Դաւութօղլուն Փաշինեանին ցոյց տւե՞ց «ելքը»

ԲԵՆԻԱՄԻՆ ՄԱՏԹԷՈՍԵԱՆ
Քաղաքագէտ
Եւրոպայում եւ Ուկրաինայում դեռեւս շարունակում են «մարսել» փետրւարի 12-ի իրադարձութիւնները։ Եւ ահա թէ ինչ է պատահել. Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահները ոչ միայն զրուցել են, ինչպէս դա քանիցս եղել է Դոնալդ Թրամփի ընտրութիւնից յետոյ (ինչի մասին նա բազմիցս ակնարկել է), այլեւ տարածել են պաշտօնական հաղորդագրութիւններ հեռախօսազրոյցից յետոյ։
Կրեմլի եւ Սպիտակ տան յայտարարութիւններից պարզ դարձաւ, որ Թրամփը Պուտինին ասել է՝ Ուկրաինայում ռազմական գործողութիւնները շուտափոյթ դադարեցնելու անհրաժեշտութիւն կայ, ՌԴ նախագահը համաձայնել է Թրամփի հետ, որ Ուկրաինայում երկարատեւ կարգաւորման կարելի է հասնել բանակցութիւնների միջոցով։ Պուտինն ու Թրամփը հեռախօսազրոյցում պայմանաւորւել են կազմակերպել անձնական հանդիպում, աւելին՝ Վլադիմիր Պուտինը հրաւիրել է Թրամփին Մոսկւա։
Գրեթէ ամբողջ աշխարհի մամուլը մեկնաբանել է ՌԴ եւ ԱՄՆ նախագահների բանակցութիւնների թեման, սակայն ամենայն հաւանականութեամբ իրավիճակը առաւելագոյնս նկարագրել է գերմանական Bild պարբերականը՝ «Պուտինը յաղթում է: Ուկրաինան եւ Եւրոպան չեն լինելու բանակցութիւնների սեղանի շուրջ։ Պարզապէս ստիպւած կը լինեն ընդունել բանակցութիւնների արդիւնքը»։ Եւրոպացիների շոկն այնքան մեծ էր, որ Պուտին-Թրամփ հեռախօսազրոյցի պատճառով եւրոպական մամուլը պատշաճ ուշադրութեան չարժանացրեց Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի յայտարարութեանը, համաձայն որի՝ ազդարարեց ամերիկեան ներկայութեան ծաւալների նւազեցման մասին Եւրոպայում։
«Մենք այսօր հաւաքւել ենք այստեղ՝ ուղղակի եւ աներկբայ յայտարարելու համար, որ ռազմավարական իրականութիւնները թոյլ չեն տալիս Ամերիկայի Միացեալ Նահանգներին կենտրոնանալ Եւրոպայի անվտանգութեան վրայ»,- Շտուտգարտում լրագրողների հետ շփման ժամանակ յայտարարել է Պենտագոնի ղեկավարը, ընդգծելով, որ ԱՄՆ-ը փոխում է կենտրոնացումը սեփական սահմանների անվտանգութեան վրայ։
«Մենք բախւում ենք նաեւ համազօր մրցակցի հետ՝ կոմունիստական Չինաստանի տեսքով, որը կարող է եւ մտադրւած է սպառնալ մեր հայրենիքին եւ ազգային հիմնական շահերին հնդխաղաղովկիանոսեան տարածաշրջանում: Այսուհետ Վաշինգտոնի առաջնահերթութիւնը Չինաստանի հետ պատերազմի կանխարգելումն է Խաղաղովկիանոսում»,- նշել է նա եւ կոչ արել դաշնակիցներին «աշխատանքների բաժանման»։
«ԱՄՆ-ը զբաղւում է կանխարգելմամբ Ասիա-Խաղաղովկիանոսեան տարածաշրջանում, իսկ եւրոպական երկրները՝ Եւրոպայում»,- յայտարարել է Փիթ Հեգսեթը։
