«Ադրբեջանը Հայաստանին ներկայացնելու է նոր կապիտուլեացիոն պայմաններ, որոնց այս իշխանութիւնը մտադիր է տեղի տալ». Իշխան Սաղաթէլեան
Ողբերգութիւն է, երբ երկրիդ բարձրաստիճան պաշտօնեաները եւ քաղաքական մեծամասնութեան ներկայացուցիչները փրփուրը բերանին փորձում են հիմնաւորել, որ ՀՀ իրաւազօրութեան ներքոյ գտնւող տարածքները ադրբեջանական են. ապրիլի 9-ին, ԱԺ-ում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորեանի ու Արարատ Միրզոյեանի հետ փակ հանդիպումից յետոյ լրագրողներին ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը:
«Սրանից բխեցնելով պէտք է ասել, որ եթէ տեղի ունենայ ռազմական գործողութիւններ կամ Ադրբեջանի կողմից յարձակում, պէտք է ֆիքսել, որ դրա հրահրողը եւ դա լեգիտիմացնողը այսօրւայ իշխանութիւնն է Նիկոլ Փաշինեանի գլխաւորութեամբ: Իրենք անընդհատ Ադրբեջանի շահերը սպասարկող հիմքեր անընդհատ փորձում են մէջտեղ բերել: Ադրբեջանի ԱԳՆ-ն կարող է ՔՊ-ական որոշ գործիչների գործի ընդունի»,-ասաց նա:
Սաղաթէլեանը նշեց, որ ընդդիմութիւնը ներկայացրել է յայտարարութեան նախագիծ, որտեղ կայ իրավիճակի գնահատում, կոչ միջազգային հանրութեանը, հայ ժողովրդին եւ այլընտրանքային լուծումներ. «Իրենց տրամադրւածութիւնից ակնյայտ է, որ իրենք դէմ են լինելու մեր ներկայացրած յայտարարութեան նախագծին:
Մենք մէկ անգամ եւս համոզւեցինք, որ երկիրը գտնւում է մի ուժի ձեռքում, որոնք շարունակելու են զիջումները, եւ մէկ անգամ եւս ակնյայտ դարձաւ, որ իրականում սահմանազատման և սահմանագծման աշխատանք չկայ, իրականում Հայաստան-Ադրբեջան բանակցութիւններ չկան, կան Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացւող նոր կապիտուլեացիոն պահանջներ, որին այս իշխանութիւնը մտադիր է տեղի տալ։ Իշխանութիւնները իրենց պահւածքով լեգիտիմացնում են Ադրբեջանի առաջիկայ ռազմական ագրեսիան Հայաստանի նկատմամբ: Հայաստանը պատրաստ չէ դիմադրութիւն ցոյց տալ, պատրաստ չէ լիարժէք սահմանազատման աշխատանքների եւ դա հիմնւորում են Ադրբեջանի կողմից պահանջներով»,-ասաց ընդդիմադիր պատգամաւորը:
Սաղաթէլեանը նշեց, որ ընդդիմութիւնը եւս մէկ անգամ արձանագրել է, որ այդ տարածքները Հայաստանի համար ունեն ռազմավարական նշանակութիւն եւ դրանք զիջելով՝ կառաջանան անվտանգային լրջագոյն խնդիրներ։
Պատգամաւորը միաժամանակ նշեց, որ փակ հանդիպման ընթացքում Մհեր Գրիգորեանը հաւաստիացրել է, որ Տաւուշում կոնկրետ պայմանաւորւածութիւն չկայ սահմանագծման վերաբերեալ:
Արարատ Միրզոյեանը էդ գծի մէջ էր, որ եթէ այդ տարածքները չտանք, պատերազմ կը լինի.ասաց Իշխան Սաղաթէլեանը:
«Քանի դեռ կայ քաղաքական մեծամասնութիւն սրանց գլխաւորութեամբ, այո, երկիրը տանելու են դէպի անդունդը»,-ասաց նա:
Հարցին՝ ի՞նչ կարող էք փոխանցել տաւուշեցիներին այս հանդիպումից յետոյ, նա պատասխանեց. «Ոչ միայն տաւուշցիներին, այլեւ Հայաստանի ողջ ժողովրդին կարող եմ ասել, երկիրը վտանգի մէջ է, քանի որ իշխանութեան ղեկին գտնւում է մի խումբ, որը երկիրը տանելու է նոր փորձութիւնների, իսկ դա կանխելու համար մեզ անհրաժեշտ է երեք մակարդակներով դիմադրութիւն` Հայաստանում, Տաւուշում ու Սփիւռքում: Պէտք է սրանց լինի հակազդեցութիւն, որն ինչ-որ փուլում պէտք է վերածւի համազգային պոռթկումի, հնարաւոր լինի ազատւել այս իշխանութիւնից, հնարաւոր լինի կանխել նոր կապիտուլեացիան, որը կախւած է մեր գլխին»:
Հակասութիւն չասեմ, բայց… ինչպէս ձեւակերպեմ, Արարատ Միրզոյեանը Նիկոլից Նիկոլ էր դահլիճում. ասաց Իշխան Սաղաթէլեանը՝ անդրադառնալով հարցին, թէ ճի՞շտ են հասկացել, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորեանի ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանի դիրքորոշումներում հակասութիւններ կան։
«Իսկ Մհեր Գրիգորեանը փորձում էր ներկայացնել այն աշխատանքը, որ արել են, այն սկզբունքները, որ գոյութիւն ունեն։ Ինձ թւում է ընդհանրապէս, սա նոր տպաւորութիւն չէ, սա նաեւ բանակցային փաստաթղթերին ծանօթանալուց յետոյ տպաւորութիւն է, կայ Նիկոլ-Ալիեւ ուղիղ բանակցութիւն ու կան արտգործնախարարութիւնների ու յանձնաժողովների միջեւ բանակցութիւններ։
Այս տպաւորութիւնն ունենք, որ շատ բաներ տեղի են ունենում բանաւոր պայմանաւորւածութեամբ, որի մասին շատ պաշտօնեաներ տեղեակ չեն լինում։ Նիկոլ Փաշինեանն Ալիեւի հետ աշխատում է ուղիղ»,-ասաց Սաղաթէլեանը։