Հեռախօսից, համակարգչից եւ հեռուստացոյցից երիտասարդների կախւածութիւնը մեծացնում է հասուն տարիքում սրտի նոպայի հաւանականութիւնը
Երիտասարդ տարիները հեռախօսի, համակարգչի եւ հեռուստացոյցի առաջ անցկացնելը կը նւազեցնի մինչեւ 60 տարեկան ապրելու հաւանականութիւնը, զգուշացնում է նոր հետազօտութիւնը, որի արդիւնքները հրապարակւել են Journal of General Internal Medicine-ում:
Հետազօտութեան տւեալները, որի ընթացքում աւելի քան 30 տարի հետեւել են 4000-ից աւելի երիտասարդների առողջութեանը, ցոյց են տւել, որ սրտի նոպայի հաւանականութիւնը բարձր է նրանց մօտ, ովքեր 20-ից քիչ բարձր տարիքում շատ ժամանակ են յատկացրել հեռուստացոյց դիտելուն: «Մեր արդիւնքները ցոյց են տալիս, որ ժամանակի քանակը, որ երիտասարդներն անցկացնում են էկրանների առջեւ, կարող է զգալի ազդեցութիւն ունենալ հետագայ կեանքում սրտի լուրջ հիւանդութիւնների զարգացման հաւանականութեան վրայ»,- ասում է հետազօտութեան ղեկավար, դոկտոր Ջէյսոն Նագատան:
Նոր տւեալները ստացւել են երիտասարդների մօտ կորոնար զարկերակների զարգացման վտանգի (CARDIA) բազմամեայ ուսումնասիրութեան շնորհիւ, որի ընթացքում տասնամեակներ շարունակ հետեւել են հազարաւոր մեծահասակների մօտ սրտի հիւանդութիւնների հաւանականութեանը: Հեռուստացոյցի առաջ անցկացրած իւրաքանչիւր լրացուցիչ ժամ, երբ մասնակիցները 23 տարեկան էին, կապւած է եղել սրտի հիւանդութեան զարգացման 26%-ով աւելի մեծ հաւանականութեան հետ:
Այն նաեւ կապւած է եղել սրտի նոպայի եւ/կամ կաթւածի հաւանականութեան 16%-ով բարձրացման հետ: Հետազօտութիւնը ցոյց է տւել, որ միջին տարիքում ամէն օր հեռուստացոյց դիտելու իւրաքանչիւր ժամն աւելացնում է սրտի կորոնար հիւանդութեան ռիսկը 55%-ով, կաթւածինը՝ 58%-ով եւ ընդհանուր սրտանօթային հիւանդութիւններինը՝ 32%-ով։
News.am