներքոյ Հայաստանը չի դիմակայում ադրբեջանական ագրեսիային եւ ոչ էլ ապահովում է այդ ագրեսիան կանխելու ունակ դաշնակից կամ գործընկեր երկրների աջակցութիւնը։
Այս վարչախումբը ծրագրւած կերպով մեր երկիրը ներքաշել է աշխարհաքաղաքական խարդաւանքների ու բախումների ոլորտ՝ այն կանգնեցնելով նոր ու աւերիչ պատերազմի շեմին, որից խուսափելու համար պատրաստ է նորանոր, ոչ պակաս կործանարար զիջումների գնալ։ Այսպիսի զիջումները կը մասնատեն Հայաստանը եւ նրա տարբեր մասերը կը դարձնեն հետագայ ագրեսիայի հեշտ թիրախ։
Ուստի վերահաստատում ենք մեր համոզմունքն առ այն, որ Փաշինեանի վարչախումբն այլեւս որեւէ իրաւունք չունի Հայաստանի անունից բանակցութիւններ վարելու եւ պէտք է օր առաջ հեռանայ՝ ճանապարհ բացելով ազգային պրագմատիկ իշխանութեան ձեւաւորման համար, որը կը համախմբի մեր ժողովրդին՝ հայրենի հողի իւրաքանչիւր սանտիմետրը պաշտպանելու համար։
«ՀայաՔւէ» նախաձեռնութեան խորհուրդ
Յ. Գ.- լուսանկարում` Տաւուշի մարզի Վերին Ոսկեպար գիւղի դիտակէտ-աշտարակը: