Հայաստան - Արցախ

Ադրբեջանի հետ պայմանագրի տեքստում Հայաստանի 29.800 քառ.կմ. տարածքի մասին որեւէ կէտ չկայ

Քերմանում տեղի ունեցած ահաբեկչութեան կապակցութեամբ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանութիւնում յունւարի 5-ին բացւեց սգոյ մատեան։ Հարեւան եւ բարեկամ Իրանի ժողովրդին ցաւակցելու էին եկել նաեւ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորները: Սգոյ մատեանում գրառում արեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը։

«Իրանը մեր բարեկամ երկիրն է եւ դատապարտելի է ցանկացած ահաբեկչութիւն․ յոյս ունենք, որ մեր բարեկամ Իրանը պատւով կը յաղթահարի այս դժւարութիւնը»,-լրագրողների հետ զրոյցում ասաց Իշխան Սաղաթէլեանը։

Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցւող «խաղաղութեան պայմանագիր» փաստաթղթին՝ Իշխան Սաղաթէլեանն ասաց, որ փաստաթուղթը Բաքւի սպառնալիքի տակ է պատրաստւած՝ այն, ըստ էութեան, նոր յարձակումներ է նախապատրաստում Հայաստանի նկատմամբ:

«Խնդրում եմ այդ փաստաթուղթը չանւանել «խաղաղութեան», քանի որ խաղաղութեան հետ այն որեւէ առնչութիւն չունի։ Դա Ադրբեջանի պայմաններով, Ադրբեջանի ուժի սպառնալիքի տակ ինչ-որ փաստաթղթի նախագիծ է։ Դրանից Հայաստանը որեւէ բան ձեռք չի բերում, մեզ համար դրական կէտ չկայ։ Ընդամէնն Ադրբեջանը մինչ այս ագրեսիայի հետեւանքով ձեռք բերածն ամրագրում է եւ, ըստ էութեան, պատրաստում է նոր յարձակումներ Հայաստանի նկատմամբ։ Մենք ծանօթ ենք այդ փաստաթղթին, այն Հայաստանի համար նոր կապիտուլիացիայի փաստաթուղթ է»,- նշել է Սաղաթէլեանը։

Ըստ նրա՝ պայմանագիրը ստորագրելու պահին ադրբեջանական զօրքերը շարունակելու են մնալ ՀՀ տարածքում, սահմանազատում եւ սահմանագծում տեղի չի ունենալու, դա արւելու է ապագայում, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութիւնն էլ կը շարունակի մնալ Բաքւի բանտում։

«Հիմա դա խաղաղութեան մասի՞ն է, թէ ոչ։ Այդ փաստաթղթով Հայաստանին ոչ մի դրական բան չի տրւելու»,- շեշտել է Սաղաթէլեանը՝ պնդելով՝ քանի դեռ գործող իշխանութիւնները կան, որեւէ լաւ բան սպասել պէտք չէ։

«Սրանք պարզապէս ի վիճակի չեն եւ չեն էլ ուզում, թուրք-ադրբեջանական տանդեմի խամաճիկ կառավարութիւն են եւ վաղուց հեռացել են Հայաստանի տարածքային ամբողջականութիւնն ու ինքնիշխանութիւնը պաշտպանելու մտքից։ Սրանք քաղաքական մի գիծ ունեն՝ տանք՝ ինչը հնարաւոր է՝ փոխարէնը ոչինչ չստանալով»,- ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը՝ նկատելով՝ բոլոր այն պնդումները, թէ Արցախը տանք՝ Հայաստանը կը փրկւի, սխալ են, պայմանագրի նախագծով, ըստ նրա, յստակ է` Հայաստանը չի փրկւում դրանով։

Նրա խօսքով՝ պայմանագրի նախագծում որեւէ բառ չկայ Ադրբեջանի կողմից Հայաստանի՝ 29.800 քառակուսի կիլոմետր տարածքը ճանաչելու մասին։

«Յստակ է նաեւ Հաջիեւի վերջին յայտարարութիւնից, որ Ադրբեջանը կրկին վերադարձել է միջանցքային խօսակցութեանը, եւ այստեղ շատ կարեւոր ենք համարում Իրանի շատ յստակ ու սկզբունքային կեցւածքը, որն արտայայտել են։ Հաւատացած ենք, որ այդ յայտարարութիւնների տակ կայ նաեւ յստակ աշխատանք, եւ Իրանը, իրականում, որպէս բարեկամ եւ դաշնակից երկիր, շահագրգռւած է Հայաստանի տարածքային ամբողջականութեան պահպանմամբ»,- նշել է Սաղաթէլեանը։

Arfd.am

Related Articles

Back to top button