Արտակ Զաքարեան. «Աշխարհը սպառազինւում է, իսկ սրանք, թշնամու քթի տակ, դեռ իրենց արագ քանդւող ասֆալտի ու սալայատակի գովքն են անում»
Արտակ Զաքարեանը «Ֆէյսբուք»-եան իր էջում գրում է․ «Ուկրաինական հակամարտութիւնը զգալիօրէն մեծացրել է վաճառւող զէնքի հոսքերն ամբողջ մոլորակում։ Ռազմական ծախսերի տպաւորիչ աճ է գրանցւել Եւրոպայում, յատկապէս նրա արեւելեան թեւում, որտեղ նկատելի է Ռուսաստանի ռազմական գործողութիւնների շարունակականութեան մտավախութիւնը:
Իրավիճակը բնականաբար ազդել է նաեւ ռազմական արդիւնաբերութեան վրայ: Լոնդոնի Դոկլենդսում տեղի ունեցած Defense & Security Equipment միջազգային ցուցահանդէսի ժամանակ (ռազմական տեխնիկայի աշխարհի ամենամեծ ցուցահանդէսներից մէկը), ըստ փորձագէտների՝ նկատելի էին ռազմարդիւնաբերական համալիրների ամբողջական վերադիրքաւորման ազդակները, որոնք փոխում են համաշխարհային սպառազինութեան արդիւնաբերութեան աշխարհաքաղաքականութիւնը: Աւելին, այն սկսւել է փոխւել Ուկրաինայում ռուսական յատուկ գործողութեան առաջին օրերից։
Իրավիճակի գնահատման ամենանշանակալի ցուցանիշը ողջ աշխարհում ռազմական ծախսերի տպաւորիչ աճն է։ 2022 թ.-ին դրանք հասել են «ռեկորդային մակարդակի»՝ 2, 24 տրիլիոն դոլարի, ինչը մէկ տարում աճել է 3,7%-ով (ըստ SIPRI-ի տարեկան զեկոյցի):
Եւրոպական երկրները, վերազինւում են աւելի արագ, քան միւսները։
Նրանց պաշտպանական ծախսերը 2022 թ. հասել են 480 միլիարդ դոլարի՝ 13%-ով աւելի, քան 2021թ.-ին: Ռուսաստանի գործողութիւններից առաջացած վախի ազդեցութեամբ, առաւել նկատելի աճ է գրանցւել արեւելեան թեւում, մասնաւորապէս 11%-ով Լեհաստանում, 12%-ով Շւեդիայում, 27%-ով Լիտւայում, 36%-ով Ֆինլանդիայում եւ այլն: Միեւնոյն ժամանակ զէնքի ներկրումը գրեթէ կրկնապատկւել է (+93%)՝ դէպի Ուկրաինա զանգւածային մատակարարումների արդիւնքում։
Ուկրաինական ճգնաժամը, կարելի է ասել՝ ստիպել է եւրոպական երկրներին առերեսւել բարձր ինտենսիւութեան հակամարտութեան հետ կապւած սեփական կարիքների բաւարարման հետ։
Երկրագնդի միւս կողմերում վերազինումը շարունակւում է՝ Տայւան կղզու շուրջ Միացեալ Նահանգների եւ Չինաստանի միջեւ լարւածութեան պատճառով: Չինաստանի ռազմական ծախսերը, որն արդէն ունէր աշխարհում ամենաբարձր պաշտպանական բիւջէն ԱՄՆ-ից յետոյ, աճել են՝ 2022 թ. հասնելով 292 միլիարդ դոլար (+4,2%)։ 2022 թ. Ճապոնիայի ռազմական ծախսերը հասել են 46 միլիարդ դոլարի, ինչն ամենաբարձր մակարդակն է 1960 թ. ի վեր։
Միացեալ Նահանգները շարունակում են մնալ զէնքի առաջատար արտադրող, ինչը 2022 թ. կազմել է մահացու արտադրանքի համաշխարհային արտահանման 40%-ը, մեծ մասամբ Կիեւ զանգւածային առաքումների շնորհիւ (ՌԴ ՌՀՕ-ի սկզբից ի վեր աւելի քան $44 մլրդ.): Այս առաւելութիւնը պայմանաւորւած է նաեւ եւրոպական գնումներով, որտեղ գնումների աւելի քան 60%-ն ամերիկեան սպառազինութիւն, տեխնիկա եւ սարքաւորումներ են։
Ամերիկեան ընկերութիւնները շարունակում են գերիշխել շուկայում. նրանցից 40-ը՝ զէնք արտադրող եւ ռազմական ծառայութիւններ մատուցող 100 առաջատարների թւում են:
Սպառազինութեան համաշխարհային շուկայում նաեւ նոր խաղացողներ են յայտնւում, որոնցից ամենաակտիւը Հարաւային Կորէան է։ 2022 թ.-ին Սէուլը միայն Լեհաստանի հետ աւելի քան 9 միլիարդ դոլար արժողութեամբ պայմանագիր է ստորագրել: Շուրջ տասը տարի է, ինչ հարաւկորէացիները զգալի գումարներ են ներդնում իրենց ռազմական արդիւնաբերութեան մէջ: Հիւսիսային Կորէայի հետ լարւածութեան պատճառով, նրանք գտնւում են «պատերազմական տնտեսութեան» ռեժիմում: Հարաւային Կորէայի առաւելութիւններից մէկն այն է, որ նրա արտադրած սպառազինութիւնը հիմնականում համատեղելի է նաեւ ՆԱՏՕ-ի համար օգտագործւող ԱՄՆ-ի զինատեսակների հետ:
Զէնքի շուկայի հիմնական խաղացողներից է նաեւ Իսրայէլը, յատկապէս կիբերանվտանգութեան եւ անօդաչու թռչող սարքերի ոլորտներում: Վերջին երկու տարիներին, Իսրայէլը նոյնպէս անսպասելի բեկում մտցրեց եւրոպական շուկայում, որն աւանդաբար պատկանում է ՆԱՏՕ-ի արդիւնաբերողներին: Արեւելեան Եւրոպայի երկրների հակաօդային պաշտպանութեան վերաբերեալ մտահոգութիւնների ֆոնին, 2022 թ.-ին Գերմանիան մեկնարկեց «European Sky Shield» ծաւալուն նախաձեռնութիւնը՝ միաւորելով տասնեօթ երկրների, այդ թւում՝ Մեծ Բրիտանիային եւ Բալթեան երկրներին: ԱԹՍ յարձակումներից մինչեւ բալիստիկ հրթիռների սպառնալիքներից պաշտպանւելու համար, վահանը կը ներառի մի շարք սարքեր, ներառեալ իսրայէլական «Arrow 3» համակարգը, որն աշխարհում առաջադէմներից մէկն է, եւ նախատեսւած է հեռահար հրթիռներ որսալու համար: Գործարքը կարժենայ շուրջ 4 միլիարդ եւրօ, որի առաջին 560 միլիոն եւրոանոց տրանշի համար Գերմանիայի խորհրդարանն արդէն քւէարկել է: 2022 թ. նոյեմբերին Ֆինլանդիան եւս յայտարարեց, որ Իսրայէլի հետ 317 միլիոն եւրոյի համաձայնագիր է ստորագրել «Դաւթի պարսատիկ» հակահրթիռային պաշտպանութեան համակարգը ձեռք բերելու համար: Թէ առաջիկայում իսրայէլա-պաղեստինեան վերսկսւած պատերազմն ինչպէս կը փոխւի Իսրայէլի ռազմարդիւնաբերութեան մատակարարումների ուղղութիւնը՝ դեռ պարզ չէ: Սակայն այն երկարաձգւելու պարագայում, բնականաբար Իսրայէլը նախապատւութիւնը կը տայ իր կարիքների բաւարարմանը:
Ուկրաինական հակամարտութեամբ առաջացած համաշխարհային լայնածաւալ վերազինման այս իրավիճակում Իրանը եւ Հիւսիսային Կորէան եւս կարողացան իրենց դրսեւորել Ռուսաստանի կարիքները բաւարարելու հարցում։ 1992-ից մինչեւ 2022 թ. Իրանը զէնք արտահանողների շարքում 38-րդն, իսկ 2022թ.-ին բարձրացաւ 16-րդ տեղը՝ հիմնականում անօդաչու սարքերի արտահանման շնորհիւ: Հիւսիսային Կորէան եւս համատեղելիութիւն ունեցող զինատեսակներ մատակարարեց Ռուսաստանին։
Չնայած, որ Ռուսաստանը պատմականօրէն երկրորդ տեղն է զբաղեցրել աշխարհում ռազմական տեխնիկա արտահանող երկրների ցանկում, այն այժմ ժամանակաւորապէս երրորդ տեղ զբաղեցնելու շեմին է։ Սառը պատերազմից ի վեր Միացեալ Նահանգները մենաշնորհել է համաշխարհային շուկայի 35-40%-ը, Ռուսաստանը՝ 20-25%-ը, իսկ Ֆրանսիան՝ 5-10%-ը։ Այժմ Ռուսաստանն ունի զէնքի արտահանման շուկայի մօտ 9% մասնաբաժինը:
Ֆրանսիան կարծես չի կարողանում վերականգնել իր դիրքերն Աֆրիկեան մայրցամաքում, որտեղ կորցրեց ինչպէս դիւանագիտական, այնպէս էլ ռազմական ազդեցութիւնը (քանի որ նրա զօրքերը ստիպւած էին լքել Սահէլը), չնայած Ռուսաստանի համար լարւած իրավիճակին: Այնուամենայնիւ, Փարիզը նոյնպէս պայքարում է եւրոպական շուկայում դիրքաւորւելու համար: Ներկայումս Ֆրանսիան, շահել է ամբողջ աշխարհում զէնքի վաճառքի աճից, որի արտահանումը 2018-2022 թթ. աճել է 44%-ով: Սակայն, Ուկրաինայում հակամարտութեան բռնկմամբ բացւած շուկաները նւաճելիս Ֆրանսիան յետ է մնում։ Ոլորտի շատ մասնագէտներ կարծում են, որ այդ դժւարութիւնները պայմանաւորւած են դիւանագիտական յարաբերութիւնների խճճւածութեամբ, ռազմական գնումների հետ կապւած վարչական բիւրոկրատիայի եւ տեխնոլոգիաներ փոխանցելու ընդհանուր դժկամութեամբ: Մինչ Վաշինգտոնն ու Լոնդոնը մրցակցում են ուկրաինական շուկայում, Փարիզը փորձում է գրաւել այնպիսի երկրների շուկաներ, ինչպիսիք են Հայաստանը, Ղազախստանը եւ նոյնիսկ Ուզբեկստանը։
Պարզ է, որ ուկրաինական ճգնաժամի արդիւնքում վերսկսւած սպառազինութիւնների մրցավազքը չի կարող անվերջ ֆինանսաւորւել, նոյնիսկ եթէ երկրները դա հրապարակաւ չասեն։
Պարտքի պատն աշխարհում դառնում է իրականութիւն: Այսօր պետութիւնները պայքարում են բարձր պարտքի, կրթութեան, սոցիալական եւ առողջապահութեան հրատապ մարտահրաւէրների, ինչպէս նաեւ բնապահպանական խնդիրների վերաբերեալ հասարակութեան մտահոգութիւնների դէմ: Այդ պատճառով էլ ԱՄՆ-ում 2024 թ. ռազմական բիւջէի ընդունումը բուռն քննարկումների տեղիք է տալիս՝ հարցականի տակ դնելով Ուկրաինային եւ Իսրայէլին ԱՄՆ ռազմական աջակցութիւնը:
Աշխարհում ստեղծւած այս իրավիճակում, Հայաստանի ռազմական կարիքների բաւարարումն ու բանակի մարտունակութեան բարձրացումը դառնում է դժւար լուծելի գերխնդիր: Թէ որքանով են կարողանում ՀՀ կառավարիչները լուծել զէնքի ձեռքբերման խնդիրը՝ ցաւօք տեսնում ենք: Աշխարհը սպառազինւում է, իսկ սրանք, թշնամու քթի տակ, դեռ իրենց արագ քանդւող ասֆալտի ու սալայատակի գովքն են անում»: