Հասարակական

Դեկտեմբերի 1-ը HIV-ի դէմ պայքարի համաշխարհային օր

HIV-ի տարածման փոփոխւող պատկերը Իրանում

Դեկտեմբերի 1-ին նշւող ՄԻԱՎ/HIV-ի դէմ պայքարի համաշխարհային օրւայ առիթով Իրանում հրապարակւած վիճակագրական տւեալները կրկին ուշադրութիւն են հրաւիրում հիւանդութեան տարածման փոփոխւող պատկերի, վաղ ախտորոշման եւ բուժման կարեւորութեան վրայ։

Իրանի առողջապահութեան նախարարութեան Վարակիչ հիւանդութիւնների վերահսկման կենտրոնի ղեկավար դկտր. Ղոբադի Մորադիի ներկայացմամբ երկրում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց թիւը գնահատւում է շուրջ 39 հազար 500։ Նրանցից 26 հազար 500-ը (ընդհանուրի շուրջ 67 տոկոսը), յայտնաբերւել եւ պաշտօնապէս գրանցւել են։ Գրանցւածներից 21 հազար 300-ը գտնւում են բուժման մէջ։

Վարակման պատկերի կարեւոր փոփոխութիւններից մէկը փոխանցման ուղիների փոփոխութիւնն է։ Եթէ նախկինում վարակման դէպքերի զգալի մասը կապւած էր թմրամիջոցներ օգտագործողների շրջանում ընդհանուր ներարկիչների կիրառման հետ, ապա ներկայումս արտամուսնական յարաբերութիւնները նշւում են որպէս վարակման հիմնական գործօններից մէկը։

Վարակւածների շուրջ 70 տոկոսը 20-40 տարեկան է, իսկ կանայք կազմում են ընդհանուր դէպքերի շուրջ 25 տոկոսը։ Կանանց շրջանում վարակման բաժնի աճը եւս առանձնացւում է որպէս համաճարակաբանական պատկերի ուշագրաւ փոփոխութիւն։

Բուժման ոլորտում ներկայացւած տւեալները որոշակի դրական պատկեր են արձանագրում։ Բուժում ստացողների 82 տոկոսի մօտ արձանագրւել է դրական արդիւնք, իսկ բուժման ընթացքում վիրուսի ճնշման ցուցանիշը հասել է 93 տոկոսի։

Իրանում HIV-ի դէմ դեղորայքային բուժումը տրամադրւում է անվճար։ Համապատասխան բուժման եւ բժշկական վերահսկողութեան շնորհիւ ՄԻԱՎ–ով ապրող մարդիկ կարող են ունենալ բնականոն ընտանեկան կեանք, ամուսնանալ եւ երեխաներ ունենալ։

Այդուհանդերձ, պայքարի կարեւոր խոչընդոտներից մէկը շարունակում է մնալ հասարակական խարանը։ Վարակւածներից ոմանք ամօթի կամ խտրական վերաբերմունքի ենթարկւելու մտավախութեամբ խուսափում են հետազօտւելուց եւ բժշկական օգնութեան դիմելուց։ Արդիւնքում ուշանում է ախտորոշումը, իսկ բուժման մեկնարկի ուշացումը կարող է բացասաբար անդրադառնալ դրա արդիւնաւէտութեան վրայ։

Ներկայացւած տւեալների համաձայն Իրանում տարեկան շուրջ 2 հազար մարդ մահանում է HIV-ի հետեւանքով։ ՄԻԱՎ-ի դէմ պայքարում, հետեւաբար, բուժման հասանելիութեան հետ մէկտեղ կարեւոր նշանակութիւն ունեն նաեւ կանխարգելումը, ժամանակին հետազօտւելը եւ հասարակական խտրականութեան վերացումը։

Related Articles

Back to top button