Միջազգային

ChatGPT-ի չինական մրցակիցը խուճապ է առաջացրել Սիլիկոնեան հովտում. ինչ է յայտնի Deepseek անվճար չաթբոտի մասին

«ԱԼԻՔ» – Չինական DeepSeek ընկերութիւնը թողարկել է անվճար չաթբոտ, որը խուճապ է առաջացրել Սիլիկոնային հովտում ներդրողների շրջանում, ինչպէս նաեւ մի շարք թեստերում գերազանցել է ամերիկեան Open AI ընկերութեան ChatGPT արհեստական բանականութեան յաւելւածը: Հաղորդում է BBC-ն:

Արհեստական ​​բանականութեան չինական DeepSeek-R1 յաւելւածը դարձել է ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում եւ Չինաստանում Apple App Store-ի ամենաբարձր վարկանիշ ունեցող անվճար յաւելւածը:

Դրա շուրջ առաջացած մեծ հետաքրքրութիւնը փաստացի մարտահրաւէր է նետում լայն տարածում գտած համոզմունքին, որ ԱՄՆ-ն արհեստական ​​բանականութեան ոլորտում անվիճելի առաջատարն է:

Ինչպէս նշում է DeepSeek-ը, նոր չաթբոտն օգտագործում է աւելի էժան չիպեր եւ հիմնւում աւելի փոքր տւեալների վրայ:

Արհեստական բանականութեան օգնականը հիմնւած է բաց կոդով DeepSeek-V3 մոդելի վրայ, որն ըստ հետազօտողների մշակւել է 6 միլիոն դոլարից էլ պակաս գնով, ինչը զգալիօրէն աւելի քիչ է, քան մրցակիցների կողմից նմանատիպ մշակումների վրայ ծախսւած միլիարդները:  Այնուամենայնիւ, այս պնդումը վիճարկւում է արհեստական բանականութեան բնագաւառի այլ փորձագէտների կողմից:

DeepSeek-ը խուճապ է առաջացրել ֆոնդային շուկայում։ Երկուշաբթի առաւօտեան Եւրոպայում Nasdaq 100 էլեկտրոնային ֆոնդային բորսայում ֆիւչերսների գինը նւազել է 2.6%-ով, S&P 500-ում՝ 1,4%-ով: Ամերիկեան Nvidia տեխնոլոգիական ընկերութեան արժէթղթերի գինը նւազել է գրեթէ 10%-ով։ Արհեստական բանականութեան ոլորտում ներդրումների ուղղութեամբ կողմնորոշւած SoftBank Group-ի արժէթղթերի գինը նւազել է աւելի քան 8%-ով։

DeepSeek-ը հիմնադրել է չինացի միլիարդատէր եւ High-Flyer ներդրումային հիմնադրամի կառավարիչ Լիանգ Վենֆենգը: Deepseek-ն ամբողջութեամբ ֆինանսաւորւում է High-Flyer-ի կողմից եւ չի նախատեսում միջոցներ հայթայթել ներդրողներից:

Ընկերութիւնը «կենտրոնացած է հիմնարար տեխնոլոգիաների ստեղծման վրայ, այլ ոչ թէ կոմերցիոն յաւելւածների: Այն պարտաւորւել է ապահովել բաց կոդ իր բոլոր մոդելների համար,- գրում է ChinaTalk պորտալը։

R1 ձեւաչափով DeepSeek չաթբոտի թողարկումը բուռն բանավէճ է առաջացրել Սիլիկոնեան հովտում, թէ արդեօք ԱՄՆ արհեստական ​​բանականութեան ընկերութիւնները, ներառեալ Meta-ն եւ Anthropic-ը, կարող են պաշտպանել իրենց տեխնիկական առաւելութիւնը:

Related Articles

Back to top button