ԻրանՄարզական

Մահացել է Իրանի ֆուտբոլի երեւելի մարզիչ Հասան Հաբիբին

«ԱԼԻՔ» – Իրանի ֆուտբոլի վաստակաւոր դէմքերից Հասան Հաբիբին երկուշաբթի՝ նոյեմբերի 2-ին, մահացել է Թեհրանի Շարիաթի հիւանդանոցում, այս մասին է տեղեկացնում  ԻՍՆԱ գործակալութիւնը։

Իրանի իսլամական յեղափոխութիւնից յետոյ Հաբիբին դարձել է երկրի ազգային հաւաքականի առաջին գլխաւոր մարզիչը։ Նա մեծ ներդրում է ունեցել իրանական ազգային եւ ակումբային ֆուտբոլի զարգացման գործում՝ պատրաստելով բազմաթիւ ֆուտբոլիստների։

Հաբիբիի անունը՝ «Սարհանգ» մականունով, յատկապէս մեծ համակրանք էր վայելում իրանահայ համայնքում՝ «Արարատ» ֆուտբոլային թիմի հետ ունեցած կապի եւ նրա արձանագրած յաջողութիւններում ունեցած ներդրման շնորհիւ։ Նրա անունը մնայուն տեղ է զբաղեցնում իրանահայ ֆուտբոլի պատմութեան մէջ։

«Սարհանգը» հանդէս է եկել Թեհրանի «Շահին», «Էսթեղլալ» եւ «Փաս» ակումբներում։ 1971 թւականի փետրւարի 7-ին նա պաշտօնապէս հրաժեշտ է տւել ֆուտբոլիստի իր կարիերային։

Նրա հրաժեշտի հանդիպմանը մասնակցել է Անգլիայի ազգային հաւաքականի նախկին աւագ, ֆուտբոլի լեգենդ Սըր Սթանլի Մաթիւսը, որի ներկայութիւնը յատուկ նշանակութիւն է հաղորդել այդ խորհրդանշական իրադարձութեանը։

Վերջերս Հասան Հաբիբին իր տանն էր հիւրընկալել «Արարատ»-ի լեգենդար ֆուտբոլիստներին։ Այդ հանդիպումը դարձաւ նաեւ նրա եւ իր նախկին սաների վերջին հանդիպումը՝ մահւանից առաջ։

Related Articles

Back to top button