Հայաստան - Արցախ

«5-րդ շարասեան» մասին լրտեսութեան յօդւածով ընդամէնը մէկ քրէական գործ է յարուցւել

Պաշտպանութեան նախարար Սուրէն Պապիկեանը ԱԺ ամբիոնից հրապարակային խոստացաւ դեկտեմբերի 24-ին ինձ անակնկալ մատուցել։ Չգիտեմ ինչ էր պատրաստւում անել հէնց այդ օրը, սակայն դեկտեմբերի 22-ին ՊՆ-ից ստացած հարցմանս պատասխանը պակաս զարմացական չէ:

Դեռ դեկտեմբերի 4-ին նրան ուղղւած գրաւոր հարցում էի ուղարկել, որ պարզեմ, թէ 2023 թւականի նոյեմբերի 24-ի մամուլի ասուլիսում Փաշինեանի յայտարարութիւնը, որ «այսօր բանակում ազատւել ենք 5-րդ շարասիւնից», ինչպէս է արտայայտւել ՀՀ Զինւած ուժերում։ Պապիկեանին ուղղել էի ընդհանուր վեց հարց։ Դրանց պատասխանելու համար օրէնքով նախատեսւած 5 օրւայ փոխարէն Պապիկեանից պահանջւել է քսան օր, իսկ արդիւնքում ստացել եմ մէկ նախադասութեամբ պատասխան՝ «ՀՀ Պաշտպանութեան նախարարութիւնն այլ պարզաբանումներ, քան տրւել է ՀՀ վարչապետի կողմից՝ չունի»: Քսան օր լռել, որ վերջում յայտարարել, թէ շէֆն ամէն դէպքում ճիշտ է, առաւել քան տարօրինակ է։

Ուշագրաւ է, որ գլխաւոր դատախազութիւնը նոյն «5-րդ շարասեան» մասին հարցմանս, թէ Նիկոլ Փաշինեանի բացատրած այլ պետութիւնների շահերին ծառայելու, ասել է թէ՝ լրտեսութեան յօդւածով քանի քրէական գործ է յարուցւել 2021-2023 թւականներին, աւելի յստակ էր պատասխանել՝ ընդամէնը մէկ քրէական գործ է յարուցւել։ Ընդամէնը ՄԷԿ քրէական գործ։

Պաշտպանութեան նախարարութիւնը դժւարին կացութեան մէջ է՝ փաշինեանական անպատասխանատու յայտարարութեանը ստիպւած էր կոնկրետ, փաստերով, ձեւակերպումներով պատասխան տալ, որը բնականաբար չի կարողացել։ Սակայն խօսք կայ՝ խօսքը տղամարդու շուրթերից է ելնում։ Հետեւաբար, անպատասխանատու խօսքի համար նաեւ պատասխան են տալիս։ Ամէն դէպքում այսօր (դեկտեմբերի 25-ԽՄԲ.) կրկնակի հարցում եմ ուղարկելու Պապիկեանին ու ակնկալելու եմ ստանալ բոլոր 6 հարցի թւագրւած, կոնկրետ պատասխաններ, ինչպէս եւ պահանջում է ՀՀ օրէնսդրութիւնը:

Կողմնորոշւէք, պարոնա՛յք, քանի որ փաշինեանական անպատասխանատու յայտարարութիւններով մեր երկրի ազգային անվտանգութիւնը, Զինւած ուժերն են, որ վտանգի տակ են յայտնւում, հեղինակազրկւում։

Գեղամ Մանուկեան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր

Related Articles

Back to top button