ՄիջազգայինՔաղաքական

«Իսրայէլ-Ադրբեջան​ յարաբերութիւնները հիմնւած են նաւթի, զէնքի եւ հետախուզութեան պիղծ երրորդութեան վրայ»

Իսրայէլական «Հաարեց» (Haaretz) թերթը ապրիլի 11-ին հրապարակել է բացայայտող մի յօդւած Ադրբեջանի եւ Իսրայէլի միջեւ բարձր մակարդակի լայն կապերի մասին՝ «Ինչպէս են Ադրբեջանի հետ ռազմավարական յարաբերութիւնները դարձել Լիբերմանների ընտանիքի բիզնեսը» վերնագրով: Յօդւածը գրել է հետաքննող լրագրող Գուր Մեգիդոն:

Աւիգդոր Լիբերմանը Իսրայէլի կառավարութեան բարձրաստիճան պաշտօնեայ էր, որը բազմիցս այցելել է Բաքու, աւելի շատ, քան ցանկացած այլ իսրայէլցի քաղաքական գործիչ, իւրաքանչիւր անգամ հանդիպելով նախագահ Իլհամ Ալիեւի եւ ադրբեջանցի այլ բարձրաստիճան պաշտօնեաների հետ: Նա երկու անգամ զբաղեցրել է Իսրայէլի փոխվարչապետի պաշտօնը եւ յաջորդաբար դարձել վեց տարբեր նախարարութիւնների նախարար. Իսրայէլի ազգային ենթակառուցւածքների, տրանսպորտի, ռազմավարական գործերի, արտաքին գործերի (երկու անգամ), պաշտպանութեան եւ ֆինանսների:

Լիբերմանը միակ իսրայէլցի պաշտօնեան չէր, որ այցելել է Ադրբեջան: Բաքու են այցելել նաեւ Իսրայէլի պաշտպանութեան նախարարներ Բենի Գանցը եւ Եով Գալանտը, ինչպէս նաեւ վարչապետ Բենիամին Նեթանիահուն՝ 2016 թւականին եւ նախագահ Իսահակ Հերցոգը՝ 2023 թւականին:

Մեգիդոն յայտարարել է, որ «Իսրայէլ-Ադրբեջան յարաբերութիւնները հիմնւած են նաւթի, զէնքի եւ հետախուզութեան պիղծ երրորդութեան վրայ: Իսրայէլը նաւթ է գնում Ադրբեջանից (Իսրայէլի հում նաւթի մօտ կէսը գալիս է այնտեղից) եւ վաճառում է առաջադէմ զինտեխնիկա: Փոխարէնը, ըստ տեղեկութիւնների, Ադրբեջանը նրան հնարաւորութիւն է տալիս մուտք գործել Իսրայէլի թիւ մէկ հակառակորդի՝ Իրանի հետ իր ցամաքային եւ ծովային սահմանը»:

Ադրբեջանը յաղթեց 2020 եւ 2023 թւականների Արցախեան պատերազմներում՝ «շնորհիւ Իսրայէլի կողմից մատակարարւող խաղի կանոնները փոխող ոչ փոքրաթիւ սպառազինութեան», ներառեալ իսրայէլական Hermes եւ Harop անօդաչու թռչող սարքերը եւ միլիարդաւոր դոլարներով գնւած այլ ժամանակակից զէնքեր։ Ադրբեջանն այդ անօդաչու սարքերից մի քանիսը գնել էր, երբ Լիբերմանը պաշտպանութեան նախարարն էր»։

2012 թւականին Բաքու կատարած այցի ժամանակ Լիբերմանին հարցրել են Foreign Policy ամսագրի յօդւածի մասին, որտեղ մեջբերւած է ԱՄՆ կառավարութեան բարձրաստիճան պաշտօնեայի խօսքերը. «Իսրայէլցիները գնել են օդանաւակայան, եւ օդանաւակայանը կոչւում է Ադրբեջան: Նշւել են մի քանի նախկին խորհրդային ռազմաօդային բազաների անուններ, որոնք, ըստ ամսագրի աղբիւրների, Իսրայէլի տրամադրութեան տակ էին կամ կը լինէին՝ Իրանի վրայ հնարաւոր աւիահարւածի դէպքում: Լիբերմանն այդ պատմութիւնն անւանել է «գիտաֆանտաստիկա», որը «ոչ մի կապ չունի իրականութեան հետ»: Այնուամենայնիւ, Լոնդոնի The Times-ը յայտնել է, որ «Իսրայէլի լրտեսական գործակալութիւնը՝ Մոսադը, բազա ունի Ադրբեջանում»։

«Ցանկացած չափանիշով Ադրբեջանը բռնապետութիւն է», որը 2023 թւականին Economist Intelligence Unit-ի կողմից 167 երկրների մէջ զբաղեցրել է 130-րդ տեղը: Իսրայէլի Կնեսետի չորս անդամներից կազմւած պատւիրակութիւնը՝ Լիբերմանի գլխաւորութեամբ, մեկնել է Ադրբեջան՝ իբր նախագահական ընտրութիւնները վերահսկելու նպատակով: Նրանք հերքել են ընտրութիւններում տեղի ունեցած խախտումների մասին հաղորդումները, որոնցում Ալիեւը յաղթել է ահռելի 85 տոկոսով։ Նրանք կեղծորեն Ադրբեջանը բնութագրել են որպէս «միակ ժողովրդավարութիւնը Մերձաւոր Արեւելքում»: Լիբերմանն Ալիեւի յաղթանակն անւանել է «լաւ դաս որոշ ուժերի համար, որոնք անարդարացիօրէն քննադատում են Ադրբեջանին»:

Երբ իսրայէլաբնակ ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինը ձերբակալւեց եւ բանտարկւեց Բաքւում Արցախ այցելելու համար, նրա ընտանիքը խնդրեց այն ժամանակ պաշտպանութեան նախարար Լիբերմանին միջամտել, սակայն նա ոչինչ չարեց նրան օգնելու համար, նոյնիսկ այն բանից յետոյ, երբ Լապշինը յարձակման ենթարկւեց բանտի անվտանգութեան աշխատակիցների կողմից, որոնք փորձել էին սպանել նրան: Լապշինը կարծում է, որ ի վերջոյ ռուսներն են օգնել ապահովել նրա ազատ արձակումը:

Մեգիդոն յայտնել է, որ Լիբերմանի երկու որդիները՝ Ամոսը եւ Կոբին, «խորը գործնական յարաբերութիւններ» ունեն Ադրբեջանի կառավարութեան հետ: «Լիբերման եղբայրները, պարզւում է, շատ ժամանակ են անցկացնում Բաքւում, որտեղ նրանք համարւում են միջնորդներ, ովքեր գիտեն, թէ ինչպէս  բացել դռներն իշխանութեան առաջ։ Վերջին տարիներին Լիբերմանի որդիները իսրայէլական մի շարք բարձր տեխնոլոգիական արտադրանք են մատակարարել Ադրբեջանի կառավարութեանը. կիբերյանցագործութեան արտադրանք, որը պատրաստւած է կիբերանվտանգութեան Candiru ընկերութեան կողմից. տւեալների մեծ համակարգ՝ կիբերանվտանգութեան մէկ այլ ընկերութեան՝ Rayzone-ի կողմից հարկերի հաւաքագրումը բարելաւելու համար եւ ջրի աղազերծման տեխնոլոգիաներ՝ իսրայէլական IDE ընկերութեան կողմից։ Միայն այս երեք ձեռնարկութիւնների միջնորդութեամբ հնարաւոր միջնորդավճարները կարող են հասնել միլիոնաւոր դոլարների: Բացի այդ, մինչեւ վերջերս Լիբերման եղբայրները ներկայացնում էին «Ադրբեջանական աւիաուղիները» (պետութեան կողմից վերահսկւող ազգային աւիափոխադրող) Իսրայէլում»։

Իսրայէլական մի քանի ընկերութիւններ, ինչպիսիք են Pegasus-ը եւ Candiru-ն, լրտեսական ծրագրեր են վաճառել Ադրբեջանին՝ վարչակարգի հակառակորդների հեռախօսները կոտրելու համար: Այսօր 18 ադրբեջանցի լրագրողներ բանտերում են։ Candiru-ի վաճառքը միջնորդել են Լիբերմանի երկու որդիները՝ միջնորդավճարի դիմաց՝ «գնահատւած հարիւր հազարաւոր դոլարներով»։ Rayzone կիբերընկերութեան հետ գործարքից նրանք վաստակել են «մօտ 200000 դոլար միջնորդավճար», ըստ «TheMarker»-ի՝ հրապարակւած «Հաարեցի» կողմից: Լիբերմանի գրասենեակը յայտարարել է, որ «նա ներգրաււած չէ իր երեխաների բիզնեսներում»:

Լիբերմանի երեխաները ներկայացնում էին նաեւ IDE Technologies-ը, որը նախատեսում է Ադրբեջանում կառուցել ջրի աղազերծման մեծ գործարան։ Սա մի «նախագիծ է, որի արժէքը կարող է հասնել հարիւր միլիոնաւոր դոլարների, եւ Լիբերման եղբայրների համար միջնորդավճարը, հաւանաբար, կը բարձրանայ համապատասխանաբար»,- գրել է Մեգիդոն։

Մեգիդոն հետաքրքրւում է «Կարծո՞ւմ էք, որ երկու որդիները Ադրբեջանի կառավարութեան հետ կը հասնեին նման նշանակալի կարգավիճակի, եթէ նրանց ընտանեկան կապերը չլինէին»: Մէջբերում է արւում են մի գործարարի խօսքերից. «Կարող եմ ասել ադրբեջանցիների մասին, որ նրանք այն մարդիկ են, որ գիտեն, թէ ինչպէս շնորհակալութիւն յայտնել: Եթէ ​​դու լաւ բան ես անում նրանց համար, եւ նրանք գնահատում են քեզ, նրանք գիտեն, թէ ինչպէս շնորհակալութիւն յայտնել՝ թէ՛ խօսքով, թէ՛ գործով»:

Մեգիդոն եզրակացրեց. «հաւանաբար իսրայէլական կառավարող շրջանակներում չկայ մէկը, որ կը վիճարկի այն բազմաթիւ օգուտները, որոնք Իսրայէլը ստանում է Ադրբեջանի հետ իր նողկալի, բայց, գուցէ, կենսական յարաբերութիւններից: Բայց այս երկու յայտարարութիւնների միջեւ հակասութիւն չկայ. նախագահ Իլհամ Ալիեւի բարոյապէս կասկածելի իշխանութեան հետ ջերմ յարաբերութիւնները կարող են լինել Իսրայէլի ազգային անվտանգութեան ռազմավարութեան եւ միեւնոյն ժամանակ նաեւ Լիբերմանների ընտանիքի բիզնես ռազմավարութեան մաս»:

 

ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ

«Կալիֆորնիա կուրիէր»

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ

Առնչւող Յօդւածներ

Back to top button