Բաքւի սպայակազմը ՆԱՏՕ-ի ցամաքային զօրքերի տարբերանշանո՞վ
«ԱԼԻՔ» – Բաքւի բանակի սպայակազմի զգեստի թեւերին սկսել են երեւալ ՆԱՏՕ-ի ցամաքային զօրքերը խորհրդանշող տարբերանշանը։ Այս մասին արդէն իսկ հրապարակումներ կան X հարթակի օգտատէրերի գրառումներում, որտեղ մեկնաբանութիւնները աւելի երկար են, քան ինքը՝ երկու տողանոց գրառումն է:
Կովկաս եւ Կենտրոնական Ասիա ներթափանցելու ՆԱՏՕ-ի փորձը չի սահմանափակւում միայն Հայաստանին նման խաղերի մէջ ներքաշելով: Այն գնալով ցոյց է տալիս իր իրական երեսն այս տարածաշրջանում: Սա իմանալով դարձեալ ոմանք, լաւագոյն դէպքում՝ աչքերը փակում են իրականութեան վրայ եւ փորձում են անտեսելով հարցը պատասխան գործընթացների բարդութիւնից ազատել իրենց, իսկ աւելի ճիշտ չբարձրաձայնելով իրականութիւնների մասին յարմար առիթ են որոնում իրենց ձուկը որսալու։
Նոյն գրառման տակ տեղադրւող մեկնաբանութիւններից մէկում էլ նշւած է, որ սիոնիստական բանակի հրապարակած տեսանիւթերում, սեղաններին է դրւած Թուրքիայից ուղարկւող, թուրք ազգայնականներին յարող բիզնեսմենի արտադրած հանքային ջուրը:
Sirma Su հանքային ջուրը Թուրքիայի Sirma Holding-ի արտադրանքն է, որի հիմնական բաժնետէրն է Դաւուդ Եշլին։ Այս անձը սերտ կապեր ունի պանթուրքերի, «Գորշ գայլեր»-ի եւ Էրդողանի «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան հետ։
Մեկնաբանութիւններում նշւած է նաեւ, որ բազմիցս տեսել ենք, թէ ինչպէս է Էրդողանը սպառնացել Իսրայէլի իշխանութիւններին եւ կոշտ յայտարարութիւններով պաշտպանել ՀԱՄԱՍ-ին։ «Սակայն թուրքական կառավարութիւնը միաժամանակ Իսրայէլի հիմնական առեւտրային գործընկերներից մէկն է աշխարհում։ Այսօր էլ, երբ պաղեստինցիներին կոտորում են, այդ առեւտուրը նոր թափ է արձանագրել»,- գրւած է մեկնաբանութիւններից մէկում։
Օրինակ՝ Իսրայէլի պարէնային կարիքների մեծ մասը (կանաչեղէն, մրգեր, հանքային ջուր), հումքային հանքանիւթեր (զէնք արտադրելու համար երկաթ եւ պողպատ) եւ վառելանիւթի ապահովումը վստահւած է թուրքական ընկերութիւններին: Դոկտ. Էհսան Մովահեդեանը եւս նոյն կապակցութեամբ գրառում է տեղադրել իր վարած հարթակներում, որտեղ նշել է, որ նոյեմբերին Անկարան եւ Բաքուն դէմ արտայայտւեցին Իսրայէլի նաւթային էմբարգոյին, քանի որ նրանք մատակարարում են Իսրայէլի վառելիքի աւելի քան 60%-ը: Թուրքական արտահանման ծաւալը դէպի Իսրայէլ կազմում է աւելի քան 6 մլրդ. դոլար։ Այժմ արիւնալի պատերազմում իսրայէլական բանակի խմելու ջրի եւ պարէնի ապահովումը գոյանում է հէնց այդ արիւնոտ դոլարներով:
Տրամաբանական է, եթէ այս շահոյթը ծախսւի համընթաց քաղաքականութեան իրականացման ուղղութեամբ: «Զարմանալի չէ, եթէ նկատելու լինենք, որ Բաքւի արտադրութեան գինու շշերի վրայ պատկերւած Ադրբեջանի Հանրապետութեան քարտէզում, Ադրբեջանի մաս է ներկայացւած Հայաստանի Սիւնիքը եւ նոյնիսկ Իրանի տարածքների մի մասը։ Սա հէնց այն երեւոյթների տեսակից է, որով ՆԱՏՕ-ի խորհրդանշաններին է առիթ տրւել աներեւոյթ կերպով յայտնւել Իրանի քթի տակ»,- գրում է փորձագէտը: