Իսլ. յեղափոխութեան առաջնորդը ցաւակցել է նախագահի եւ նրա ուղեկիցների նահատակութիւնը
«ԱԼԻՔ» – Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին ցաւակցական ուղերձ է յղել Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիի, ԱԳ նախարար դոկտ. Հոսէյն Ամիր Աբդօլլահեանի, Թաւրիզի ուրբաթօրեայ աղօթքի աղօթապետ այաթ. Սէյէդ Մոհամմադ Ալի Ալ Հաշեմի եւ Արեւելեան Ատրպատականի նահանգապետ դոկտ. Մալեք Ռահմաթիի նահատակութեան կապակցութեամբ:
Յեղափոխութեան առաջնորդի ցաւակցագրում մասնաւորապէս նշւած է.
«Խորը կսկիծով եւ ցաւով տեղեկացայ Հանրապետութեան նախագահ այաթ. Ռէյիսիի եւ նրան ընկերակցողների մահւան մասին: Այս դժբախտ դէպքը տեղի է ունեցել ծառայութեան ժամանակ: Այս ազնւական եւ անձնուրաց անձնաւորութեան պաշտօնավարման ողջ շրջանը՝ թէ՛ նախագահութեան կարճ ժամանակահատւածում, թէ՛ մինչ այդ, ամբողջովին ուղղւած է եղել ժողովրդին, երկրին եւ իսլամին ծառայութեան:
Սիրելի Ռէյիսին չգիտէր, թէ ինչ բան է յոգնածութիւնը: Այս ողբերգական պատահարի արդիւնքում Իրանի ժողովուրդը կորցրեց անկեղծ եւ արժէքաւոր ծառային: Նրա համար ամէն ինչից գերադասելի էր մարդկանց բարօրութիւնն ու գոհունակութիւնը, որը վկայում էր Աստծոյ գոհունակութեան մասին: Ուստի որոշ չարամիտների անշնորհակալ վերաբերմունքից ու ծաղրանքներից նրա զայրոյթը չխանգարեց նրան գիշեր-ցերեկ աշխատել առաջընթացի եւ իրավիճակի շտկման ուղղութեամբ:
Այս պատահարի արդիւնքում, ականաւոր այլ անձնաւորութիւններ, ինչպիսիք են այաթ. Ալ Հաշեմը՝ Թաւրիզի հանրաճանաչ եւ վստահելի ուրբաթօրեայ աղօթապետը, պարոն Ամիր Աբդօլլահեանը՝ ակտիւ ու սկզբունքային արտաքին գործերի նախարարը, պարոն Մալեք Ռահմաթին՝ Արեւելեան Ատրպատականի յեղափոխական նահանգապետը, ուղղաթիռի անձնակազմն ու միւս ուղեկիցները նոյնպէս միացան աստւածային ողորմութեանը:
Ցաւակցում եմ Իրանի ժողովրդին եւ 5 օր համազգային սուգ եմ յայտարարում: Սահմանադրութեան 131-րդ յօդւածի համաձայն՝ պարոն Մոխբերը նշանակւում է Գործադիր ուժի ղեկավարի պաշտօնում: Նա պարտաւոր է Օրէնսդիր եւ Դատական ուժերի ղեկավարների հետ միասին, առաւելագոյնը 50 օրւայ ընթացքում կազմակերպել նոր նախագահի ընտրութիւնը:
Ամենակարող Բարձրեալից նախագահի յարգարժան մօր, տիկնոջ եւ ընտանիքի անդամների, ինչպէս նաեւ միւս բոլոր հանգուցեալների բարեկամների ու հարազատների համար հայցում եմ հոգու խաղաղութիւն եւ համբերութիւն»: