ԵԱ. Հռիփսիմէ Խուրշուդեանը բրոնզէ մեդալով աւարտեց մարզական կարիերան
Հռիփսիմէ Խուրշուդեանը իր մարզական կարիերայի վերջին մեդալը նւաճեց Սոֆիայում անցկացւող ծանրամարտի Եւրոպայի առաջնութիւնում: Կանանց 87 կգ. քաշային կարգում Հայաստանի առաջատար ծանրորդը մարզական կարիերայում 6 տարւայ դադարից յետոյ նորից ուժեղագոյնների պայքարում էր եւ երկրորդ տարին անընդմէջ բրոնզէ մեդալակիր է:
Հռիփսիմէ Խուրշուդեանը երկամարտում գրանցեց 227 կգ. (105+122):
Այս քաշային կարգում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Տաթեւ Յակոբեանը 227 կգ. արդիւնքով 4-րդն է (103+124):
Եւրոպայի չեմպիոն, 2023 թ. Եւրոպայի բրոնզէ մեդալակիր Հռիփսիմէ Խուրշուդեանը պոկում վարժութիւնում յաջողութեամբ բարձրացրեց 103 կգ., երկրորդ փորձից յետոյ՝ 105 կգ.: 2 երեխաների մայրը նւաճեց փոքր բրոնզէ մեդալ:
Տաթեւ Յակոբեանը յաջող կատարեց միայն մէկ մօտեցում, որով պոկեց 103 կգ.: Այս վարժութիւնում Յակոբեանը՝ 5-րդն է:
Հրում վարժութիւնում Խուրշուդեանը միայն մէկ մօտեցում յաջող կատարեց՝ բարձրացնելով 122 կգ.: Երրորդ անյաջող մօտեցումից յետոյ հանեց մարզակօշիկներն ու յայտարարեց մարզական կարիերան աւարտելու մասին: 2016 թւականի Եւրոպայի չեմպիոնն արցունքներով շնորհակալութիւն յայտնեց երկրպագուներին եւ հեռացաւ մրցահարթակից:
Տաթեւ Յակոբեանը հրումում միայն մէկ մօտեցում յաջողեց եւ բարձրացրեց 124 կգ.:
Այս քաշային կարգում Եւրոպայի չեմպիոնի տիտղոսը հերթական անգամ նւաճեց նորւեգացի Սոլֆրիդ Էիլա Ամենա Կոանդան (280 կգ.):
Երեւանում անցկացւած ծանրամարտի Եւրոպայի առաջնութիւնում Հռիփսիմէ Խուրշուդեանը երկամարտի 227 կգ. արդիւնքով նւաճել է բրոնզէ մեդալ (107+120)։
Սոֆիայում ընթացող Եւրոպայի առաջնութիւնում Հայաստանն արդէն նւաճել է 3 ոսկէ, 2 արծաթէ եւ 2 բրոնզէ մեդալներ:
Եւրոպայի չեմպիոններ են դարձել Ալեքսանդրա Գրիգորեանը (55 կգ.), Գոռ Սահակեանը (67 կգ.) եւ Յակոբ Մկրտչեանը (96 կգ.): Արծաթէ մեդալակիրներ են դարձել Դաւիթ Յովհաննիսեանը (96 կգ.) եւ բրոնզէ մեդալակիր՝ Ռաֆիկ Յարութիւնեանը (81 կգ.):
Sport.news.am