Հայաստանի օլիմպիական պատւիրակութեան դրօշակակիրները եղել են Դաւիթ Չալոյեանն ու Վարսենիկ Մանուչարեանը
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում մեկնարկել է քառամեակի գլխաւոր մարզական իրադարձութիւնը՝ ամառային 33-րդ Օլիմպիական խաղերը: Այս մասին յայտնում է armsport.am-ը։
Պատմութեան մէջ առաջին անգամ խաղերի բացումն անցկացւել է մարզադաշտից դուրս՝ Սէն գետի երկայնքով. թիմերը 85 նաւակներով անցել են 6 կմ. տարածութիւնն ու ողջունել հանդիսականներին: Հայաստանի օլիմպիական պատւիրակութեան դրօշակակիրները եղել են բռնցքամարտիկ Դաւիթ Չալոյեանն ու լողորդ Վարսենիկ Մանուչարեանը: Ֆրանսիայի մայրաքաղաքում ներկայացւած կը լինեն 206 օլիմպիական թիմերի 10,500 մարզիկներ։
Հայաստանը Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին կունենայ 15 ներկայացուցիչ` հրաձիգ Էլմիրա Կարապետեանը, մարմնամարզիկներ Արթուր Դաւթեանը (հենացատկ), Վահագն Դաւթեանը (օղակներ), ըմբիշներ Սլաւիկ Գալստեանը (յունահռոմէական ոճ, 67 կգ.), Մալխաս Ամոյեանը (յունահռոմէական ոճ, 77 կգ.), Արթուր Ալեքսանեանը (յունահռոմէական ոճ, 97 կգ.), Արսէն Յարութիւնեանը (ազատ ոճ, 57 կգ.), Վազգէն Թեւանեանը (ազատ ոճ, 65 կգ.), ծանրորդներ Անդրանիկ Կարապետեանը (89 կգ.), Գարիկ Կարապետեանը (102 կգ.), Վարազդատ Լալայեանը (+102 կգ.), բռնցքամարտիկ Դաւիթ Չալոյեանը (+92 կգ.), լողորդներ Արթուր Բարսեղեանը եւ Վարսենիկ Մանուչարեանը, աթլետ Երւանդ Մկրտչեանը: