ԻրանՄիջազգային

«Զանգելանը՝ Իրանի սահմանները հսկելու համար Իսրայէլի կարեւոր յենակէտն է»

Բրենդա Շեֆերի սանձից արձակւելու հերթական դրւագը

«ԱԼԻՔ» – Արցախահայութեանը բռնի տեղահանութեան ենթարկող Իլհամ Ալիեւի մօտ որպէս էթնիկական հարցերով աւագ խորհրդական աշխատող եւ «ադրբեջանական ինքնութիւն» շինծու փաստի հեղինակ Բրենդա Շեֆերն իր հերթական սադրիչ յայտարարութիւնն է արել:

«Մուսադ»-ի բարձրաստիճան սպան Զանգելանի օդանաւակայանից հրապարակած լուսանկարի հետ միասին X-ում գրառում է տեղադրել, որտեղ յատուկ կարեւորելով իրանական սահմանին այս օդանաւակայանի մօտ լինելու փաստը, նշել է. «Հիանալի էր լինել Ադրբեջանի Զանգելանում։ Սա իսկապէս ռազմավարական նշանակութեամբ քաղաք է՝ Իրանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միացման կէտում: Իսկ Թուրքիայի սահմանը 40 կմ. հեռաւորութեան վրայ է»,- նշել է բացայայտւած գործակալը՝ չյիշատակելով Նախիջեւան երեւոյթի անունը:

Գրառման շարունակութեան մէջ նշումներ կան այն մասին, որ իբր Զանգելանը 27 տարի օկուպացւած էր Հայաստանի կողմից, որից յետոյ նա դարձեալ յիշատակում է օդանաւակայանի մասին, ինչը ռազմական փորձագէտների խօսքով՝ աւելի շատ ռազմաօդային ուժերի ռազմաբազայի է նման քան քաղաքացիական նշանակութեան օդանաւակայանի։ «Ադրբեջանցի փախստականներն այժմ վերադարձել են Զանգելան եւ վերականգնում են իրենց կեանքը։ Այս քաղաքն ունի ժամանակակից օդանաւակայան։ Օդանաւակայանից բացւում է գեղեցիկ տեսարան դէպի հարեւան Իրանի լեռները»,- նշել է նա։

Դոկտ. Էհսան Մովահեդեանը ԱԳՆ-ի եւ ԶՈՒ-ի ուշադրութեանը յանձնելով սիոնիստ գործակալի աշխուժացման փաստը նշել է, որ Հայաստանի օկուպացիայի մասին Բրենդա Շեֆերի տւած ծածկագրերը, Բաքւի փախստականների (նկատի ունի սիոնիստ լրտեսներին) վերադարձի կարեւորութիւնը Զանգելան, կամ ռազմական օդանաւակայանի փաստը, առնւազն պէտք է անհանգստացնեն մեր անվտանգային համապատասխան մարմիններին։

Տարաբնոյթ դէպքերի ու յայտարարութիւնների միացման կէտը, յատկապէս տարածաշրջանին կապւող իրադարձութիւնների առումներով, Իսրայէլի սանձարձակ քաղաքականութեան արդիւնքում տարածաշրջանին հաղորդւող անկայունութիւնն է: Այդ առումով ուշագրաւ յայտարարութիւն է արել թուրք մտաւորականներից մէկը նշելով, որ Գազայից յետոյ Իսրայէլը կը զբաղւի Թուրքիայի հարցերով:

Թուրքիայի Ղունիէյի արւեստագէտների միութեան եւ մշակութային համայնքի ղեկավար Իւսէֆ Քոչուկդաղը նման յայտարարութեամբ հանդէս գալով նշել է, որ Թուրքիան Իսրայէլի յաջորդ թիրախն է լինելու եւ յաւելել. «Իր երկար պատմութեան ընթացքում մարդկութիւնը բազմիցս է յայտնւել աւերածութիւնների ու պատերազմի թատերաբեմերում, իսկ այսօր տեղի է ունենում այնպիսի աւերածութիւններ, որն աննախադէպ է պատմութեան առումով»:

Թուրք պրոֆեսորը վերջում յաւելել է. «Սա պատերազմ չէ, սա ցեղասպանութիւն է։ Ռազմական յանցագործութիւն»: Դոկտ. Մովահեդեանն իր տելեգրամեան ալիքում նոյնութեամբ հրապարակելով թուրք մտաւորականի գրառումը նշել է. «Հարկ է յիշեցնել այս թուրք մտաւորականին, որ 20-րդ դարասկզբին աշխարհն ականատեսն էր Հայոց Ցեղասպանութեանը եւ դրանից յետոյ շարունակւող Թուրքիայի այլ յանցագործութիւններին»։

Related Articles

Back to top button