«Մենք պէտք է Իրանի հետ անցկացնենք համատեղ զօրավարժութիւններ, ձեւաւորենք համատեղ անվտանգային որոշակի հովանոց». Վարդան Ոսկանեան
Հայաստանի տարածքային ամբողջականութիւնը որպէս կարմիր գիծ նախանշւել է Իրանի հոգեւոր առաջնորդի կողմից, այսինքն ամենաբարձր մակարդակով է այս մասին խօսւել, բայց մենք պէտք է դիտարկենք նաեւ հնարաւորութիւնների հարցը: Այս մասին News.am-ի հետ զրոյցում նշեց իրանագէտ Վարդան Ոսկանեանը:
«Մի պահ պատկերացնենք, եթէ Տաւուշում տեղի է ունենում ադրբեջանական յարձակում, ապա տեխնիկապէս Իրանն ունի դժւարութիւններ, էլ չխօսենք այն մասին, որ Հայաստան-Իրան յարաբերութիւններում փաստացիօրէն չկայ այն իրաւական հիմքը, որի հիման վրայ իրանցիները կը կարողանան ռազմական ուժ կիրառել եւ Հայաստանի հետ համատեղ ռազմական գործողութիւն իրականացնել:
Մենք ենք, որ պէտք է ձեւաւորենք այդ միջավայրը, որտեղ Իրանը կը կարողանայ անվտանգային առումով էլ աւելի մեծ դերակատարութիւն ունենալ ՀՀ տարածքային ամբողջականութեան ապահովման գործում:
Այսինքն մենք պէտք է անցկացնենք համատեղ զօրավարժութիւններ, ձեւաւորենք համատեղ անվտանգային որոշակի հովանոց, որի շրջանակներում երկու պետութիւնները կը կարողանան գործել ռիսկերի պայմաններում: Իսկ այդ ռիսկերը մշտապէս կան Հայաստանի պարագայում: Այս ընթացքում առնւազն մէկ խոշորածաւալ զօրավարժութիւն Իրանի հետ պէտք է անցկացւէր»,-ասաց նա՝ միաժամանակ նկատելով, որ իրանցիները կարող են գործել նաեւ լռելեայն դաշինքի պայմաններում, ինչը եւս կարող է արդիւնաւէտ լինել:
Իրանագէտի խօսքով, եթէ մենք չենք համագործակցում Իրանի հետ անվտանգութեան ոլորտում, մենք առնւազն բաց ենք թողնում մեր անվտանգութեան ճարտարապետութեան մէջ բաւական խոշոր դարպաս, որտեղից կարող է ներխուժում իրականացնել թշնամին: