ՄարզականՄիջազգային

Օլիմպիական խաղերի կազմակերպիչները ներողութիւն են խնդրել բացման արարողութեանը Դա Վինչիի «Խորհրդաւոր ընթրիք»-ի թեմայով նմանակման համար

«ԱԼԻՔ» – 2024 թւականի ամառային Օլիմպիական խաղերի կազմակերպիչները ներողութիւն են խնդրել բացման արարողութեան ժամանակ Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդաւոր ընթրիք» կտաւի թեմայով վիճահարոյց նմանակման համար: Հաղորդում են ԶԼՄ-ները:

Ըստ աղբիւրի՝ տեսարանը, որը վերստեղծում էր Քրիստոսի եւ նրա առաքեալների վերջին ընթրիքի աստւածաշնչեան տեսարանը, ներառում էր դրագ արտիստներ եւ կիսամերկ երգչուհի։ Այս բեմադրութիւնը խիստ քննադատւել է մի շարք քաղաքական գործիչների եւ Կաթոլիկ եկեղեցու անդամների կողմից:

Կիրակի օրը Փարիզ 2024-ի խօսնակ Անն Դեշամը յայտարարել է, որ «առհասարակ մտադրութիւն չի եղել որեւէ կրօնական խմբի նկատմամբ անյարգալից վերաբերմունք ցուցաբերել»։

Նրա խօսքով՝ բացման արարողութեանը փորձ է արւել «տօնել հանդուրժողականութիւնը»:

«Մենք հաւատում ենք, որ այս նպատակն  իրականացւել է: Եթէ մարդիկ սա որպէս վիրաւորանք են ընդունել, մենք իսկապէս ցաւում ենք», – նշել է Դեշամը։

Շաբաթ օրը մի շարք ականաւոր քաղաքական գործիչներ քննադատել են այս տեսարանը: Եւրախորհրդարանի ծայրայեղ աջ պատգամաւոր Մարիոն Մարեշալը ներողութիւն է խնդրել «աշխարհի բոլոր քրիստոնեաներից, որոնք իրենց վիրաւորւած են զգացել»։

Իտալիայի փոխվարչապետ Մատէօ Սալւինին այն անւանել է «վիրաւորական» եւ «անճաշակ»:

Tesla-ի, X-ի եւ Space X-ի սեփականատէր Իլոն Մասկը նոյնպէս քննադատել է նմանակումը, որը նա նկարագրել է որպէս «չափազանց վիրաւորական քրիստոնեաների համար»:

Բացման արարողութեան գեղարւեստական ղեկավար Թոմաս Ժոլին նշել է, որ շփօթւած է շոուի վերաբերեալ բացասական արձագանգներից:

«Մեր թեման պառակտիչ լինելը չէր։ Մենք երբեք չենք ցանկացել պառակտիչ լինել։ Մենք ուզում էինք խօսել բազմազանութեան մասին: Բազմազանութիւնը նշանակում է միասին լինել: Մենք ցանկանում էինք ընդգրկել բոլորին։ Ֆրանսիայում մենք ունենք գեղարւեստական ազատութիւն։ Ֆրանսիայում մեզ բախտ է վիճակւել ապրել ազատ երկրում»,- ասել է Ժոլին:

Related Articles

Back to top button