FATF-ը ընթացք տւեց Իրանի բողոքագրին. FATF-ի թիւ 7 յանձնարարականը չի տարածւի Իրանի վրայ
Թիւ 7 յանձնարարականը ենթադրում է պատժամիջոցներ եւ ակտիւների սառեցում՝ զանգւածային ոչնչացման զէնքերի տարածման վարկածով
«ԱԼԻՔ» – Մերձաւոր Արեւելքում աշխարհափոփոխութիւններ իրականացնելու նկրտումներով բռնկւած հակամարտութիւնները ողջ տարածաշրջանն է կանգնեցրել պատերազմի վտանգի առաջ: Իրավիճակ, որը հետախուզական ծառայութիւնների միջեւ տեղի ունեցած հակահարւածների տեսքով առաւել կոշտ հարթութիւն տեղափոխւեց: Փորձագիտական շրջանակների կարծիքով տրամաբանական կը լինէր, եթէ իրավիճակից անմիջական ազդեցութիւն կրած լինէր տարածաշրջանի երկրների տնտեսութիւնը: Սակայն նոյն պայմաններում լրահոսում յայտնւեց Իրանը թիւ 7 յանձնարարականից ազատւած լինելու FATF-ի որոշման մասին լուրը:
ԻՌՆԱ-ի համաձայն՝ Իրանի Ֆինանսների նախարարութիւնից յայտնել են, որ ֆինանսական գործողութիւնների աշխատանքային խմբի (FATF) ղեկավարին յղած բողոքագրին ի պատասխան, FATF-ն ընթացք տալով Իրանի Իսլամական Հանրապետութեան պահանջին, հաշւի է առել փողերի լւացման եւ ահաբեկչութեան ֆինանսաւորման կանխարգելման հարցում Իրանի կաառավարութեան ջանքերը եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան անունը հանել թիւ 7 յանձնարարականի ցուցակից:
Յիշեցնենք, որ FATF-ի թիւ 7 յանձնարարականով ենթադրւում է պատժամիջոցներ՝ զանգւածային ոչնչացման զէնքերի տարածման հետ կապւած: Նշւած պատժամիջոցները կարող են տարածւել գործին միջամուխ կազմակերպութիւնների կամ անձանց միջոցների եւ ակտիւների վրայ՝ դրանց զաւթման իրաւունքուվ:
Նշելի է, որ փորձագէտների կարծիքով տարադրամների շուկայում գնային վերջին փոփոխութիւնները եւս պայմանաւորւած են եղել FATF-ի օրակարգային քննարկումներով: