Ռուբէն Գալչեան. «Պատերազմը լինելու է. Ալիեւն ամբողջ Սիւնիքն ու Հայաստանն է ուզում»
Հոկտեմբերի 30-ին հայ-ադրբեջանական սահմանին կայացաւ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման յանձնաժողովների 5-րդ հանդիպումը, որի ընթացքում, ըստ պաշտօնական հաղորդագրութեան, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորեանի եւ ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆայեւի նախագահութեամբ երկու յանձնաժողովները նախնական համաձայնեցրել են յանձնաժողովների միջեւ նիստերի եւ համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման, նիստերի անցկացման աշխատակարգի տեքստը: Պայմանաւորւել են սկսել յանձնաժողովների համատեղ գործունէութեան վերաբերեալ կանոնակարգի նախագծի համաձայնեցման աշխատանքները, ինչպէս նաեւ համաձայնութեան են եկել ակտիւացնել յանձնաժողովների հանդիպումների անցկացումը:
168TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում քարտէզագիր Ռուբէն Գալչեանը, անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքներին, շեշտեց անկախ նրանից, թէ այս յանձնաժողովները քանի անգամ կը հանդիպեն, Հայաստանը պէտք է պնդի, որ որեւէ հարցով քննարկում տեղի պէտք է չունենայ, քանի դեռ ադրբեջանական զօրքը չի հեռացել Հայաստանի օկուպացրած տարածքներից։
«Ադրբեջանն օկուպացրել է Սեւ լճի տարածքը, գրաւել Շորժայի մեծ մասը, Ջերմուկում է առաջ եկել, ինչպէս նաեւ Գեղարքունիքի մարզում եւ այլ տարածքներում։ Եթէ ընդունենք, որ Ադրբեջանն այդ տեղում կանգնած սկսի Հայաստանի հետ սահմանագծում եւ սահմանազատում անել, դա նշանակում է, որ Հայաստանն ընդունում է, որ օկուպացւած տարածքն Ադրբեջանինն է։ Քանի դեռ Ադրբեջանի ղեկավար Ալիեւը չի յայտարարել, որ դուրս է գալիս Հայաստանի այն տարածքներից, որոնք օկուպացրել է 2021 թւականից յետոյ, Հայաստանի իշխանութիւնն իրաւունք չունի սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքներ կատարելուն համաձայնութիւն տալ»,- ասաց Ռուբէն Գալչեանը։
Քարտէզագրի խօսքով՝ երբ Ալիեւը հրաժարւում է յայտարարել, որ ճանաչում է Հայաստանի 29.800 քառակուսի կիլոմետր տարածքը, իսկ դրան հակառակ՝ Հայաստանի իշխանութեան ղեկավարը յայտարարում է Ադրբեջանի 86.600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականութիւնը ճանաչելու մասին, նշանակում է՝ դրանով Ալիեւի ձեռքը տալիս է խաղաթուղթ՝ Հայաստանից վերցւած տարածքներն իրենը համարելու համար: Մինչդեռ Ալիեւը չունի անգամ իրաւունք ոչ դրա, ոչ էլ Հայաստանից պահանջելու այդ «անկլաւներ» կոչւածները, քանի որ ներկայիս Ադրբեջանը Խորհրդային Միութեան իրաւայաջորդը չէ, իսկ անկլաւները Խորհրդային Միութեան օրօք են ձեւաւորւել։
«Անկլաւները տրւել են Ադրբեջանին 1936-1939 թւականներին. Խորհրդային Միութիւնը պարզապէս գծել եւ տւել է։ Չկայ արխիւային գէթ մէկ փաստաթուղթ, որն ապացուցի, որ Հայաստանը փաստաթղթով կողմ է եղել, որ այդ անկլաւները տրւեն Ադրբեջանին»,- ասաց Գալչեանը՝ շեշտելով՝ միջազգային իրաւունքի տեսակէտից եւս ապօրինի է Ադրբեջանի պահանջը Հայաստանից։
Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանութեան ղեկավարի այն յայտարարութեանը, որ պէտք չէ Տիգրանաշէնի կարեւորութիւնն այդքան ընդգծել, Ռուբէն Գալչեանը պատասխանեց՝ եթէ առանց նոր այլընտրանքային ճանապարհ կառուցելու՝ Տիգրանաշէնը տան Ադրբեջանին, ապա Հայաստանի կապն իր հարաւային սահմանի հետ կը կտրւի։
«Ադրբեջանը Տիգրանաշէնով չի բաւարարւելու։ Պէտք է ոչինչ չտանք Ադրբեջանին, հակառակ դէպքում ամբողջ Սիւնիքն է ուզելու։ Ի վերջոյ, պէտք է մի կէտում կանգնել Ադրբեջանի առջեւ։ Ինչ վերաբերում է նրան, որ Ադրբեջանի ուզածը չտանք, պատերազմ կը լինի, ապա դա լինելու է՝ ուզեն թէ չուզեն։ Ալիեւն ամբողջ Սիւնիքն է ուզում, եւ Հայաստանը պէտք է կանխի այդ ցանկութիւնները՝ այսօրւանից հրաժարւելով զիջել»,- ասաց Գալչեանը։