«Տիկտոկ-ուղեղ». ինչպէս են կարճ վիդէօները փոխում երեխաների ու դեռահասների մտածողութիւնը

ՍԻՐԱՐՓԻ ԱՂԱԲԱԲԵԱՆ
Վերջին տարիներին TikTok-ը, YouTube Shorts-ը եւ Instagram Reels-ը դարձել են այնպիսի հզօր հարթակներ, որոնք գրաւել են յատկապէս դեռահասների եւ երեխաների ուշադրութիւնը։ Մի քանի վայրկեան տեւողութեամբ տեսանիւթերը թւում են անմեղ, սակայն հետազօտութիւնները ցոյց են տալիս՝ դրանք կարող են փոխել ուղեղի աշխատանքը, ազդել ուշադրութեան, որոշումների կայացման եւ անգամ տրամադրութեան վրայ։
Ինչպէս են աշխատում կարճ վիդէօների հարթակները
TikTok-ի եւ նմանատիպ յաւելւածների հիմքում միեւնոյն սկզբունքն է՝ արագ հաճոյք, անմիջական արձագանք եւ անսահման սկրոլ։
Իւրաքանչիւր վիդէօ տեւում է ընդամէնը մի քանի վայրկեան, սակայն ուղեղը հասցնում է արձագանքել հումորին, երաժշտութեանը կամ վիզուալ շարժմանը։ Իւրաքանչիւր նման արձագանք ուղեղում առաջացնում է դոֆամինի՝ հաճոյքի հորմոնի արտադրութիւն։
Սա նշանակում է, որ երբ երեխան կամ դեռահասը դիտում է հետաքրքիր վիդէօ, նրա ուղեղը «պարգեւատրւում է»։ Իսկ երբ յաջորդ վիդէօն այնքան էլ հետաքրքիր չէ, նա անմիջապէս անցնում է միւսին՝ նոր «դոֆամինային հաճոյքի» որոնման մէջ։ Այդ արագ շրջապտոյտը ստեղծում է կախւածութիւն, որը շատ նման է խաղային կամ նոյնիսկ ալկոհոլային կախւածութեանը։
Ինչ են ասում գիտնականները
Չինացի հետազօտողները վերջերս պարզել են՝ TikTok-ի յաճախակի օգտագործումը կարող է փոխել ուղեղի կառուցւածքը։
111 ուսանողների մասնակցութեամբ կատարւած փորձը ցոյց է տւել, որ ընդամենը երկու ամիս տեւած ակտիւ դիտումից յետոյ նրանց մօտ նկատւել է քնի խանգարում, ուշադրութեան ցածրացում եւ նոյնիսկ ուղեղի մոխրագոյն նիւթի 2% նւազում՝ այն հատւածում, որը պատասխանատու է որոշումներ ընդունելու համար։
Մէկ այլ ուսումնասիրութեան ընթացքում շուրջ 1500 դպրոցականներ նշել են, որ երկարատեւ օգտագործումը յաճախ ուղեկցւում է դեպրեսիւ տրամադրութեամբ եւ ինքնագնահատականի անկումով։
Ամենակարեւորը՝ տարբերութիւն տղաների եւ աղջիկների միջեւ գրեթէ չկայ. այս հարթակները բոլորին նոյն կերպ են կախւածութեան մէջ գցում։
Ինչպէս է ձեւաւորւում «TikTok-ուղեղը»
Նէյրոհոգեբանները նոր երեւոյթ են առանձնացնում՝ «TikTok-ուղեղ»։
Սա այն վիճակն է, երբ մարդու ուղեղը սովորում է աշխատել արագ, փնտրել անմիջական արդիւնք եւ կորցնում է համբերութիւնը երկարատեւ, մտածող ջանքի նկատմամբ։
Երբ երեխան կամ դեռահասը սովոր է արագ հաճոյքին, նրան դժւար է կենտրոնացնել դասերի, ընթերցանութեան կամ որեւէ երկարատեւ աշխատանքի վրայ։
Ուղեղը սովորում է, որ հետաքրքիրն ու օգտակարը միշտ պէտք է գայ հեշտ ու արագ։
Այս պատճառով էլ մասնագէտները զգուշացնում են՝ երկարատեւ սպառումը կարող է յանգեցնել ուշադրութեան անկմանը, յուզական կայունութեան խանգարմանը եւ ինքնակարգաւորման խնդիրների։
Որ երկրներն են պայքարում TikTok-ի դէմ
Տարբեր երկրներ արդէն իսկ քայլեր են ձեռնարկել՝ սահմանափակելու յաւելւածի ազդեցութիւնը։
ԱՄՆ-ում TikTok-ն արգելւած է մի շարք պետական կառոյցների աշխատակիցների հեռախօսներում՝ անվտանգութեան եւ տւեալների արտահոսքի վտանգի պատճառով։
Հնդկաստանը 2020-ին ամբողջութեամբ արգելեց յաւելւածը՝ նշելով, որ այն սպառնում է ազգային անվտանգութեանը։
Կանադան, Աւստրալիան, Մեծ Բրիտանիան եւ մի քանի եւրոպական երկրներ եւս սահմանափակում են պետական ծառայողների կողմից յաւելւածի օգտագործումը։
Միաժամանակ Չինաստանում, որտեղ ստեղծւել է TikTok-ը (տեղական տարբերակը՝ Douyin), յաւելւածը գործում է շատ խիստ կանոններով. երեխաների համար սահմանւած է օրական ընդամէնը 40 րոպէ դիտման ժամանակ, իսկ գիշերը յաւելւածն ինքնաբերաբար փակւում է։
Այս քայլերը ոչ միայն ազգային անվտանգութեան, այլեւ հոգեբանական պաշտպանութեան նպատակ ունեն։
TikTok-ը շատ յայտնի յաւելւած է, բայց միաժամանակ շատ երկրների մօտ առաջացրել է անհանգստութիւն։ Բանն այն է, որ այն չինական ընկերութիւն է՝ ByteDance-ը, եւ շատ կառավարութիւններ վախենում են, որ իրենց քաղաքացիների տւեալները կարող են հասնել Չինաստանին կամ օգտագործւել ոչ ճիշտ նպատակներով։
Ահա հիմնական պատճառները՝
- Անվտանգութիւն եւ տւեալների պաշտպանութիւն
TikTok-ը հաւաքում է օգտւողների մասին շատ տեղեկութիւններ՝ որտեղից են միանում, ինչ տեսանիւթեր են նայում, ինչ են գրում կամ որոնում։
Շատ երկրներ ասում են՝ եթէ այդ տւեալները հասնեն օտար պետութեան կառավարութեանը, կարող են վտանգել ազգային անվտանգութիւնը։
- Քաղաքական եւ տեղեկատւական վտանգներ
Որոշ կառավարութիւններ վախենում են, որ TikTok-ի միջոցով կարելի է տարածել քարոզչութիւն կամ սխալ տեղեկատւութիւն, որը կարող է ազդել մարդկանց կարծիքների վրայ՝ օրինակ, ընտրութիւնների ժամանակ։
Օրինակ՝ ԱՄՆ-ում անգամ քննարկւել է, որ TikTok-ը կարող է օգտագործւել հանրային կարծիք ձեւաւորելու համար։
- Երեխաների վրայ վնասակար ազդեցութիւն
Շատ երկրներում նկատել են, որ TikTok-ը վնասում է երեխաների հոգեբանական առողջութեանը․ առաջացնում է կախւածութիւն, վատացնում է ուշադրութիւնը, ստիպում է համեմատել իրենց ուրիշների հետ ու ընկճւել։
- Բովանդակութեան վերահսկման խնդիր
TikTok-ում շատ արագ են տարածւում ամէն տեսակի տեսանիւթեր՝ նաեւ վնասակար կամ անպատշաճ։ Բոլոր հարթակները չեն հասցնում վերահսկել, թէ ինչ է յայտնւում հոսքում, իսկ երեխաները հեշտութեամբ տեսնում են այն, ինչ իրենց տարիքին չի համապատասխանում։
Ինչ կարող են անել ծնողները եւ ուսուցիչները
Մասնագէտները խորհուրդ են տալիս չփորձել ամբողջութեամբ արգելել հարթակների օգտագործումը. դա գրեթէ անհնար է։
Փոխարէնը՝ պէտք է ձեւաւորել գիտակցւած օգտագործման մշակոյթ․
-սահմանել օրական դիտման ժամանակ,
-խօսել երեխաների հետ բովանդակութեան որակի մասին,
-եւ ամենակարեւորը՝ ստեղծել իրական, ոչ թւային ակտիւութիւնների հաւասարակշռութիւն՝ սպորտ, ընթերցանութիւն, ընկերների հետ շփում։
TikTok-ը եւ միւս հարթակներն ինքնին վատ չեն․ դրանք կարող են լինել ուսուցողական, խթանել ստեղծարարութիւնը կամ հաղորդակցութիւնը։
Սակայն, երբ կարճ վիդէօները դառնում են հաճոյքի ու զւարճանքի միակ աղբիւրը, դրանք սկսում են փոխել մտածողութեան կառուցւածքը։
Եւ հէնց այդ ժամանակ ծնւում է «TikTok-ուղեղը»՝ մի երեւոյթ, որտեղ արագ հաճոյքը յաղթում է համբերութեանը, իսկ իրական կեանքը՝ դառնում մի փոքր աւելի ձանձրալի։
168.am



