Հայաստան - Արցախ

Ալիեւի հետ երկկողմ բանակցութիւնը վտանգաւոր է, լինելու է պարտւողի ու յաղթողի խօսակցութիւն

Իլհամ Ալիեւի թիւ մէկ նպատակն է ՀՀ-ի հետ երկկողմ բանակցութիւններ վարել, եւ ինչ-որ տեղ փակուղում յայտնւած բանակցութիւնները տեղափոխել իր առաջարկած դաշտ։ Այս մասին դեկտեմբերի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Ռուստամեանը։

Նրա համոզմամբ՝ Ալիեւի նկատմամբ ճնշումներ են գործադրւում այն մասով, որ վերջինս հրաժարւում է արեւմտեան հարթակներում բանակցութիւններ անցկացնելուց. «Ադրբեջանը դրան որեւէ յօդաբաշխ բացատրութիւն չէր կարողանում տալ: Վերջերս մենք նաեւ ԵԽ-ում ենք դրա մասին քննարկում ունեցել: Հիմա Ադրբեջանը փորձում է մեղմել իր նկատմամբ ճնշումները: Երկրորդը, ես վստահ եմ, որ փորձում է ասել, որ ճիշտ է երկկողմ ձեւաչափով բանակցելը: Սրանով Ալիեւն ասում է՝ տեսէք, որ երկկողմ բանակցում ենք, ինչպիսի դրական արդիւնքներ են լինում: Սա կարող է տանել խաղաղութեան պայմանագրի ամբողջացմանը, եւ բանակցութիւնների տեղափոխմանը երկկողմ ձեւաչափի դաշտ»,- ասաց նա:

Ըստ ընդդիմադիր պատգամաւորի, սակայն, երկկողմ բանակցութիւնները վտանգաւոր է, լինելու է պարտւողի եւ յաղթողի խօսակցութիւն. «Երկրորդը, ի՞նչ է նշանակում երկկողմ ձեւաչափով հարցեր լուծել, դա նշանակում է, որ հարց չի մնացել լուծելու: Ե՞րբ է առաջանում միջնորդների անհրաժեշտութիւն, երբ կողմերը ունենում են չհամաձայնեցւած դիրքորոշումներ, եւ դրանց համապատասխանեցումը կատարւում է միջնորդների մասնակցութեամբ: Նրանք տալիս են հնարաւորութիւն, որ այն, ինչ արդէն ձեռք է բերւել երաշխաւորւի: Այստեղ նաեւ միջազգային երաշխաւորների հարցն է կորում»,- ասաց Ռուստամեանը:

Եթէ ամէն ինչ շուտափոյթ է տեղի ունենում եւ չճշտւած հարցեր կան, դա նշանակում է՝ Հայաստանը միակողմանի զիջել է, որովհետեւ Ադրբեջանի կողմից որեւէ զիջման մասին որեւէ յայտարարութիւն ես չեմ լսել. նման կարծիք յայտնեց Արմէն Ռուստամեանը։

«Նիկոլ Փաշինեանը խօսում է 29800 քկմ.-ի մասին, բայց դա ֆիքսւո՞ւմ է Ադրբեջանի կողմից, թէ ոչ: Ադրբեջանի կողմից նման յայտարարութիւն չի եղել, եւ ես չեմ էլ տեսնում, որ կարող է լինել:

Այս պարագայում Հայաստանը պէտք է բնական հարցեր առաջադրի, նախ պէտք է ասի՝ բանակցութիւններ կարող են տեղի ունենալ սկսած այն պահից, երբ որ իմ տարածքներից դուրս կը բերւեն Ադրբեջանի զօրքերը: Ի՞նչ ես դու բանակցում, երբ ինքը կարող է դա ֆիքսի, ասելով՝ ես լաւ էլ ճիշտ տեղում կանգնած եմ: Մենք յայտարարում ենք, որ 200 քկմ. տարածքի կորուստ ունենք, ու այդ պայմաններում գնում ենք ինչի՞ մասին բանակցենք: Կամ պէտք է որպէս առաջին քայլ լինի այդ 200 քկմ.-ի ազատագրում, որից յետոյ սկսենք խօսել միւս բոլոր հարցերի մասին, կամ եթէ դա չենք անում, գնում ենք խօսելու Ադրբեջանի պայմաններով»,-ասաց նա:

Ադրբեջանը տարբեր հնարաւորութիւններ օգտագործում են ասելու համար, որ Ղարաբաղի հարցը փակւած է, որովհետեւ գիտեն, որ փակւած չէ,-ասաց Արմէն Ռուստամեանը։

Հարցին՝ արդեօք մօտ ապագայում խաղաղութեան պայմանագրի ստորագրում կանխատեսելի է, նա պատասխանեց. «Ինչ-որ անորոշ ձեւակերպումներով դա չեմ բացառում: Որ լինեն անորոշ ձեւակերպումներ, որ երկու կողմն էլ համարեն, որ շատ լուրջ նւաճում ունեն, բայց յետոյ ամէն մէկը մեկնաբանի իւրովի: Դա այն է, ինչ Ադրբեջանին է պէտք, որովհետեւ Ադրբեջանին ձեռնտու չէ այսօր ֆիքսել 29.800 քկմ. Հայաստան՝ իր յստակ սահմաններով: Նա դա չի ուզում անել, որովհետեւ հնարաւորութիւն ունի այսպէս անընդհատ առաջ գալով իր դիրքերը դնել, ինչո՞ւ պէտք է այդ շանսը կորցնի:

Դիմացը թուլացած բանակցող ունի եւ իր՝ ուժի դիրքից խօսելը, դա իրականացնելը դեռ չի պատժւել աշխարհի կողմից: Ախորժակը ուտելու ժամանակ է բացւում եւ նա շարունակելու է այս նոյն տրամաբանութեամբ առաջնորդւել»,- ասաց նա:

Arfd.am

Related Articles

Back to top button