Մինչ Հայաստանի իշխանութիւնները փորձում էին համոզել իրենց եւ երկրի բնակչութեանը, որ «Ռուսաստանը հեռանում է Հարաւային Կովկասից», «անսպասելի» ստացւեց այնպէս, որ կարող է հեռանալ ԱՄՆ-ը, եւ հեռանալ Եւրոպայից։
Պուտինի եւ Թրամփի պայմանաւորւածութիւնները որեւէ բան փոխո՞ւմ են Հայաստանի համար։ Յատկապէս այն իրավիճակում, երբ չնայած ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի միջեւ մօտենում է աշխարհաքաղաքական բախման հանգուցալուծումը, որը կարող է յանգեցնել «Նոր Եալթային» (այսինքն՝ նոր սահմանների եւ միջազգային յարաբերութիւնների նոր համակարգի ձեւաւորմանը), Նիկոլ Փաշինեանի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութիւնը նախօրէին առաջին ընթերցմամբ հաւանութիւն է տւել «ԵՄ-ին միանալու գործընթաց սկսելու մասին» օրէնքի նախագծին։ Գործընթաց, որը պէտք է յանգեցնի ԵՄ-ին անդամակցութեան յայտի վերաբերեալ հանրաքւէի նշանակման։ Եւ սա այն իրավիճակում, երբ ԵՄ-ը չի գտնում իր տեղն անգամ ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի բանակցութիւնների սեղանի շուրջ՝ Եւրոպայում անվտանգութեան ճարտարապետութեան հարցով…
Ինչպէ՞ս դուրս գալ այս իրավիճակից։ Հաշւի առնելով Հայաստանի իշխանութիւնների ձգտումները՝ ինտեգրւել թուրքական աշխարհին, հնարաւոր ելքը իրենց համար կարող է թւալ Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դաւութօղլուի առաջարկը՝ միացնել Գազայի հատւածը Թուրքիային։
«Թուրքիան, որպէս Օսմանեան կայսրութեան օրինական իրաւայաջորդ, պէտք է համերաշխ վերաբերւի Գազայի հատւածի բնակիչներին…
Թող Գազայի հատւածի բնակիչները անցկացնեն հանրաքւէ եւ միանան Թուրքիային՝ որպէս ինքնավար տարածաշրջան, մինչեւ Պաղեստինեան պետութեան ստեղծումը: Որոշումը Գազայի բնակիչների ձեռքերում է»,- ասել է նա։
Ինչո՞ւ Գազան կարող է միանալ Թուրքիային, իսկ Փաշինեանի «իրական Հայաստանը» չի կարող։ Առաւել եւս, որ «իրական Հայաստանի» այս գաղափարի աղբիւրները կարող են տանել մեզ թուրքական Seta վերլուծական կենտրոնի աշխատանքին, որն իր 2025 թ․ իրավիճակի աշխարհաքաղաքական վերլուծութեան մէջ օգտագործում է հէնց այս տերմինը, աւելին՝ գովում է Փաշինեանին, որ նա կարողացաւ բաժանել «պատմական Հայաստանը» «իրական Հայաստանից»։
Պուտինի եւ Թրամփի զրոյցի համատեքստում կարելի է ենթադրել՝ Ալէն Սիմոնեանի ագրեսիան եւ Նիկոլ Փաշինեանի նեարդային պահւածքը ԱԺ-ում պայմանաւորւած են նրանով, որ անգամ նրանք են հասկանում՝ իրավիճակն ապացուցում է, որ Հայաստանի շանսերը Ղարաբաղը պահելու համար շատ աւելի մեծ էին, քան այն կորցնելու։ Եւ շուտով, հնարաւոր է, ստիպւած կը լինեն բացատրել, թէ ինչպէս ստացւեց, որ Ղարաբաղն արդէն չկայ, իսկ նրանք դեռեւս կան։
Մտածէ՛ք այդ մասին․․․։
Alpha News