ԻրանՄիջազգային

Թեման՝ Պաղեստինը

Ամիր Աբդօլլահեանը հեռախօսազրոյցներ է ունեցել Չինաստանի եւ ՌԴ-ի ԱԳ նախարարների հետ

«ԱԼԻՔ» – ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը երէկ՝ դեկտեմբերի 11-ին հեռախօսազրոյց է ունեցել Չինաստանի ԱԳ նախարար Վանգ Իի հետ:

Հեռախօսազրոյցի ընթացքում կողմերը քննարկել եւ կարծիքներ են փոխանակել բազմակողմ եւ տարածաշրջանային յարաբերութիւնների, մասնաւորապէս Պաղեստինի վերջին զարգացումների վերաբերեալ:

Նշելով, որ տարածաշրջանում պատերազմի շրջանակն ընդլայնւել է, եւ եթէ Գազայի վրայ յարձակումներն անյապաղ չդադարեցւեն, ապա տարածաշրջանում պայթիւնավտանգ իրավիճակն անխուսափելի կը լինի, Ամիր Աբդօլլահեանն ասել է. «Սպիտակ տան դաշնակցի՝ Նեթանիահուի կեանքն ու գոյութիւնը պայմանաւորւած է պատերազմի եւ ցեղասպանութեան շարունակութեամբ»:

Իր դժգոհութիւնն յայտնելով Գազայում ցեղասպանութիւնը դադարեցնելու բանաձեւի դէմ ԱՄՆ-ի կողմից վետօ կիրառելու փաստի կապակցութեամբ, մեր երկրի ԱԳՆ ղեկավարը կարեւորել է Չինաստանի կառուցողական դերակատարութիւնը տարածաշրջանում խաղաղութեան ու կայունութեան հաստատման եւ Գազայում պատերազմի դադարեցման գործում:

Չինաստանի ԱԳ նախարարն էլ իր հերթին ափսոսանք յայտնելով Գազայում պատերազմի դադարեցման մասին բանաձեւի դէմ ԱՄՆ-ի կողմից վետօ կիրառելու կապակցութեամբ, նշել է. «Չինաստանի համար կարեւոր է հրադադարի ռեժիմի հաստատումն ու մարդասիրական օգնութեան անյապաղ առաքումը»:

Վանգ Ին յոյս է յայտնել, որ ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի առաջիկայ նիստը հնարաւորութիւն կընձեռի տարածաշրջանում հրադադարի հաստատման համար:

Նոյն թեմաներն են քննարկւել նաեւ երէկ կայացած Ամիր Աբդօլլահեանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովի հեռախօսազրոյցի ժամանակ:

Անդրադառնալով Գազայում հրադադարի ռեժիմի հաստատման բանաձեւի դէմ ԱՄՆ-ի կողմից վետօ կիրառելու փաստին, Ամիր Աբդօլլահեանը նշել է, որ Գազայում հրադադարի ռեժիմի հաստատման բանաձեւի դէմ վետոյի կիրառումը, թոյլ է տալիս շարունակել Գազայի բնակիչների ցեղասպանութիւնը: Նա կարեւորել է սիոնիստական ռեժիմի ԶՈՒ-ի կողմից իրականացւող ռազմական յանցագործութիւնների անյապաղ դադարեցումն ու հումանիտար օգնութեան առաքումը Գազա:

Սերգէյ Լաւրովն էլ իր հերթին ընդգծել է միջազգային ջանքերի անհրաժեշտութիւնը՝ հրադադարի ռեժիմի հաստատման, Գազային բնակիչներին մարդասիրական օգնութեան առաքման եւ պաղեստինեան անկախ պետութեան ձեւաւորման համար:

Related Articles

Back to top button