Դաշնակցական ԲեմՀայաստան - Արցախ

Յայտարարութիւն

Շաբաթներ է անցել Արցախի Հանրապետութեան բռնի հայաթափումից, մինչդեռ ՀՀ գործող իշխանութիւնները ոչ միայն միլիարդաւոր դրամներ արժեցող տօնական պատրաստութիւն են տեսնում՝ փորձելով ստեղծել տպաւորութիւն, թէ արտասովոր ոչինչ չի եղել, այլեւ կատաղի կերպով պայքարում են ՀՀ-ում Արցախի Հանրապետութեան պետական ինստիտուտների գործունէութեան դէմ։

Հաշւի չնստելով կրած կորուստների ծանրութեան հետ, արհամարելով գերիների՝ Բաքւի բանտերում գտնւելու հանգամանքը, նրանց հայրենիք վերադարձնելու ուղղութեամբ քայլեր ձեռնարկելու եւ ապրումակցման փոքր-ինչ մօտեցումներ որդեգրելու փոխարէն, իշխանութիւնները փորձում են երկրով մէկ տօնական մթնոլորտ ստեղծել։

Արհեստականօրէն հասարակութեանը հրամցւող եւ աշխարհին ցուցադրւող տօնական տրամադրութիւնները հակաբարոյական հերթական քայլն է արեան, պարտութեան եւ կորուստների խորհրդանիշ հայաստանեան իշխանութեան կողմից։

Այս փուլում հակաբարոյական, հակազգային եւ հակապետական մօտեցումների մատնանշումից զատ, կարեւոր է արձանագրել խոշոր գումարների նպատակադրւած դուրսգրման եւ մսխման հանգամանքը՝ բռնի տեղահանւած մեր հայրենակիցների սոցիալական խնդիրները լուծելու, նրանց համար արժանավայել պայմաններ ապահովելու, մայր հայրենիքում պահելու եւ երկրի պաշտպանունակութեան բարձրացման ուղղութեամբ կենսական քայլեր ձեռնարկելու փոխարէն։

ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութիւն
23.12.2023 թ.
ք. Երեւան

Related Articles

Back to top button