Հայաստան - Արցախ

Գառնիկ Դանիէլեան. «Ժողովրդական երթը դէպի Երեւան Հայաստանի թուրքացման դէմ է»

«ԱԼԻՔ» – «Ժողովրդական երթը դէպի Երեւան Հայաստանի թուրքացման դէմ է»։ Այս մասին երէկ՝ մայիսի 7-ին լրագրողների հետ զրոյցում ասել է ՀՅԴ Տաւուշի Մարզային կոմիտէի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան  պատգամաւոր Գառնիկ Դանիէլեանը, ով առաջին իսկ օրւանից մասնակցում է Բագրատ Սրբազանի գլխաւորած շարժմանն ու երթին։

«Ես ինքս Տաւուշից եմ եւ մեծացել եմ այդ հողի վրայ։ Մեզ համար այդ հողից ու ջրից աւելի թանկ բան չկայ։ Եթէ սահմանը անձեռնմխելի չլինի, ադրբեջանցիները կը ստանան մեր յենակէտերը, եւ թշնամին կը յայտնւի ամենուրեք։ Նաեւ՝ Երեւանում։ Գուցէ ինչ-որ մէկը Երեւանում մտածում է, թէ աղէտն իրեն չի հասնելու։ Սխալւում է։ Ադրբեջանցիներով կը բնակեցնեն ողջ երկիրը, կը չեղարկեն զինանշանը եւ Անկախութեան հռչակագիրը։ Հայաստանի իշխանութիւնները սահմանին սահմանափակ թւով սահմանապահներ կը կանգնեցնեն, ընդամէնը 5 հազար։ Իսկ ադրբեջանցիները իրենց սահմանապահներին զինում են մինչեւ ատամները, որոնք կարող են հաշւած րոպէներում յայտնւել ամենուրեք։ Այժմ իրականացւում է պիլոտային ծրագիր։ Սահմաններին կը կանգնեն «Եաշման» եւ «Կոմանդոսը» (ադրբեջանական էլիտար յատուկ ջոկատներ)։ Ռամիլ Սաֆարովի տիպի ահաբեկիչները կը բնակեցւեն հայկական գիւղերի մօտ։ Իբր սեփական անվտանգութեան համար։ Իշխանութիւնների նպատակն է բոլորին դարձնել իրենց նման։ Բայց արժանապատիւ քաղաքացիները կը պաշտպանեն իրենց պատիւը, եկեղեցիները, կընդդիմանան թուրքացմանը։ Ադրբեջանում հեռուստաալիք են բացել՝ ի աջակցութիւն «Արեւմտեան Ադրբեջանի», այստեղից բխող բոլոր հետեւանքներով։

Յետոյ ձեռնամուխ կը լինեն Վարդենիսին։ Եւ իշխանութիւնները կասեն՝ եկէք մի 20 գիւղ տանք ու հանգիստ ապրենք։ Չնայած այս ամէնին՝ գտնւում են այնպիսիները, որոնք շարունակում են հաւատալ իշխանութիւններին։ Ինչպէ՞ս կարող էք հաւատել այն ամէնից յետոյ, ինչ տեղի ունեցաւ։ Ինչի՞ն էք հաւատում։ Եւ եթէ հաւատում էք՝ եկէք Կիրանց, տեսէք, թէ ինչ է տեղի ունենում։ Բոլորին, ովքեր շարունակում են հաւատալ, հրաւիրում եմ, որ գնան Կիրանց ու տեսնեն, թէ ինչ է իրենց սպասւում։

Ադրբեջանցիները հանրահաւաքներ են անցկացնում ի պաշտպանութիւն Հայաստանի իշխանութիւնների։ Դա  խայտառակութիւն է»,- ասել է Գառնիկ Դանիէլեանը։

Նրա խօսքով՝ Ալիեւի հետ փոխըմբռնմամբ Նիկոլ Փաշինեանը Հայաստանը յանձնում է։

Կեղտոտ քարոզչութիւն են անում, բայց Աստծով դա էլ չի ազդում:

Անդրադառնալով Եկեղեցու, Բագրատ Սրբազանի եւ Շարժման դէմ ՀՀ իշխանութիւնների եւ նրանց արբանեակների ծաւալած հակաքարոզչութեանը, պատգամաւորն ասել է. «Ստերի ու կեղծիքների հերթական խմբաքանակն են ուղարկել, բայց իրենք, արդէն իսկ, ջղաձգումների մէջ են, որովհետեւ իրենց այդ թէզերը հատիկ-հատիկ ջարդւում են։ Աստծով դա էլ չի ազդում։ Իրենք ե՛ւ քաղաքական, ե՛ւ բարոյական, ե՛ւ անձնական առումով վերջացած մարդիկ են։

Օր-օրի, ժամ առ ժամ մեր շարքերը համալրւում են»։

Related Articles

Back to top button