Ահազանգ. Ադրբեջանի «պատմական տարածքում» գտնւող յուշարձան է ներկայացւում «Զօրաց քարեր»-ը
«ԱԼԻՔ» – Ադրբեջանի «պատմական տարածքում» գտնւող յուշարձան է ներկայացւում «Զօրաց քարեր»-ը: Այս մասին ահազանգում է Monumentwatch.org կայքը:
«Վերջին շրջանում Ադրբեջանը նպատակային արշաւ է սկսել ՀՀ սուվերեն տարածքի դէմ եւ զանազան մշակութային միջոցառումներով փորձում է «լեգիտիմացնել» տարածքային նկրտումներն ու հայկական մշակութային ժառանգութեան իւրացման գործընթացին նոր ուղղութիւններ տալ՝ թիրախաւորելով նիւթական եւ ոչ նիւթական ժառանգութիւնը, պատմութիւնը, ինքնութիւնը։ Այդպիսի միջոցառում էր Բերձորում օգոստոսի 6-ին «Արեւմտեան Ադրբեջանի համայնք»-ի նախաձեռնած հաւաքը՝ «Սփիւռքի երիտասարդութեան հինգերորդ ամառային ճամբար»-ի շրջանակներում։ Յատուկ նպատակամիտւածութեամբ այս ճամբարը, որն ընթանում էր օգոստոսի 1-7-ն ընկած ժամանակահատւածում, իր շուրջն էր համախմբել աշխարհի 60 երկրների շուրջ 115 երիտասարդների: Միջոցառումը պետական նպատակամիտւածութեան է եւ քարոզում է Իլհամ Ալիեւի՝ հայկական տարածքների իւրացման քաղաքականութիւնը, որի վառ ապացոյցը Հէյդար Ալիեւի հիմնադրամի կողմից ֆինանսաւորումն էր եւ Ադրբեջանի Հանրապետութեան Սփիւռքի հետ աշխատանքի պետական կոմիտէի կողմից իրականացւող կազմակերպչական աշխատանքները, որի մասին նշւած է «Արեւմտեան Ադրբեջան» կոչւող համայնքի պաշտօնական կայքում։
Հանդիպման ընթացքում «Արեւմտեան Ադրբեջան համայնք» կազմակերպութեան անդամները ելոյթ են ունեցել ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ ադրբեջանական բացայայտ նկրտումների, «Արեւմտեան Ադրբեջան» կեղծ եզրոյթի մասին։ Յիշեցնենք, որ Ադրբեջանում «Արեւմտեան Ադրբեջան» ասելով նկատի ունեն ներկայիս Հայաստանի ողջ տարածքը։ Միջոցառմանը ելոյթ են ունեցել Գալիբ Գասիմովը, համայնքի աշխատակիցներ Սանան Ախմադը եւ Անար Իրզագուլուեւը, որոնց ելոյթներից անմասն չեն եղել ՀՀ տարածքի հանդէպ բացայայտ իւրացման հռետորաբանութիւնը։ Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաեւ գրքի շնորհանդէս։
Ցուցադրւել են նաեւ «Հայեացք Արեւմտեան Ադրբեջանին» վաւերագրական ֆիլմը, լուսանկարներ, որտեղ ՀՀ պատմական յուշարձանները ներկայացւած են որպէս «ադրբեջանական» հնագոյն ժառանգութիւն։
Ի թիւս արդէն իսկ ադրբեջանական հռչակւած Սեւանի, Սիւնիքի եւ Երեւանի, այս անգամ «Ադրբեջանի պատմական տարածքում գտնւող յուշարձան» է ներկայացւում նաեւ Սիսիանի տարածաշրջանում գտնւող «Զօրաց քարեր» պատմամշակութային յուշարձանը։
Յիշեցնենք, որ «Արեւմտեան Ադրբեջանի համայնքն»՝ «Ադրբեջանի փախստականների միութիւն» ՀԿ-ի վերափոխւած անունն է։ Արեւմտեան Ադրբեջան յօրինւածքի շուրջ ադրբեջանական քարոզչութիւնը նորութիւն չէ։ Դեռեւս 2022 թւականի դեկտեմբերի 29-ին, Ադրբեջանի Գիտութիւնների ակադեմիայի նախագահութեան որոշմամբ Ա․ Ա․ Բախիխանովի անւան Պատմութեան Ինստիտուտում ստեղծւել է «Արեւմտեան Ադրբեջանի պատմութեան», Ֆոլկլորի ինստիտուտում՝ «Արեւմտեան Ադրբեջանի ֆոլկլորի», իսկ Նասիմիի անւան Լեզւաբանութեան ինստիտուտում՝ «Արեւմտեան Ադրբեջանի տեղանւանագիտութեան» բաժինները:
Նշենք, որ այսպիսի միջոցառումները շարունակական բնոյթ են կրում, եւ նախորդը տեղի էր ունեցել Նախիջեւանում՝ յունիսի 21-ից 22-ը անցկացւած ազգագրական փառատօն-համագումարի շրջանակներում, որը կրում էր «Վերադարձ դէպի Արեւմտեան Ադրբեջան» խորագիրը։