ՄիջազգայինՔաղաքական

Լուկիանով. «ՀԱՊԿ-ը լքելու ՀՀ որոշումը ռեգիոնալ նշանակութեան հարց է, Իրանի հարեւանութեամբ անվտանգութեան համակարգ է փոխւում, ինչը չի գոհացնելու Իրանին»

«Հայաստանը դեռ յայտարարում է ՀԱՊԿ անդամակցութեան սառեցման մասին, սակայն փաստօրէն այն սառեցւած չէ»,- 168.am-ի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց ռուս վերլուծաբան Ֆեօդոր Լուկիանովը՝ անդրադառնալով Փաշինեանի յայտարարութեանը, թէ ՀՀ-ն սառեցրել է անդամակցութիւնը ՀԱՊԿ-ին։

Նա նշեց, որ ՀՀ-ն, տեւական ժամանակ է, ինչ դժգոհութիւններ ունի ՀԱՊԿ-ից, եւ յայտարարւում էր, թէ շփումներ կը լինեն, հարցերի լուծումներ կը դիտարկւեն։

«Իհարկէ, այն, ինչ յայտարարւում է, անհանգստացնող է ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ ՀԱՊԿ-ի համար, ու սա պէտք է քննարկւի կազմակերպութեան մակարդակում։ Բազմաթիւ յայտարարութիւններ կարող են լինել, սակայն դրա վերաբերեալ գործընթաց չնախաձեռնւի, իսկ իրականում ամենակարեւորը քայլերն են։ Շատ հարցեր կան՝ քննարկւե՞լ է արդեօք այս հարցը Ռուսաստանի հետ, ի՞նչ պատասխաններ են տրւել, եթէ չի քննարկւել, ինչպէ՞ս է նման բան յայտարարւում։

Կարծում եմ՝ մի փոքր վաղ է ամբողջական պատկերի մասին դատողութիւններ անելու համար, քանի որ պէտք է երկկողմ եւ բազմակողմ շփումներ կազմակերպւեն այս հարցի շուրջ։ Բազմաթիւ ենթադրութիւններ ու դատողութիւններ կարող ենք անել, թէ ինչո՞ւ է այս մասին յայտարարւում, եւ չկայ գործընթաց, ուստի ճիշտ կը լինի սպասել յստակ պատասխանների»,- ասաց նա։

Լուկիանովի կարծիքով, սա ռեգիոնալ նշանակութեան հարց է, այն վերաբերում է ինչպէս Ռուսաստանին, գործընկերներին, այնպէս էլ՝ Իրանին, քանի որ Իրանի հարեւանութեամբ անվտանգութեան համակարգ է փոխւում, եւ սա բնաւ չի գոհացնելու Իրանին։

Յիշեցնենք, որ Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Նիկոլ Փաշինեանը հարցազրոյց է տւել France 24-ին, որում նշել է, որ Հայաստանի մասնակցութիւնը ՀԱՊԿ-ին սառեցւած է։

Նա ընդգծել է նաեւ, որ Հայաստանում ռուսական ռազմակայանի պահպանման հարցը ներկայումս չի քննարկւում։ Այսինքն՝ քննարկւում է ռազմակայանը ՀՀ-ից դուրս բերելու հարցը։ Աւելի վաղ, 2023 թւականի հոկտեմբերի 25-ին, The Wall Street Journal-ին տւած հարցազրոյցում Փաշինեանը, անդրադառնալով Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հնարաւորութեանը, նշել էր, որ Հայաստանը ներկայումս նման հարց չի քննարկում, սակայն միեւնոյն ժամանակ դժգոհել էր ՀՀ-ում տեղակայւած ռուսական ռազմաբազայի գործունէութիւնից։

«Մենք նման հարց չենք քննարկում։ Կարծում եմ՝ սա Հայաստանի եւ Ռուսաստանի, Հայաստանի եւ ՀԱՊԿ-ի միջեւ աշխատանքային քննարկումների օրակարգում կը լինի»։ Նա նաեւ ասել էր, թէ այս պահին Հայաստանում ռուսական ռազմաբազաների ներկայութեան հարցում առաւելութիւններ, ցաւօք, չեն տեսել։

Առնչւող Յօդւածներ

Back to top button