Միջազգային

Forbes. «Ինչի՞ վրայ է ծախսել գումարներն ահաբեկչութեան ֆինանսաւորման մէջ մեղադրւող Ռուբէն Վարդանեանը»

«Ինչի՞ վրայ է ծախսել գումարներն ահաբեկչութեան ֆինանսաւորման մէջ մեղադրւող Ռուբէն Վարդանեանը» վերնագրով յօդւածում Forbes-ն անդրադարձել է Ռուբէն Վարդանեանի՝ Հայաստանում իրականացւած ծրագրերին: «Ադրբեջանը Ռուբէն Վարդանեանին մեղադրում է ահաբեկչութեան ֆինասաւորման, ապօրինի զինւած խմբաւորումների ստեղծման եւ սահմանն ապօրինի հատելու մէջ: Forbes-ը ներկայացնում է այն հիմնական ծրագրերը, որոնց ուղղութեամբ գումարներ է ծախսել Ռուբէն Վարդանեանը»,- գրում է պարբերականը՝ այդպիսով ցոյց տալով, որ Վարդանեանի նախաձեռնութեամբ իրականացւած ծրագրերը ոչ մի հեռաւոր կապ անգամ չունեն ահաբեկչութեան ֆինանսաւորման հետ:

Հրապարակման մէջ ներկայացւել են Ռուբէն Վարդանեանի կողմից իրականացւած խոշոր կրթական, զբօսաշրջային եւ ենթակառուցւածքային, մարդասիրական, ինչպէս նաեւ սոցիալական ծրագրերը, մասնաւորապէս, «Տաթեւի վերածնունդ» -ը, Դիլիջանի միջազգային դպրոցի (UWC Dilijan) ծրագիրը, «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութիւնը:

Նշւում է, որ Ռուբէն Վարդանեանի ընտանիքի եւ նրա գործընկերների կողմից 2001-2023 թթ. շուրջ 700 մլն. դոլարի ներդրում է իրականացւել Հայաստանում, Արցախում եւ Հայկական աշխարհում: Տնտեսական զարգացման ոլորտում իրականացւած ներդրումներից բացի, մօտ 430 մլն. դոլար ուղղւել է կրթական ծրագրերին (202 մլն. դոլար), մարդասիրական նախաձեռնութիւններին (68 մլն. դոլար), մշակոյթի եւ պատմամշակութային ժառանգութեան պահպանան ծրագրերին (20 մլն. դոլար), զբօսաշրջային ծրագրերի միջոցով տարածքների զարգացման եւ ենթակառուցւածքային ծրագրերին (108 մլն. դոլար), գիտութեան եւ տեխնոլոգիաների, առողջապահութեան եւ ագրոէկոլոգիական նախագծերին (13 մլն. դոլար):

Յօդւածում ներկայացւում է նաեւ խոշոր ծրագրերի ազդեցութիւնը:

Նշւում է, որ UWC Dilijan-ը, որը «Միացեալ համաշխարհային կոլէջներ -UWC» ցանցի անդամ է, արդէն 820 շրջանաւարտ է տւել: 160 հայ պատանիներ ու աղջիկներ դպրոցի՝ UWC անդամակցութեան շնորհիւ միջազգային կրթութիւն ստանալու հնարաւորութիւն են ունեցել: Ուսանողների 74%-ը իրենց ուսման համար մասնակի կամ ամբողջական դրամաշնորհ են ստացել: 2016 թւականին Դիլիջանն ընդգրկւել է ԻՒՆԵՍԿՕ-ի Ուսումնառու քաղաքների համաշխարհային ցանցում:

 Անդրադառնալով «Տաթեւի վերածնունդ»-ին, նշւում է, որ նրա հիմնական նպատակը զբօսաշրջային ծրագրերի միջոցով տեղի բնակչութեան կեանքի որակի բարելաւումն էր: Հիմա արդէն Հայաստան այցելող իւրաքանչիւր 5-րդ զբօսաշրջիկ իր ծրագրում ընդգրկում է ճոպանուղին:

«Աւրորա» միաջազգային մարդասիրական նախաձեռնութեան շրջանակում աջակցութիւն է ցուցաբերւել 427 նախագծի (աւելի քան 3,2 մլն. մարդ): Պարբերականը նշում է, որ նախաձեռնութիւնն ստեղծւել է Հայոց Ցեղասպանութիւնը վերապրողների անունից՝ ի երախտագիտութիւն նրանց փրկողների: «Աւրորա» դրամաշնորհներն աջակցում են կրթական, մարդասիրական նախագծերին, պահպանում հայկական ժառանգութիւնը՝ յարգելով Հայոց Ցեղասպանութիւնը վերապրածներին փրկողների յիշատակը:

Պարբերականն անդրադարձել է նաեւ դեռ 2008 թւականից Ռուբէն Վարդանեանի կողմից Արցախում իրականացւած սոցիալական, բարեգործական, մշակութային ժառանգութեան պահպանման ծրագրերին՝ նշելով, որ ընդհանուր ներդրումները կազմել են շուրջ 8 մլն. դոլար:

News.am

Related Articles

Back to top button