Մովսէս Յակոբեան. «Տաւուշով չի աւարտւելու, լաւ իմացէք»
ՀՀ ԶՈՒ գլխաւոր շտաբի նախկին պետ, նախկին գլխաւոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսէս Յակոբեանի բնորոշմամբ՝ նոյնիսկ մանկապարտէզի երեխաները կարող են ասել, թէ Հայաստանի անվտանգութեան համար ինչ նշանակութիւն ունեն Տաւուշի այն տարածքները, որոնց մասին ՀՀ իշխանութիւնները խօսում են։
«Ինքս այս ամէնի վերաբերեալ արդէն կարծիք չունեմ՝ ուշ է, որ խօսում ենք, ինչ-որ բանի օգո՞ւտ է տալիս։ Այս իշխանութիւնների օրօք ամէն ինչի վերաբերեալ պէտք է հակառակն ասես, որ չանեն, հիմա «ճիշտ են անում, որ տալիս են», գուցէ այսպէս ասելուց յետոյ չտա՞ն։ Իրենք ամէն ինչի հակառակն են անում։ Իմ խօսքերից զարմանալ պէտք չէ, այս ամէնին ես անդրադարձել եմ դեռեւս երեք տարի առաջ։ Երեք տարի այս նոյն հարցերի մասին խօսում եմ՝ Տաւուշով չի աւարտւելու, լաւ իմացէք։ Բացէք իմ հարցազրոյցները, հերթով կարդացէք, կը տեսնեք»,- «168.am»-ի հետ զրոյցում ասաց Մովսէս Յակոբեանը՝ պատասխանելով հարցին, թէ Հայաստանն ու յատկապէս Տաւուշն ի՞նչ անվտանգային խնդիրներ կունենան, եթէ իշխանութիւնը սահմանազատման ու սահմանագծման անւան տակ թշնամուն տայ այն տարածքները, որոնց մասին Նիկոլ Փաշինեանը խօսեց Տաւուշի մարզում։
Յաջորդ հարցին, թէ ստեղծւած իրավիճակում ի՞նչ է պէտք անել, Մովսէս Յակոբեանը նախ պատասխանեց, թէ ինչ պէտք չէր անել: «Ժողովուրդն ուղղակի նման ապուշի չպէտք է ընտրէր։ Ընտրէք այնպիսի մարդու, ով ունակ է ղեկավարելու։ Ժողովուրդն է որոշում, թէ ով պէտք է իրեն ղեկավարի, հիմա ժողովուրդը որոշել է, որ Նիկոլը մեզ պէտք է ղեկավարի, ինչո՞ւ էք զարմանում։ Ժողովուրդն է որոշել, Նիկոլն էլ ինչպէս ուզում, այնպէս ղեկավարում է»,- շեշտեց նա։ Եթէ ժողովուրդը փոխի ղեկավարին, ստեղծւած իրավիճակում որեւէ բան հնարաւո՞ր կը լինի փոխել, Մովսէս Յակոբեանը պատասխանեց. «Ցանկացած ժամանակ հնարաւոր է ինչ-որ բան փոխել, նայած, թէ պատկերացումները փոփոխութիւնների մասին ինչպիսին են»։ Յիշեցնենք, որ մարտի 12-ին Նիկոլ Փաշինեանն իր հրաւիրած մամուլի ասուլիսի ժամանակ ցուցադրել էր Հայաստանի իր գծած քարտէզի մակետը, յետոյ այլ առիթներով պարզաբանումներ տալու համար դիմել էր Հայաստանի մակետի օգնութեանը, Տաւուշի մարզ այցի ժամանակ էլ մակետը ներկայացրեց իր հետ հանդիպման հրաւիրւած բնակիչներին։ Տաւուշի մարզ կատարած այցի ժամանակ սահմանամերձ գիւղի բնակիչներին Նիկոլ Փաշինեանն ասաց՝ այն, ինչն իր գծած քարտէզից ներս է՝ հայերինն է, ինչն այդ քարտէզից դուրս է՝ ադրբեջանցիներինը։ Պարզւեց, որ Տաւուշի մի քանի բնակավայր այդ քարտէզից դուրս է թողել, ինչը նշանակում է, որ դրանք յանձնւելու են Ադրբեջանին։ Ամենայն հաւանականութեամբ, լսելով բնակիչների դժգոհութիւնը նշւած բնակավայրերը թշնամուն յանձնելու վերաբերեալ, յայտարարել էր, թէ կարելի է հիմա դահլիճից դուրս գալ ու ասել, որ որեւէ սահմանազատման եւ սահմանագծման հարց չի լինելու, բայց դա, ըստ նրա` անհետեւանք չի մնայ։ «…Դա նշանակում է՝ շաբաթւայ վերջ պատերազմ է սկսւելու։ Յետոյ ես գիտեմ` ինչ է լինելու պատերազմի վերջում։ Երեւանում, որ մի տեղ իրար տենանք, դուք ասելու էք` մենք գիւղացի ժողովուրդ էինք, այդքան ինֆորմացիա չունէինք, բա դու այդքան տեղեկութււն չունէի՞ր, բա դու ի՞նչ էիր անում»,- ասել էր նա։