ՄիջազգայինՔաղաքական

Մերձաւոր Արեւելքի 2023-ը

Աւարտւող 2023թ. բաւականին բարդ տարի էր նաեւ Մերձաւոր Արեւելքի (ՄԱ) համար։ 2022-ի սկզբին ուկրաինական պատերազմով մեկնարկած աշխարհակարգի փոփոխութեան գործընթացը, ինչպէս եւ կանխատեսւում էր, չշրջանցեց նաեւ այս տարածաշրջանը։ Հակառակը, ինչպէս աշխարհաքաղաքական, այնպէս էլ ռազմական եւ անվտանգային լրջագոյն գործընթացների պատճառ դարձաւ՝ էականօրէն փոխելով տարածաշրջանի ռազմաքաղաքական եւ անվտանգային միջավայրերը։

Ռազմավարական-դիւանագիտական դիրքային մանեւրներից, աշխարհաքաղաքական հիմքով ներքաղաքական գործընթացներից մինչեւ աղէտալի պատերազմ, հումանիտար լրջագոյն ճգնաժամ… Եթէ հակիրճ, ապա այդպիսին էր 2023թ. ՄԱ-ի համար։ Զարգացումներ, որոնցից շատերը մեկնարկելով աւարտւող տարում՝ վստահաբար շարունակւելու են նաեւ 2024թ.՝ անկանխատեսելի դարձնելով մերօրեայ աշխարհի ամենապայթիւնավտանգ տարածաշրջանի բնականոն կեանքը։

Հարկ է ընդգծել, ինչպէս արդէն վերեւում է նշւել, քանի որ 2023-ին ՄԱ-ում տեղ գտած զարգացումների առանցքում եւս աշխարհաքաղաքական գործօնն է, ուստի եւ դրանց զգալի մասը տարածաշրջանային բազմաշերտ մրցակցութեան հարթութիւնում էին՝ ուղիղ առնչութիւն ունենալով տարածաշրջանային խորքային հակամարտային-մրցակցային յարաբերութիւնների ձեւաչափերի հետ, ինչպէս, օրինակ՝ Իսրայէլ-Իրան հակամարտութիւնը, Իրան-Սաուդական Արաբիա, Իրան-Թուրքիա մրցակցութիւնը, պաղեստինա-իսրայէլական հիմնախնդիրը եւ այլն։ 

Իսրայէլի ռազմավարական դիրքերի ամրապնդումն Իրանի սահմանին

Իսրայէլ-Իրան հակամարտութեան տիրոյթում Թել Աւիւի կողմից ռազմավարական տեսանկիւնից լաւագոյնս օգտագործւեց Թեհրան-Բաքու յարաբերութիւններում առաջացած ճգնաժամը։ Այն իր գագաթնակէտին հասաւ 2023թ. յունւարի 27-ին Թեհրանում ադրբեջանական դեսպանատան դէմ իրականացւած յարձակման պատճառով, որի հետեւանքով սպանւել էր ներկայացուցչութեան անվտանգութեան ղեկավարը։ Միջադէպի հարցում մեղադրելով ԻԻՀ իշխանութիւններին՝ Ադրբեջանը փակեց դեսպանատունը եւ դուրս բերեց դիւանագիտական անձնակազմն Իրանից։

Շուրջ 8 ամիս տեւած ադրբեջանա-իրանական լարւածութեան ընթացքում Թել Աւիւն Արեւմուտքի քաջալերմամբ ձգտում էր համակողմանիօրէն խորացնել Բաքւի հետ յարաբերութիւնները՝ ամրապնդելով սեփական ռազմավարական դիրքերն իր հակառակորդի հիւսիսարեւմտեան սահմանին։ Որպէս այս գործընթացի բարձրակէտ կարելի է դիտարկել Ադրբեջանի կողմից Թել Աւիւում դեսպանութեան բացումը եւ Մուխթար Մամեդովին այդ երկրում առաջին ռեզիդենտ դեսպանի նշանակումը։ Դրա հետեւանքով Ադրբեջանը դարձաւ շիայական մեծամասնութեամբ բնակչութիւն ունեցող առաջին երկիրը, որը դիւանագիտական ներկայացուցչութիւն ունի Իսրայէլում։ Հարկ է նշել, որ Իսրայէլի հետ Ադրբեջանի յարաբերութիւնների խորացման եւ յատկապէս սեփական սահմանին իսրայէլական ներկայութեան խնդիրը մշտապէս ամենազգայուն հարցերից է եղել շիայական Իրանի եւ նրա հարեւանների հետ յարաբերութիւններում։

Ադրբեջանա-իրանական լարւածութեան ողջ ընթացքում, յատկապէս՝ Թել Աւիւի ակտիւ նախաձեռնողականութեան ընթացքում արձանագրւեց աննախադէպ ակտիւութիւն Իսրայէլ-Ադրբեջան յարաբերութիւններում, որը դրսեւորւեց մասնաւորապէս բարձրաստիճան պաշտօնեաների փոխայցելութիւնների, փաստաթղթային ամրագրում ստացած նոր պայմանաւորւածութիւնների ձեռքբերման տեսքով։

Մասնաւորապէս նշւած ժամանակահատւածում տեղի ունեցան երկու երկրների ԱԳ նախարարների փոխայցելութիւններ, Իսրայէլի էկոնոմիկայի նախարարի եւ նախագահ Իսհակ Հերցոկի պետական այցն Ադրբեջան։ Տեղի ունեցած բոլոր մակարդակների բանակցութիւններում առնւազն հռետորաբանական-քարոզչական մակարդակում անթաքոյց կերպով ընդգծւում էր երկկողմ յարաբերութիւնների խորացման կարեւորումն «Իրանից բխող ընդհանուր սպառնալիքը լաւագոյնս չէզոքացնելու նպատակով»: Եւ չնայած ապրիլ ամսից բացառապէս իրանական կողմի նախաձեռնութեամբ սկսւած փուլ առ փուլ բաւականաչափ դանդաղընթաց տեմպով Իրան-Ադրբեջան կարգաւորման գործընթացին՝ այնուամենայնիւ, վերջինն Իսրայէլ-Ադրբեջան չփաստաթղթաւորւած, բայց ռազմավարական բնոյթի համագործակցութեան խորացման վրայ որեւէ ազդեցութիւն ունենալ չի կարողանում, թէպէտ նման նպատակ հետապնդում է։ 

ԻրանՍաուդական Արաբիա յարաբերութիւնների կարգաւորումը

2023թ. մարտի 10-ին Պեկինում անակնկալ կերպով յայտարարւեց Սաուդական Արաբիայի (ՍԱ) եւ Իրանի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման գործընթացի մեկնարկի մասին։ Չինաստանի միջնորդութեամբ տեղի ունեցած քառօրեայ գաղտնի բարդ բանակցութիւնների արդիւնքում Պեկինը, Ալ Ռիադը եւ Թեհրանը հանդէս եկան եռակողմ համատեղ յայտարարութեամբ՝ ՍԱ եւ Իրանի միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների վերականգնման եւ յաջորդող 2 ամիսների ընթացքում դեսպանատների վերաբացման մասին։ Փատաթղթում նաեւ ընդգծւել էր, որ կողմերը հաստատել են իրենց յարգանքը երկու երկրների ինքնիշխանութեան եւ միմեանց ներքին գործերին չմիջամտելու պատրաստակամութիւնը։ Վերջինը չափազանց կարեւոր դրոյթ է՝ հաշւի առնելով երկկողմ յարաբերութիւնների ամբողջ բովանդակութեան որոշ առանձնայատկութիւններ։

Հարկ է յիշեցնել, որ իսլամի հակոտնեայ՝ սուննիական եւ շիայական «ճամբարները առաջնորդողների» միջեւ լարւածութիւնը գագաթնակէտին էր հասել 2016թ.՝ նաեւ տարածաշրջանային մի շարք հակամարտութիւնների խորացմանը զուգահեռ։

Յիրաւի, տարաբնոյթ փորձագիտական-վերլուծական շրջանակների կողմից այս գործընթացը գնահատւեց որպէս «մերձաւորարեւելեան սառը պատերազմի» աւարտ՝ հաշւի առնելով Ալ Ռիադի ու Թեհրանի ուղիղ եւ վճռորոշ ներգրաււածութիւնը միաժամանակ մերձաւորարեւելեան մի քանի հիմնախնդիրներում։

Այս գործընթացի առանցքային գործօններից է միջնորդական դերակատարումը։ Ուշագրաւ է, որ դեռեւս 2021թ. ապրիլին Իրաքի նախկին վարչապետ Մուստաֆա ալ Քազիմիի անմիջական նախաձեռնութեամբ էր մեկնարկել Ալ Ռիադ-Թեհրան կարգաւորման գործընթացը, որի արդիւնքում յաջորդ 1.5 տարւայ ընթացքում Բաղդադում տեղի էր ունեցել բանակցութիւնների 5 փուլ։ Մինչդեռ կարգաւորման հանգուցալուծումը տեղի ունեցաւ հէնց Չինաստանի միջնորդութեամբ, ինչը ներկայ աշխարհաքաղաքական իրողութիւնների ուղղակի հետեւանք է. հակամարտում են Արեւմուտքն ու Ռուսաստանը, դրանից օգտւում է Չինաստանը։

Գործընթացի շարունակականութեան արդիւնքում յունիս-օգոստոս ամիսներին փոխադարձաբար վերաբացւեցին դեսպանատները Ալ Ռիադում եւ Թեհրանում, գլխաւոր հիւպատոսութիւնները՝ Ջեդդայում եւ Մաշհադում, նշանակւեցին նոր դեսպաններն ու հիւպատոսները, երկրների ԱԳ նախարարների, ղեկավարների մակարդակով տեղի ունեցան մի շարք կարեւոր հեռախօսազրոյցներ, փոխայցելութիւններ. այդ թւում՝ ԻՀԿ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով նոյեմբերի 11-ին Ալ Ռիադ էր մեկնել Իրանի նախագահ Էբրահիմ Ռէյիսին։

Որպէս այս գործընթացի ուղղակի շօշափելի արդիւնք կողմերի համար կարելի է դիտարկել նաեւ օգոստոսի 22-24-ը Եօհաննէսբուրգում ՀԱՀ նախագահութեամբ անցկացւած BRICS-ի գագաթնաժողովին կազմակերպութեան ընդլայնման մասին որոշման կայացումը, որի արդիւնքում կառոյցին անդամակցած 6 նոր անդամներից երկուսը ՍԱ-ն եւ Իրանն էին։

Ընդհանուր առմամբ, Ալ Ռիադ-Թեհրան կարգաւորումը բազմաշերտ կարեւոր իրողութիւն է, որը միտւած է էականօրէն բարելաւելու ՄԱ-ի անվտանգային միջավայրը՝ եմէնական հիմնախնդրից, Բահրէյնից մինչեւ Սիրիա, Լիբանան եւ այլն, որտեղ երկու երկրներն իրարամերժ դիրքորոշումներ են ունեցել՝ վարելով միջնորդաւորւած հիբրիդային պատերազմներ։ Միեւնոյն ժամանակ, իհարկէ, յարաբերութիւնների կարգաւորումը դեռեւս չի վկայում տարածաշրջանային լրջագոյն մրցակիցների միջեւ ջերմացման, առաւել եւս բարեկամութեան վերականգնման մասին։ Պարզապէս այս գործընթացը կարող է փոխել տարածաշրջանում նրանց մրցակցութեան ձեւաչափը՝ առնւազն 1 տասնամեակ շարունակւող հակամարտայինից դէպի համագործակցային։ Իսկ որպէս միջնորդ Չինաստանի դերակատարումն արդէն շատ աւելի լայն՝ գլոբալ առումով փոխում է տարածաշրջանի աշխարհաքաղաքական ազդեցութեան պատկերը՝ խախտելով աւանդական խաղացողների՝ ԱՄՆ-ի, մասնակիօրէն նաեւ Ռուսաստանի ներգրաււածութեան ձեւաչափերը։ 

Թուրքիայի համապետական ընտրութիւնների աշխարհաքաղաքական շերտը

Ուկրաինական ճգնաժամով պայմանաւորւած աշխարհաքաղաքական առճակատման հետագայ ընթացքի վրայ էական ազդեցութիւն է ունենում ԱՄՆ-ի մի շարք տարածաշրջանային գործընկեր/դաշնակիցների հնարաւորինս հաւասարակշռւած վարքագիծը։ Կասկածից վեր է՝ դիմակայութեան կշեռքի նժարները կը փոխւէին այն բեւեռի օգտին, դէպի որը միանշանակ կը կողմնորոշւէին այնպիսի տարածաշրջանային դերակատարներ, ինչպիսիք են Թուրքիան, Սաուդական Արաբիան, ԱՄԷ-ն, Եգիպտոսը եւ այլն։ Մինչդեռ տեղի է ունենում տրամագծօրէն հակառակ գործընթացը։ Զարգացումների վրայ բովանդակային ազդեցութեան ունակ գրեթէ բոլոր խաղացողները, հիմնականում վարելով ինքնուրոյն քաղաքականութիւն, ջանում են առաւելագոյնս օգտւել միջաշխարհակարգի ժամանակահատւածին բնորոշ հնարաւորութիւններից՝ հնարաւորինս բարելաւելով սեփական դիրքերը։ Վերոնշեալը, թերեւս, ձեւաւորւելիք աշխարհակարգի կարեւոր իւրայատկութիւններին բնորոշ միտում է՝ պայմանաւորւած ոչ թէ եղած ուժային կենտրոնների միջեւ կողմնորոշւելու, այլ որպէս առանձին բեւեռ դիրքաւորւելու եւ ապագայ աշխարհում սեփական ազդեցիկ դերն ու խօսքն ունենալու առանձին տարածաշրջանային դերակատարների ձգտումներով։

