ԻրանՀայաստան - ԱրցախՔաղաքական

Բաքւի նոր արկածախնդրութիւնը Կովկասում

Իրանը իրեն վերապահւած պատմական դերում

Իրանում հարցւողների 54 տոկոսը կողմ է թուրք-սիոնիստական նոր արկածախնդրութեանը տրւելիք  անհամաչափ կոշտ պատասխանին

«ԱԼԻՔ»- Հայաստանի դէմ նոր ռազմական գործողութիւններ սկսելու սպառնալիքի Բաքւի նպատակներից մէկը Արցախում նոր նախագահի ընտրութեանը հակազդելն ու գործընթացին դիմակայելն է, ինչը եւս անյաջողութեան մատնւեց: «Այսօր Արցախի խորհրդարանը ընտրեց նոր նախագահ, որը նպաստելու է  տարածաշրջանում քաղաքական ինստիտուտների կայունացման գործընթացին, իսկ դրա համար անհրաժեշտ է միասնութեան գործօնը, ինչի լաւագոյն օրինակը արցախահայութեան դիմադրողականութիւնն է, յատկապէս, Բաքւի կողմից իրականացւող բռնի սովամահութեան քաղաքականութեան շրջանում»,- իր գրառումներում նշել է իրանցի փորձագէտ դոկտ. Մովահեդեանը:

Իրանական փորձագիտական շրջանակների արձանագրած փաստերից է նաեւ այն, որ Արեւմուտքը փորձում է ՆԱՏՕ-Մոսկւա հակամարտութեան կողքին երկրորդ ճակատ բացելով Կովկասում առանց այդ էլ լարւած վիճակին պատերազմական շունչ հաղորդել, իհարկէ թուրք-իսրայէլական ռազմական համագործակցութեան գործօնի միջոցով:

Ադրբեջանի Հանրապետութեան բանակի տեղաշարժի եւ Հայաստանի սահմաններին դիրքաւորւելու մասին վերջերս բազմաթիւ տեսանիւթեր են տարածւում համացանցով մէկ: Պաշտօնական հարթակներում Նախիջեւանի եւ Ադրբեջանի Հայաստանի ԶՈՒ ստորաբաժանումների տեղակայման մասին եւս հրապարակումներ կան, ինչը վկայում է Բաքւի կողմից պարտադրւող նոր պատերազմ սկսելու վտանգի առկայութեան մասին:

Նոյն կապակցութեամբ դոկտ. Ահմադ Քազեմին սոցիալական ցանցերի հարթակում իր միկրոբլոգում «tweet» հրապարակելով անդրադարձել է Սիւնիքում հնարաւոր պատերազմին եւ նոյն հարցում Իրանին վերագրւող պատմական առաքելութեանը:

Փորձագէտը Բաքւի բռնապետին զանազանելով այդ երկրի շիա ժողովրդից, նշել է, որ իր տեսակով հակաշիա Ալիեւի նոր արկածախնդրութեանը Իրանի կողմից տրւելիք վճռական պատասխանից է կախւած տարածաշրջանի կայունութիւնը:  Ահմադ Քազեմին նոյն գծով թւարկել է Իրանի ռազմական միջամտութեան համար իրաւական բոլոր հիմքերը.

  1. ՄԱԿ-ի հռչակագիրը պաշտպանելու իրաւասութեան իրականացում:
  2. Սիոնիստա-թաքֆիրական ահաբեկչական խմբաւորումների սպառնալիքի չէզոքացում:
  3. Գրաւեալ տարածքներում Ադրբեջանի Հանրապետութեան ինքնիշխանութեան ճանաչման կանխումը Իրանի կողմից (քանի որ ներկայիս ճանաչումը հիմնւած է միջազգային սահմանների վրայ, ոչ թէ ագրեսիայի տակ գտնւող սահմաններով):
  4. Իրանցիների արդար կամքի դրսեւորում:

Մէկ այլ հրապարակման համաձայն՝ Բաքւում մեկնարկւել է ժողովրդի կողմից «Զոհ չգնալ յանուն Բաքւի տէրերի անձնական նպատակներին» շարժումը։

Ակտիւիստների կողմից տարածւող պաստառներում ու թռուցիկներում նշւած է. «Ձեր անձնական շահերի համար, մենք մեր երեխաներին Իրանի դէմ պատերազմի չենք ուղարկի:

Ձեր գրպանի համար մեր երեխաներին մահւան չենք ուղարկելու»:

Նոյնպէս Իրանի մեդիադաշտի ուշադրութեան կենտրոնում է յայտնել Կովկասում տիրող  իրադարձութիւնները, որի կապակցութեամբ ոչ-պաշտօնական դաշտում հրապարակումների նմանութիւնը խօսում է այն մասին, որ պատերազմի հարցում երկար փորձ ունեցող Իրանը լաւագոյնս գիտակցելով իրավիճակին յաջորդած պայմանների մասին, անհրաժեշտութիւն չի տեսնում պաշտօնական հարթակներում վերահրապարակել փորձագիտական շրջանակների հրապարակումները:

Նոյն կապակցութեամբ իրանցի լրագրող Մոհամմադ Մութլաղն («Իրան» օրաթերթ) իր միկրոբլոգում տեղադրած վերջին «tweet»-ում նշել էր. «Մենք յայտնւել ենք պատմութեան շրջադարձային կէտում: Այն նոյն հանգրւաններից մէկում, ինչով 100 տարի անց գալիք սերունդները պիտի պարծենան կամ անիծեն մեր տեսակը»։

