Հայաստան - ԱրցախՔաղաքական

Այս իշխանութեան վարած քաղաքականութիւնն աւելի աղէտաբեր հետեւանքներ է ունենալու

«Հայ ժողովուրդն այսօր ապրում է իր պատմութեան ամենաողբերգական ժամանակներից մէկը. Արցախը հայաթափւած է, իսկ Հայաստանը բռնել է թուրքացման ճանապարհը»,- հոկտեմբերի 3-ին Ազգային ժողովում յայտարարութիւնների ժամին ասաց ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Ռուստամեանը։

Նա նշեց, որ թուրք-ադրբեջանական հրոսակները հերթական անգամ աշխարհի անտարբեր հայեացքի ներքոյ, բայց այս անգամ արդէն Հայաստան պետութեան աչքի առաջ, իրականացրեցին հայերի նոր ցեղասպանութիւն։

«Հիմա, փոխանակ պատասխան տան, թէ ինչու ցեղասպանւող եւ արիւնահոսող Արցախի ժողովրդին թողեցին միայնակ իրենցից բազմակի գերազանցող ազերի հրոսակների դէմ-յանդիման, փորձում են Արցախում իշխանութեան օր-օրի ծանրացող բեռից փախուստի դիմածներին փոխարինման եկածներին եւ ժողովրդին անտէրութեան չմատնելու համար այդ բեռի տակ մտածներին մեղաւոր կարգել։ Չի ստացւի, քանի որ Արցախի ժողովուրդը լաւ գիտի՝ ով, ով է, նա է միայն դատաւորը, ոչ թէ դուք»,- ասաց ընդդիմադիր պատգամաւորը։

Ըստ նրա, այս իշխանութեան վարած քաղաքականութիւնն աւելի աղէտաբեր հետեւանքներ է ունենալու եւ դա դեռ առջեւում է։

««Տանք Արցախը, որ փրկենք Հայաստանը» թէզով Արցախը հայաթափեցիք, հերթը հասաւ Հայաստանի թուրքացմանը։ Արցախը յանձնւեց եւ Հայաստանը ոչ միայն չի փրկւել, այլեւ յայտնւել է Ադրբեջանի դրած միւս վերջնագրերի կատարման պահանջի առջեւ։ Դրանք կան եւ առաւել յստակ կը դրսեւորւեն առաջիկայում եւ որոնք կը ներկայացւեն Հայաստանին հիմնականում հետեւեալ ուղղութիւններով՝

-Ադրբեջանի պայմաններով սահմանազատում եւ սահմանագծում, որով կորոշւեն, թէ ինչքան տարածք է մեզ հասնում,

-անկլաւների վերադարձ, որով կը վերահսկեն մեր միջպետական գլխաւոր ճանապարհները,

-մեր ինքնիշխանութեան էական սահմանափակումներով կապ Նախիջեւանի հետ,

-ադրբեջանցիների փախստականների վերադարձ մինչեւ 1988 թւականը իրենց կողմից զբաղեցրած բնակավայրեր։ Իհարկէ, ոչ հաւասարութեան սկզբունքով, այլ այս ընթացքում նրանց բնական աճն նկատի ունենալով,

-Հայաստանին ներկայացւող առնւազն 100 միլիարդ դոլարի ռեպառացիայի պահանջ՝ փոխհատուցելու Ադրբեջանի, այսպէս կոչւած կորուստները սկսած 1988 թւականից։

Սրանք առաջացնելու են լրջագոյն սպառնալիքներ ուղղւած մեր ինքնիշխանութեանը, տարածքային ամբողջականութեանը եւ որ չափազանց կարեւոր է դեմոգրաֆիական անվտանգութեանը»,- ասաց Ռուստամեանը։

Նա ընդգծեց, որ այս վարչախումբը սա ներկայացնելու է որպէս մեր կադաստրի թուղթը եւ որպէս կատարեալ խաղաղութիւն եւ անվտանգութիւն, սակայն որի երաշխաւորը, ցաւօք, լինելու են ոչ թէ մենք, այլ Ադրբեջանը։

«1988 թւականի սումգայիթեան ցեղասպանութիւնը մեր աւագ սերնդին սթափեցրեց եւ մղեց մեզ համախմբւելու եւ պաշտպանւելու, եւ մենք յաղթեցիքն այդ նոյն թշնամուն։ Հիմա, այս նոր ցեղասպանութիւնը, որ աւելի մասշտաբային էր, եթէ մեզ չսթափեցնի, կը կորցնենք ամէն ինչ»,- ասաց Արմէն Ռուստամեանը։

«Arfd.am»

Առնչւող Յօդւածներ

Back to top button