ԻրանՀայաստան - ԱրցախՔաղաքական

Իրանցի փորձագէտը բացատրել է՝ Թեհրանի համար Հիւսիս-Հարաւ միջանցքի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի տարբերութիւնը

Իրանի համար Հիւսիս-Հարաւ միջանցքի շրջանակներում Հայաստանով եւ Ադրբեջանով անցնող ճանապարհները տարբեր նշանակութիւն ունեն։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում ասել է Իրանի եւ եւրասիական հետազօտութիւնների ինստիտուտի փորձագէտ Ղոդրաթօլլահ Շաֆիեն։

Նա բացատրել է, որ Ադրբեջանի դէպքում խօսքը գնում է դէպի Ռուսաստան, իսկ Հայաստանի ու Վրաստանի միջոցով դէպի Եւրոպա մուտք գործելու մասին։ Ուստի Իրանի համար այս երկու ճանապարհները բոլորովին այլ նշանակութիւն ունեն։

«Թեհրանը ձգտում է ապահովել ինչպէս Ադրբեջանի տարածքով մուտքը դէպի Ռուսաստան, այնպէս էլ՝ Հայաստանի տարածքով դէպի Եւրոպա»,- յաւելել է փորձագէտը։

Սա այն է, ինչ ցանկանում է նաեւ Հնդկաստանը, որը նոյնպէս ցանկանում է Իրանի միջոցով մուտք գործել դէպի Եւրոպա, այնուհետեւ Հայաստան եւ Վրաստան, յիշեցրել է Շաֆիեն։

«Դեռեւս յայտնի չէ, թէ երբ կը բացւի Ադրբեջանով ճանապարհը, դա կարող է տարիներ տեւել, քանի որ այս նախագծի շրջանակներում անհրաժեշտ է հէնց Իրանում կառուցել մօտ 100 կմ. երկարութեամբ երկաթուղի»,- ասել է փորձագէտը։

Միեւնոյն ժամանակ, նա կարծում է, որ միայն Ադրբեջանով դէպի հիւսիս ճանապարհի առկայութիւնը յղի է Թեհրանի համար ռիսկերով, քանի որ Ադրբեջանը կարող է օգտագործել իր տարանցիկ դերը՝ որպէս լծակ եւ ցանկութեան դէպքում փակել ճանապարհը եւ խնդիրներ ստեղծել Իրանի համար։

«Սակայն Ադրբեջանի կողմից նման սադրանքների դէպքում Իրանը դէպի Ռուսաստան այլընտրանքային ուղիներ ունի՝ կա՛մ Կասպից ծովով, կա՛մ Թուրքմենստանով, կա՛մ Ղազախստանով, որոնք արդէն գործում են։ Բայց Հայաստանով անցնող ճանապարհն այս առումով Իրանի համար շատ աւելի կարեւոր է, քանի որ դա ճանապարհ է դէպի Եւրոպա»,- յաւելել է նա։

Շաֆիեն նշել է եւրոպացիների՝ Հնդկաստան-Իրան-Հայաստան-Վրաստան-Եւրոպա ճանապարհով հետաքրքրւած լինելու կարեւորութիւնը։

«Եւրոպացիները նոյնպէս պէտք է աշխատեն այդ միջանցքի ստեղծման ուղղութեամբ, եւ, եթէ նրանք չեն ցանկանում աշխատել Իրանի հետ ամերիկեան պատժամիջոցների պատճառով, ապա այդ միջանցքն անօգուտ կը լինի»,- եզրափակել է փորձագէտը։

Առնչւող Յօդւածներ

Back to top button