Նա շարունակութեան մէջ նշել է, որ, եթէ Հարաւային Կովկասում պատերազմ լինի, ինչը կարծես անխուսափելի է թւում, եւ մենք կրկին հանդիսատեսի դերում լինենք, ապա այդպիսով աւիրած կը լինենք մեր երեխաների ապագան եւ անիծւած կը լինենք ընդմիշտ»։

Արժէ նշել, որ պատասխան գրառումներում միւս օգտատէրերը նշել են, որ Իրանը անհրաժեշտ նախազգուշացումները  տւել է բոլոր կողմերին, այդ թւում՝ Թուրքիայի արտգործնախարարին, իսկ երկրի հիւսիս-արեւմտեան շրջանում մեր ռազմական ուժերը, ներառեալ Իսլամական յեղափոխութեան Պահապանների կորպուսը եւ Բանակը, բերւել են  զգօնութեան ամենաբարձր աստիճանի եւ պատրաստ են պատասխանելու Բաքւի, Թուրքիայի եւ Իսրայէլի իւրաքանչիւր ոտնձգութեանը։

Ադրբեջանական աղբիւրների հաւաստմամբ՝ Իրանը դիւանագիտական ուղերձների միջոցով Բաքւին զգուշացրել է զսպւածութիւն ցուցաբերել Հայաստանի Սիւնիքի մարզի ուղղութեամբ  ռազմական գործողութիւն սկսելու գծով։

Նոյնի համաձայն՝ Բաքուն միջոցներ է ձեռնարկել Իսրայէլի եւ Թուրքիայի աջակցութեամբ անցնելու Բ-պլանի, իհարկէ եթէ Թեհրանը ռազմական հակազդեցութիւն ցուցաբերի:

Իրանի ռազմական հարցերով փորձագէտ Քամրան Ջաֆարին նոյն կապակցութեամբ մի լուսանկար է հրապարակել, որտեղ արձանագրւած է Թուրքիայի ԱԹՍ-ների հետախուզական թռիչքագծերը՝ Իրան-Թուրքիա սահմանի երկայնքով: Փորձագէտի կարծիքով դրանք կատարւում են  ի շահ Իլհամի եւ փորձ է արւում պատկերացում կազմել Իրանի ուժերի տեղակայման մասին: «Քանի որ Ալիֆի ռեժիմն իր լեգիտիմութիւնը ստանում է վարձկաններից, իսկ Էրդողանի վարչակարգի մասնակցութիւնը Հարաւային Կովկասում կախւած է պատերազմի շարունակութիւնից»:

Փորձագէտը յաւելել է, որ Իրանն իր ազգային շահերի հարցում սակարկութեան չի գնում: Դա  կարմիր գիծ է: Այն գծւել է վերջին մի քանի տարիների ընթացքում մեր երկրի շրջակայ միջավայրին վնաս պատճառող եւ սաբոտաժ անող արկածախնդիր ուժերի եւ արտատարածաշրջանային բոլոր տարրերի համար։

Իրականութիւնն այն է, որ Թուրքիայի արտգործնախարարի Թեհրան կատարած այցից յետոյ, չնայած Ազգային անվտանգութեան Բարձրագոյն խորհրդի քարտուղարի եւ արտգործնախարարի հրապարակային նախազգուշացմանը, դարձեալ Թուրքիան շարունակելով իր արկածախնդրութիւնները, ցանկանում է փախչել իր ներքին խնդիրներից, իհարկէ բրիտանա-սիոնիստական առանցքի ուղեկցութեամբ: Նրանք կարծում են, որ սեպտեմբերի երկրորդ կէսը լաւագոյն ժամանակն է պատերազմի սկսման համար, միաժամանակ հասկանալով, որ Իրանը ցանկացած խռովութեան փորձ վիժեցնելու է տեղում:

Ոչ պակաս ուշագրաւ է «Ազարիհա»-ի իրականացրած սոց-հարցումը, որին մասնակցում են փորձագիտական շրջանակների ակտիւիստները: Սալար Սէյֆոլդինին վերահրապարակելով հարցման արդիւնքները նշել է. «Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն պէտք է լինի Իրանի համապատասխան արձագանգը Բաքւի բռնակալ ռեժիմի կողմից Սիւնիքի վրայ ռազմական հնարաւոր յարձակման դէպքում» հարցման համար նշւած չորս պատասխաններին արձագանգել են հետեւեալ կերպ.

– Մնալ միայն դիտողի դերում, ինչպէս 2020 թւականի դէպքում եղաւ: (պատասխանել է հարցւողների 16%-ը)

-Հայաստանում սահմանափակ միջամտութիւնը բաւարար է։  (պատասխանել է հարցւողների 21%-ը)

-Անհրաժեշտ է լայնամաշտաբ եւ համապարփակ ռազմական միջամտութիւն Բաքւի եւ ՆԱՏՕ-ի կոալիցիայի դէմ:  (պատասխանել է հարցւողների 53%-ը)

-Սատարել Հայաստանի տարածքային ամբողջականութեանը միայն դիւանագիտական ճանապարհով: (պատասխանել է հարցւողների 10%-ը)

Առնչւող Յօդւածներ

Back to top button