Այս համատեքստում, իհարկէ, բաւականաչափ հետաքրքիր է Թուրքիայի քաղաքականութիւնը, որը հակամարտ կենտրոնների միջեւ «չէզոք» խաղը «վաճառում էր» միջնորդական դերակատարման, հումանիտար խնդիրներ լուծելու անհրաժեշտութեան եւ այլ տեսանկիւններից։ Իսկ նման դերակատարում ստանձնելու համար առանցքային նախապայման է ազդեցիկ օբիեկտիւ վարքագիծն ու հակամարտ կողմերի համար ընկալելի լինելու հանգամանքը։ Նշւածի վառ օրինակ են ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Անկարայի ակտիւ փորձերը ռուս-ուկրաինական բանակցութիւններ կազմակերպելու, հացահատիկի, պարէնամթերքների միջազգային մատակարարումների խափանումների հնարաւորինս կանխման (հացահատիկային գործարքի) եւ այլ հումանիտար նախաձեռնութիւնների առաջմղման հարցերում, որոնք, յանուն արդարութեան, պէտք է նշել՝ ժամանակաւոր յաջողութիւն արձանագրեցին։ Մինչդեռ առաւել առարկայական էին չէզոքութեան քողի ներքոյ հակամարտ կենտրոնների միջեւ առանձին-առանձին քաղաքական առեւտրի դրսեւորումները, դիցուք՝ ՆԱՏՕ-ի ընդլայնման քաղաքականութիւնը՝ Ֆինլանդիայի եւ Շւեդիայի անդամակցութեան հնարաւորութեամբ (ընդ որում, վերջինի անդամակցութեան որոշումն Անկարան դեռ չի վաւերացրել), իսկ Ռուսաստանի հետ՝ տարբեր տարածաշրջաններում ազդեցութեան բաժանման, պատժամիջոցների հետեւանքով տնտեսական օգուտներ ստանալու նպատակով։

Թուրքիայի նման վարքագիծը եւ, առհասարակ, վերջին տարիների ընթացքում առաւել ինքնուրոյն քաղաքականութիւնը, որը յաճախ խնդիրներ եւ անգամ շահերի բախում էր առաջացնում ոչ միայն տարածաշրջանում, այլեւ Անկարայի եւ նրա հետ միեւնոյն ռազմաքաղաքական դաշնակցային ձեւաչափերում գտնւող գործընկերների միջեւ, յատկապէս ներկայ պատմափուլում մի կողմից՝ խիստ ձեռնտու է Ռուսաստանին, միւս կողմից՝ լրջագոյնս հակասում է հաւաքական Արեւմուտքի ընդհանուր եւ մասնաւոր ծրագրերին։ Հետեւաբար 2023թ. մայիսին Թուրքիայում տեղի ունենալիք համապետական ընտրական գործընթացը բաւականաչափ պատեհ առիթ էր դրա բարենպաստ արդիւնքներով նաեւ Անկարայի արտաքին քաղաքական ուղեգծի վրայ ազդելու համար։ Սա է պատճառը, որ Արեւմուտքն իր տրամադրութեան տակ եղած գործիքակազմով հնարաւորինս աջակցութիւն ցուցաբերեց ընդդիմադիր 6 կուսակցութիւնների ձեւաւորած «Ազգ» դաշինքին եւ դաշինքի նախագահի թեկնածու, քեմալական «Հանրապետական ժողովրդական» կուսակցութեան առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին։ Բանն այն է, որ իշխող «Ժողովուրդ» դաշինքի ու դրա նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար նախընտրական մեկնարկային իրավիճակը բաւականաչափ խնդրայարոյց էր։ Նման իրավիճակը պայմանաւորւած էր վերջին առնւազն 3 տարիներին արձանագրւած տնտեսական խնդիրներով՝ լիրայի լուրջ արժեզրկմամբ, երկնիշ գնաճով, դրան ածանցեալ սոցիալ-տնտեսական ճգնաժամով, որն առաւել խորացաւ 2023թ. փետրւարի 6-ին Թուրքիայի հարաւ-արեւելքում տեղի ունեցած աղէտալի երկրաշարժի պատճառով, ինչի հետեւանքով զոհւեց աւելի քան 50000 մարդ:

Բայց եւ այնպէս, չնայած Արեւմուտքի կողմից ընդդիմութեանը ցուցաբերւած համակողմանի քաղաքական, քարոզչական բնոյթի աջակցութեանը՝ նախընտրական բաւականաչափ թէժ պայքարում Թուրքիայի իշխանութիւնները կարողացան դժւարին յաղթանակ տանել՝ մոբիլիզացնելով շուրջ 85% եւ աւելի ընտրազանգւած։ Եթէ խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքներով իշխող դաշինքի յաջողութիւնն ակնյայտ էր, ապա նախագահի ընտրութիւնը կատարւեց երկփուլ քւէարկութեան արդիւնքում։ Առաջին փուլում՝ 49.52%, իսկ երկրորդում արդէն 52.18% ձայնով Էրդողանը կարողացաւ ստանալ «վերջին անգամ ազգից հայցած քւէն»:

Չնայած նախընտրական քարոզարշաւի լարւածութեանը եւ այդ ընտրութիւններին թէ՛ ընդդիմութեան, թէ՛ իշխանութեան կողմից տրւած համակողմանի կարեւորութեանը՝ այնուամենայնիւ, Թուրքիայում յետընտրական խմորումներ, լարում տեղի չունեցան։ Ե՛ւ ընդդիմութիւնը, ե՛ւ նրա արտաքին աջակիցներն ընդունեցին ընտրութիւնների արդիւնքները՝ խուսափելով երկրում ներքին անկայունութիւն հրահրելուց։ Այս հանգամանքը, իր հերթին, փաստում է կայուն, բայց բարդ կառավարելի Թուրքիայի նախընտրութիւնն անկայունի փոխարէն, քանի որ այդ երկրում անվերահսկելի գործընթացների հետեւանքով միաժամանակ մի քանի տարածաշրջաններում հնարաւոր հետեւանքների գինը շատ աւելի ծանր կարող է լինել։ 

Պատերազմը Գազայում՝ տարածաշրջանում ռազմավարական ազդեցութեան փոփոխութեան տեսանկիւնից

Հոկտեմբերի 7-ին Իսրայէլի դէմ պաղեստինեան ՀԱՄԱՍ իսլամական արմատական կազմակերպութեան «անակնկալ» մասշտաբային յարձակման եւ աննախադէպ վնասի պատճառման հետեւանքով հերթական անգամ ակտիւացած իսրայէլա-պաղեստինեան հակամարտութեան ընթացիկ շրջափուլն իր բովանդակութեամբ էականօրէն տարբերւում է նախորդներից։ Այն նոյնպէս կրում է աշխարհակարգի փոփոխութեան գործընթացի ազդեցութիւնը եւ պարունակում է ռազմավարական լուծումների հասնելու տարրեր թէ՛ պաղեստինեան, թէ՛ իսրայէլական կողմերից։ Ինչպէս, օրինակ՝ ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայէլի դէմ տեւական ժամանակ նախապատրաստւած յարձակման ժամանակահատւածի ընտրութիւնը պայմանաւորւած էր նաեւ պաղեստինեան հիմնախնդրի լուծման տեսանկիւնից ռազմավարական նշանակութեան Սաուդական Արաբիա-Իսրայէլ կարգաւորման գործընթացը խափանելուն։ Նշւածն անկիւնաքարային հանգամանք է, քանի որ, օրինակ, ԱՄՆ-ի միջնորդութեամբ 2020-2021թթ. մի շարք կարեւոր արաբական երկրների (ԱՄԷ, Բահրէյն, Սուդան, Մորոկկօ) եւ Իսրայէլի միջեւ ստորագրւած «Աբրահամեան համաձայնագրերը» պաղեստինցիների կողմից արդարացիօրէն գնահատւեցին որպէս ռազմավարական բացթողում, քանի որ խարխլւեց հրէական պետութեան դէմ ընդհանուր համաարաբական ճակատի տրամաբանութիւնը։ Վերջինի բովանդակութեան առանցքում հետեւեալ պայմանական փաթեթային սկզբունքն էր՝ «Իսրայէլի եւ բոլոր արաբական երկրների (բացի Եգիպտոսից եւ Յորդանանից, որոնք արդէն իսկ ունէին խաղաղութեան համաձայնագիր Իսրայէլի հետ) միջեւ յարաբերութիւնների կարգաւորումը հնարաւոր է՝ բացառութեամբ մինչեւ 1967թ. վեցօրեայ պատերազմը եղած սահմաններով Պաղեստին պետութեան ստեղծումից յետոյ՝ Արեւելեան Երուսաղէմ մայրաքաղաքով»: Իսկ յատկապէս 2023թ. կէսերից դարձեալ Սպիտակ տան ջանքերով ակտիւացած Սաուդական Արաբիա-Իսրայէլ կարգաւորման գործընթացը, որի առանցքային նախապայմաններից մէկը՝ Պաղեստին պետութեան ստեղծման պահանջը, աստիճանաբար զիջում էր իր կարեւորութիւնը Ալ Ռիադին խոստացւած այլ ռազմավարական հնարաւորութիւնների դիմաց (ինչպէս, օրինակ՝ Սաուդական միջուկային ծրագրի իրականացումը), յաջողելու դէպքում միանշանակօրէն բացասաբար էր ազդելու պաղեստինեան շարժման վերջնանպատակների կենսագործման վրայ։ Ուստի եւ վերոնշեալի համատեքստում շարունակւող Իսրայէլ-ՀԱՄԱՍ անողոք պատերազն, ըստ էութեան, կրկին ծայրաստիճան սրել է մի շարք արաբական-մուսուլմանական երկրների միջեւ յարաբերութիւնները՝ անշուշտ, գոնէ առժամանակ խափանելով Ալ Ռիադ-Թել Աւիւ կարգաւորումը։

Ինչ վերաբերում է Իսրայէլին, ապա վերջինը ոչ պակաս յաջողութեամբ օգտւում է միջաշխարհակարգի իրողութիւններից՝ «պատերազմը հնարաւորութիւն է» բանաձեւի տրամաբանութեամբ։

Տւեալ դէպքում հնարաւորինս օգտագործւեցին եւ ուռճացւեցին պաղեստինեան ՀԱՄԱՍ խմբաւորման մասշտաբային աննախադէպ յարձակման ու դրա հետեւանքների ծաւալները՝ ներկայացնելով դրանք որպէս «ամենադաժան, անմարդկային, նաեւ ունիվերսալ բնոյթի ահաբեկչական յարձակում»՝ նման կերպ նաեւ հասնելով միջազգային լայն համախոհութեան եւ լեգիտիմացնելով Գազայում սանձազերծւած պատերազմում սեփական պատասխան պատժիչ եւ յաճախ ոչ պակաս անմարդկային գործողութիւնները։ Թել Աւիւը պաղեստինեան խմբաւորման ստեղծւած աշխարհաքաղաքական իրավիճակի համար ոչ ճշգրտօրէն հաշւարկւած յարձակման իրողութիւնը ձգտում է օգտագործել իր համար ռազմավարական եւ անվտանգային լրջագոյն խնդրի վերջնական հանգուցալուծման նպատակով։ Մասնաւորապէս անթաքոյց նպատակ է դրւած առաւելագոյնս փոխել պաղեստինեան հիմնախնդրի՝ որպէս նախորդ աշխարհակարգից մնացած «քաղցկեղային» չլուծւած ժառանգութեան ներկայ ստատուս-քւօն սեփական օրակարգի համատեքստում։ Այն է` առնւազն կարճաժամկէտ հեռանկարում ամբողջական վերահսկողութիւն հաստատել Գազայի հատւածում, իսկ հետագայում՝ հնարաւորութեան պայմաններում, ընդհանրապէս հասնել Պաղեստին պետութեան ձեւաւորման ծրագրի չեղարկմանը:

Վերոնշեալի համատեքստում պէտք է նշել, որ ՀԱՄԱՍ իսլամական արմատական կազմակերպութեան կողմից նախաձեռնւած «Ալ Աքսայի փթորիկը» ռազմագործողութիւնը, որն իրականացւեց միաժամանակ «օդից, ջրից եւ ցամաքից», ամենամահաբերն էր Իսրայէլի համար (ցայժմ աւելի քան 1300 զոհ, շուրջ 240 բազմազգ գերիներ, որոնցից 105-ին պաղեստինեան կողմն ազատեց մօտ մէկ շաբաթ տեւած հումանիտար հրադադարի դիմաց): Պաղեստինեան կողմի կորուստները, ինչպէս միշտ, անհամեմատելի աւելի են՝ շուրջ 18.600 զոհ 1973թ. «Դատաստանի օրւայ» պատերազմից ի վեր։ Ի դէպ, գուցէ խորհրդանշական է, բայց գործողութեան եւ նշւած պատերազմի օրերն էլ օրացուցային առումով համընկնում էին։ Ի պատասխան՝ Իսրայէլի բանակը Գազայում սկսել է «Երկաթէ սրեր» կոդային անւանումով պատժիչ գործողութիւնը, որի հռչակւած նպատակը Գազայում ՀԱՄԱՍ-ի իշխանութեան վերացումն է եւ շրջանում աւելի վերահսկելի կառավարութեան ձեւաւորումը։ Մինչդեռ իսրայէլական բանակի առայժմ եռափուլ ռազմագործողութիւնից կարելի է եզրակացնել, որ Թել Աւիւի ծրագրերը Գազայում աւելի խորքային են. եթէ հակիրճ՝ շրջանի ամայացում եւ վերջնական անեքսիա։ Ճիշտ նոյն տրամաբանութեամբ, ինչպիսին սեպտեմբերի 19-20-ի մէկօրեայ պատերազմից յետոյ տեղի ունեցաւ Արցախում՝ Իսրայէլի հարաւկովկասեան գործընկեր Ադրբեջանի ձեռամբ։

