Լուկաշենկօ. «Բելառուսում միջուկային զէնք կայ»
«ԱԼԻՔ» – Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկօն հաստատել է, որ Բելառուսում իսկապէս միջուկային զէնք կայ։ Այդ մասին պետութեան ղեկավարն ասել է Բորիսովում ՊՈԺՍՆԱԲ ՍՊԸ-ի աշխատակիցների հարցերին պատասխանելիս: Հաղորդում է Tert.am-ը՝ բելառուսական ԲԵԼՏԱ-ին յղումով։
«Ես այստեղ եմ բերել մէկ տասնեակից աւելի մարտագլխիկ: Շատերը գրում են.«Սա կատակ է, ոչ ոք ոչինչ չի բերել»: Բերել ենք: Պարզապէս դա նրանց աչքից է վրիպել: Նրանք նոյնիսկ չեն էլ նկատել՝ ինչպէս ենք մենք դրանք այստեղ բերել»,- ասել է Բելառուսի ղեկավարը։
Համապատասխան յայտարարութեամբ է հանդէս եկել Ալեքսանդր Լուկաշենկօն՝ պատասխանելով Բելառուսում ռուսական «Օրեշնիկ» հրթիռային համակարգի տեղակայման պլանների մասին հարցին, որը միջուկային զէնք չէ, բայց ունի մեծ հզօրութիւն։
«Եթէ միջուկային զէնք կիրառւի, ապա դա մեծ պատասխանատւութիւն է, յամենայն դէպս, Հիրոսիմայից եւ Նագասակիից յետոյ դեռեւս ոչ ոք չի սեղմել միջուկային զէնքի կոճակը, էլ չեմ խօսում Բելառուսի մասին»,- նշել է նա: