Հասարակական

ԱՆԴՐԱԴԱՐՁ. ԱՉՔԸ ՆԱՅՈՒՄ Է, ՈՒՂԵՂԸ՝ ՏԵՍՆՈՒՄ

Թերթի վրիպումների անտեսանելի պատմութիւնը

ՀԱՏԻՍ

 

Կարդալ հետեւեալ պարբերութիւնը.

«Քեմրբիջի համալսրանին վերագւրած ուսումանսիրութիւնը ցյոց է տաիս, որ մրադու ուղեղը բառերի միան սկիզբն ու վեջրն է մշակում, իսկ միջնի տառրեը նոյնիսկ խռանւած լինելու դէքպում, կարղանում է ճիշդ կարդալ բառը»։

Առաջին հայեացքից այն կարծես սովորական տեքստ է։ Բայց այստեղ տառերը խառնւած են, բառերը՝ աղաւաղւած։ Եւ այնուամենայնիւ շատերը կարողանում են կարդալ այն գրեթէ առանց կանգ առնելու։

Տարիներ շարունակ այս փորձը շրջանառւել է որպէս «Քեմբրիջի համալսարանի ուսումնասիրութիւն»։ Թէեւ այդ ձեւակերպմամբ նման հետազօտութիւն չի հրապարակւել համալսարանի հարթակներում, օրինակը հիմնւում է մի իրական երեւոյթի վրայ. մարդու ուղեղը կարդալիս չի աշխատում որպէս պարզ տառաճանաչ մեքենայ։ Այն համադրում է տեսածը, յիշողութիւնը եւ ենթատեքստը՝ արագ վերականգնելով այն, ինչ ակնկալում է տեսնել։

Այդ կարողութիւնը մեզ օգնում է արագ կարդալ։ Բայց այն ունի նաեւ իր հակառակ կողմը. երբեմն մենք տեսնում ենք ոչ թէ այն, ինչ գրւած է, այլ այն, ինչ սպասում ենք կարդալ։

Հէնց այստեղ է թաքնւած խմբագրական աշխատանքի ամենամեծ մարտահրաւէրներից մէկը։ Հեղինակը յաճախ չի նկատում սեփական վրիպումը, որովհետեւ իր ուղեղը ճանաչում է մտադրութիւնը, ոչ միայն տառերը։ Միեւնոյն նախադասութիւնը, որը օտար աչքին անմիջապէս սխալ է թւում, հեղինակի համար կարող է մնալ աննկատ:

Լրագրութիւնը այս խնդրին աւելացնում է ժամանակի ճնշումը։ Ամենօրեայ թերթը ստեղծւում է սուղ ժամանակացոյցի թելադրանքներով։ Լուրը պէտք է գտնել, ստուգել, վերաձեւակերպել, խմբագրել, վերնագրել եւ հասցնել ընթերցողին։ Այդ ընթացքի մէջ երբեմն վրիպում են նոյնիսկ այն սխալները, որոնք յետոյ թւում են չափազանց ճչացող:

Սակայն սխալի գոյութիւնը չէ, որ որոշում է լրատւամիջոցի որակը։ Աւելի կարեւոր է՝ ինչպէ՞ս է այն վերաբերում սխալին։

Աշխարհի առաջատար թերթերն ու լրատւական կենտրոնները՝ The Guardian-ը, The New York Times-ը, Reuters-ը, ունեն ուղղումների հրապարակային մշակոյթ։ Նրանք չեն ձգտում ստեղծել անսխալականութեան պատրանք։ Նրանք ընդունում են, որ լրագրութիւնը մարդկային աշխատանք է, իսկ վստահութիւնը ծնւում է ոչ թէ երբեք չսխալւելուց, այլ սխալը նկատելու, ընդունելու եւ ուղղելու կարողութիւնից։

Ընթերցողի պահանջկոտութիւնը այս իմաստով ոչ թէ հակառակորդ է, այլ գործընկեր։ Սխալը նկատում է նա, ով կարդում է ուշադրութեամբ։ Իսկ ուշադրութեամբ կարդացող ընթերցողը մամուլի ամենամեծ արժէքն է։

Գուցէ իդէալական թերթը նա չէ, որում երբեք սխալ չի լինում։ Գուցէ իդէալական թերթն այն է, որտեղ չսխալւելուց աւելի մեծ է ճշգրտումների ձգտումը։

Related Articles

Back to top button