Չի բացառւում անգամ, որ Արցախի հայաթափումն ու ամբողջական օկուպացիան լաւագոյնս ոգեշնչել են Իսրայէլի իշխանութիւններին՝ նոյն սցենարը Գազայում իրականացնելու համար։ Մինչդեռ Թել Աւիւի ծրագիրը ցայժմ չի գործում յատկապէս Եգիպտոսի եւ Յորդանանի սկզբունքային դիրքորոշման պատճառով, որոնց աջակցում են նաեւ այլ արաբական եւ մուսուլմանական երկրներ։ Մասնաւորապէս Գազային միակ սահմանակից Եգիպտոսը պատերազմի մեկնարկից ի վեր փակել է միակ սահմանային Ռաֆահ անցակէտը պաղեստինցիների համար եւ տարբեր մակարդակներով յայտարարել, որ թոյլ չի տայ սեփական տարածքների հաշւին լուծելու պաղեստինեան հիմնախնդիրը։ Նոյն կարծր դիրքորոշումն է յայտնել նաեւ Արեւմտեան ափին սահմանակից Յորդանանը։ Ուստի, նաեւ վերոնշեալով պայմանաւորւած, Գազայում ստեղծւել է մերօրեայ աշխարհի ամենասուր մարդասիրական ճգնաժամը, երբ աշխարհի ամենախիտ բնակեցւած շրջաններից մէկում (շուրջ 2.4 մլն. մարդ) բնակչութիւնը զանգւածաբար տեղահանութիւնների է ենթարկւում, իսկ տարածքը վերածւում է շրջան-ուրւականի։

Գազայի պատերազմին զուգահեռ Թել Աւիւի առաջնային ծրագրերից է նաեւ շրջակայ անվտանգային միջավայրի բարելաւման խնդիրը, մասնաւորապէս՝ Սիրիայում, Լիբանանում տեղակայւած իրանամէտ կառոյցներից հնարաւոր սպառնալիքների վերջնական չէզոքացումը, որի միտումները եւս արդէն իսկ տեսանելի են։ Մերօրեայ աշխարհի իրողութիւնները թոյլ են տալիս գնահատելու Իսրայէլ պետութեան վերոնշեալ ծրագրերի իրականացման հեռանկարը խիստ իրատեսական։ Իսկ դրանց յաջողութիւնը միանշանակօրէն կը նշանակի Իսրայէլի ռազմավարական յաղթանակ Իրանի նկատմամբ։

Ինչ վերաբերում է Գազայի պատերազմի նկատմամբ միջազգային հանրութեան դիրքորոշմանը, ապա հաշւի առնելով ՀԱՄԱՍ-ի յարձակման հետեւանքները եւ նաեւ աւելի քան 3 տասնեակ երկրների քաղաքացիների շրջանում զոհերն ու գերիները՝ բազմաթիւ երկրներ սկզբնական շրջանում աջակցում էին Իսրայէլի պատասխան օդային գործողութեանը։ Մինչդեռ ցամաքային գործողութեան իրականացմանը դէմ էր միջազգային ազդեցիկ դերակատարների զգալի մասը։ Բայց եւ այնպէս, ազդեցիկ խաղացողներից յատկապէս պէտք է կարեւորել ԱՄՆ-ի եւ Իրանի դիրքորոշումները։ Պատերազմի մեկնարկից ի վեր Վաշինգտոնը համակողմանի աջակցութիւն ապահովեց Իսրայէլին հոգեբանական, քաղաքական, ֆինանսական, ռազմական եւ այլ մակարդակներում։ Դաշնակից երկիր այցելեցին ԱՄՆ-ի նախագահը, պաշտպանութեան քարտուղարը, մի քանի անգամ՝ պետքարտուղարը եւ այլ բարձրաստիճան պաշտօնեաներ։ Յատկապէս ԱՄՆ-ի առարկայական ներգրաւումը զարգացումներում, ՌԾՈՒ-ի մի քանի նաւատորմերի տեղակայումը տարածաշրջանի ջրերում զսպում է պատերազմի մասշտաբների ընդլայնումը եւ այլ դերակատարների ներգրաւման հնարաւորութիւնը։ Զուգահեռաբար դիւանագիտական հարթակներում ԱՄՆ-ը անգնահատելի «քաղաքական հովանոց» է ապահովում դաշնակցի համար՝ արդէն մի քանի անգամ խափանելով յատկապէս ՄԱԿ-ի՝ ԱԽ-ում պատերազմն անմիջապէս դադարեցնելու վերաբերեալ բանաձեւի ընդունման գործընթացները:

Միեւնոյն ժամանակ հարկ է նշել, որ Գազայի ապագայի հարցը լրջագոյն տարաձայնութիւնների առիթ է դարձել անգամ Իսրայէլի եւ նրա ամենաառանցքային դաշնակցի՝ ԱՄՆ-ի յարաբերութիւններում։ Քանի որ Վաշինգտոնը կտրականապէս մերժում է Գազայում իսրայէլական վերահսկողութեան հնարաւորութիւնը, որն առկայ էր մինչեւ 2005թ.:

Պաղեստինեան կողմի արտաքին աջակիցների գործողութիւններն էլ մեծ հաշւով դուրս չեն գալիս դիւանագիտական, քարոզչական, հումանիտար հարթութիւններից։ Արաբական, մուսուլմանական երկրների շրջանում, նաեւ Ռուսաստանի կողմից նախաձեռնւած տարաբնոյթ հանդիպումներում, բանակցութիւններում, համաժողովներում եւ այլն։ Իր բովանդակութեամբ տարբերւում են Կատարի եւ Իրանի ներգրաււածութեան մակարդակները։ Առաջինը համարւում է առանցքային միջնորդ Իսրայէլի եւ պաղեստինեան խմբաւորումների միջեւ։ Հէնց Դոհայի ակտիւ ջանքերով հնարաւոր եղաւ հասնել աւելի քան 2 ամիս շարունակւող պատերազմի ընթացքում միակ մէկշաբաթեայ հումանիտար հրադադարին։

Ինչ վերաբերում է Իրանի դերակատարմանը, ապա Թեհրանի առաջնային նպատակը տասնամեակներ շարունակ Իսրայէլի շուրջ ձեւաւորւած «դիմադրութեան առանցքի» կազմալուծման կանխումն է, բայց ոչ պատերազմին ուղիղ մասնակցութեան ձեւաչափում։ Ընդ որում, հակամարտութեանն Իրանի ուղիղ ներգրաւման սցենարի բացառմանն էին հիմնականում միտւած նաեւ ԱՄՆ-ի ռազմաքաղաքական ջանքերը։ Այս համատեքստում փաստացի Թեհրանին առայժմ չի յաջողւում լուծել իր ռազմավարական նպատակը՝ Գազայում պատերազմի դադարեցումն ու որոշակի ազդեցութեան պահպանումը՝ ի դէմս ՀԱՄԱՍ-ի եւ պաղեստինեան «Իսլամական ջիհադ» խմբաւորումների գործունէութեան ապահովման։ Մեծ հաշւով առայժմ չի յաջողւում նաեւ գործընթացների վրայ ազդելու Իրանի «պրոքսի-մարտավարութիւնը» Իսրայէլի հարեւան եւ տարածաշրջանի մի շարք այլ երկրներում գործող հովանաւորեալ կառոյցների քայլերի համակարգման միջոցով։ Խօսքն առաջին հերթին լիբանանեան «Հեզբօլլահ» եւ Սիրիայի իրանամէտ ուժերի մասին է։ Վերջինների առաւել գործուն ներգրաււածութեան հնարաւորութիւնը Իսրայէլին առայժմ յաջողւում է կանխել նպատակային եւ յստակ թիրախաւորւած կանխիչ օդային գործողութիւնների միջոցով։ Բայց եւ այնպէս, Գազայում ընթացող պատերազմի վերաբերեալ Իրանում հնչում են նաեւ դրական գնահատականներ՝ իրավիճակը հիմնաւորելով այն տեսանկիւնից, որ Գազայում Իսրայէլի կրած «պարտութիւնն» այնքան ծանր է, որ հրէական պետութեանը հասցւած վնասը վերականգնելու համար տարիներ կը պահանջւեն։

Ամփոփելով վերոգրեալը՝ կարելի է հաւաստել, որ աշխարհաքաղաքական իրողութիւններով պայմանաւորւած՝ 2023թ. ընթացքում ՄԱ-ում ընթացող բովանդակային վերափոխումները, վստահաբար, նոր դրսեւորումներով շարունակւելու են նաեւ յաջորդ տարիների ընթացքում՝ էականօրէն ազդելով տարածաշրջանի անվտանգային, տնտեսական եւ ռազմաքաղաքական պատկերի/միջավայրի վրայ։ Ընդ որում, հարկ է նաեւ նկատել, որ այդ զարգացումների նկատմամբ գլոբալ վերահսկելիութեան խափանումը կարող է յանգեցնել նաեւ տարածաշրջանային խոշորամասշտաբ պատերազմի՝ ամբողջ աշխարհի վրայ ուղիղ ազդեցութեան կանխատեսելի հաւանականութեամբ։

ԱՐՄԷՆ ՊԵՏՐՈՍԵԱՆ

«Դրօշակ» թիւ 12, 2023 թ.

Առնչւող Յօդւածներ

Back to top button