Տաւուշում բարձրացւել է թշնամու դրօշը
«ԱԼԻՔ» – Այսպէս կոչւած «սահմանազատման եւ սահմանագծման» անւան ներքոյ ընթացող ՀՀ հակազգային իշխանութիւնների զիջողական քաղաքականութեան արդիւնքում Ադրբեջանի դրօշը ծածանւել է ՀՀ ինքնիշխան տարածքում՝ Տաւուշի մարզում:
Լուսանկարը հրապարակել է Yerevan.today-ը՝ յիշեցնելով, որ այս պահին ադրբեջանական դրօշ է բարձրացւած նաեւ ՀՀ Սիւնիքի մարզում՝ թշնամու կողմից զաւթւած տարածքներում:
Ալիեւի օգնական. «Ադրբեջանը մտադիր է որոշել Հայաստանի հետ պետական սահմանը»
Ադրբեջանը մտադիր է որոշել Հայաստանի հետ պետական սահմանը: Ինչպէս հաղորդում են հայաստանեան ԶԼՄ-ները՝ վկայակոչելով ադրբեջանական լրատւամիջոցների՝ դրա մասին յայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը։
«Լաչին տանող ճանապարհը շատ մօտ է Հայաստանի հետ սահմանին։ Հաքարի գետի հակառակ կողմում տեսնում ենք Հայաստանի սիւներն ու դրօշները։ Ադրբեջանը մտադիր է որոշել Հայաստանի հետ պետական սահմանը»,- նշել է նա։
Հաջիեւը յաւելել է, թէ «խաղն աւարտւած է, հարաւկովկասեան տարածաշրջանում նոր իրողութիւններ են ի յայտ եկել»։ Նա խոստովանել է, որ Ադրբեջանի գլխաւոր նպատակը Լեռնային Ղարաբաղի բռնազաւթումն ու այնտեղից աւելի քան 100 հազար հայերի արտաքսումն էր, որը նա անւանել է «տարածքային ամբողջականութեան վերականգնում»։