ԻրանՄիջազգային

Սաիդ Իրաւանի. «Պատասխանատւութիւն չենք կրում տարածաշրջանում որեւէ անհատի կամ խմբի գործողութիւնների համար»

«ԱԼԻՔ» – ՄԱԿ-ում, Իրանի դեսպան եւ մնայուն ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրաւանին, Անվտանգութեան խորհրդի հերթական նախագահ՝ Ֆրանսիայի դեսպանին յղած նամակում շեշտել է. «Իրանի Իսլամական Հանրապետութիւնը պատասխանատւութիւն չի կրում տարածաշրջանում որեւէ անհատի կամ խմբի գործողութիւնների համար»:

ԻՌՆԱ-ի համաձայն, նամակում նշւած է. «Սոյն նամակագրութիւնը պատրաստւել է ի պատասխան ՄԱԿ-ում, Միացեալ Նահանգների մնայուն ​​ներկայացուցչի 2024 թւականի յունւարի 26-ի (S/2024/101) նամակին, որը «Պարունակում է անհիմն եւ անարդար յղումներ, որոնք նշում են, թէ՝ Իրանի Իսլամական Հանրապետութեան զինւած ուժերին կապւած աշխարհազօրայինները ներգրաււած են Իրաքում եւ Սիրիայում ամերիկեան օբիեկտների եւ անձնակազմի դէմ գործողութիւններում»:

Նա ընդգծել է. «Իրանի Իսլամական Հանրապետութիւնը կտրականապէս մերժում է նման անհիմն պնդումները»։ Նամակի մէջ Սաիդ Իրաւանին շեշտել է. «Յատկանշական է, որ Սիրիայում եւ Իրաքում, Միացեալ Նահանգների ձեռնարկած գործողութիւնները ե՛ւ անօրինական են, ե՛ւ Միջազգային իրաւունքի ու ՄԱԿ-ի կանոնադրութեան, մասնաւորապէս՝ Կանոնադրութեան 2-րդ յօդւածի 4-րդ կէտի խախտում: Ուստի, ՄԱԿ-ի կանոնադրութեան 51-րդ յօդւածով Անվտանգութեան խորհրդին ուղղւած նամակում, ԱՄՆ-ի ներկայացրածը զուրկ է իրաւական հիմքերից եւ չի կարող օրինականացնել նման գործողութիւնները»:

ՄԱԿ-ում, Իրանի մնայուն ​​ներկայացուցիչը դիմել է Անվտանգութեան խորհրդի հերթական նախագահին, որպէսզի այս նամակը գրանցի, որպէս Անվտանգութեան խորհրդի փաստաթուղթ եւ հասանելի դարձնի անդամներին։

Related Articles

Back to top button