Արթուր Դաւթեան. «Ձմեռ պապիկից խաղաղութիւն եմ ուզում մեր երկրի համար եւ, որ Հայաստանը դառնայ հզօր երկիր»
Մրցաշրջան-2023-ը հայկական սպորտի պատմութեան էջերում կը գրւի ոսկէ տառերով ի պատիւ մարմնամարզիկ, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզէ մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եւրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի գաւաթակիր 31-ամեայ Արթուր Դաւթեանի:
2023 թւականին Արթուր Դաւթեանը փառահեղ յաղթանակով նւաճեց Եւրոպայի չեմպիոնի տիտղոսը Թուրքիայում: Այնտեղ նրա պատւին հնչեց Հայաստանի հիմնը եւ բարձրացաւ դրօշը: Սա երկրորդ դէպքն էր, երբ ամբողջ աշխարհի հայերը վայեցելին ոչ միայն մեծ յաղթանակի բերկրանքը, այլեւ մեծ հպարտութիւն ապրեցին: Նախորդ անգամ 2021 թւականի ապրիլի 24-ին Արթուր Դաւթեանը հռչակւեց Եւրոպայի չեմպիոն եւ Հայոց Ցեղասպանութիւնը խորհրդանշող անմոռուկով կանգնեց պատւոյ հարթակին պարգեւատրման:
Մրցաշրջան 2023-ը Դաւթեանի համար նշանաւորւեց նաեւ անձնական կեանքում մեծ իրադարձութեամբ՝ ընտանիքի համալրումով: Մարմնամարզիկի ընտանիքում ծնւեց երկրորդ երեխան: Մրցաշրջանի աւարտին Դաւթեանը նւաճեց իր 4-րդ Օլիմպիական խաղերի ուղեգիրը:
News.am Sport-ը Արթուր Դաւթեանի հետ ամփոփել է յաղթանակներով ու ձեռքբերումներով լի մրցաշրջան 2023-ը:
– Մրցաշրջան-2023-ը…
– 2023 թւականը հետաքրքիր եւ յիշարժան ստացւեց ինձ համար: Մրցաշրջանը չէի գնահատի շատ լաւ, բայց արդիւնքները գոհացնող են: Տարին շատ լաւ էի սկսել: Աշխարհի գաւաթի բոլոր փուլերին մասնակցեցի, բոլորում յաղթեցի, Եւրոպայի առաջնութիւնում յաղթեցի, նաեւ բրոնզէ մեդալակիր դարձայ: Արդիւնքները շատ լաւ էին, բայց աշխարհի առաջնութիւնում տեղ չգրաւեցի, ինչի համար այդքան էլ գոհ չեմ: Կարեւորն այն էր, որ կարողացայ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նւաճել: Աշխարհի առաջնութիւնում նպատակս աւելի շատ վարկանիշ ձեռք բերելն էր, քանի որ ոտքի վնասւածք ունէի:
– Տարւայ ամենամեծ յաղթանակը…
– 2023 թւականի ամենամեծ յաղթանակը համարում եմ Եւրոպայի չեմպիոնութիւնը Թուրքիայում:
– Ձախողումը…
– Աշխարհի առաջնութիւնն էր ինձ համար ձախողում, պարտութիւն, քանի որ յենացատկում վատ հանդէս եկայ, ինչի պատճառով մեդալ չնւաճեցի:
– Եւրոպայի չեմպիոնութիւնը Թուրքիայում…
– Վառ տպաւորութիւններով եմ յիշում Թուրքիայում անցկացւած Եւրոպայի առաջնութիւնը, որտեղ յենացատկում նւաճեցի չեմպիոնի տիտղոսը: Այդ Եւրոպայի առաջնութիւնը շատ կարեւոր էր բոլորիս համար նախ, որ Թուրքիայում էր: Ինձ համար խնդիր էի դրել, որ պէտք է կարողանամ յաղթող ճանաչւել եւ Թուրքիայում մեր դրօշը բարձրացնեմ, հիմնը հնչեցնեմ: Ուրախ եմ, որ կարողացայ անել: Այնտեղ շատ խոչընդոտներ եղան մեզ համար, օրինակ՝ լուսաբացին, ժամը 5-ին դոպինգ վերահսկողութիւնը եկաւ: Ես չհասկացայ, թէ ինչու է դոպինգ վերահսկողութիւնն այդ ժամին եկել: Բացի այդ՝ մեր դրօշի փոխարէն Կոլումբիայի դրօշն էին կախել, իբրեւ թէ սխալւել էին: Ասես՝ ուզենային ինչ-որ կերպ մեզ խանգարել, նեարդայնացնել, կամ, գուցէ, այդ իրադարձութիւնները զուտ զուգադիպել էին, չգիտեմ, վստահ չեմ կարող ոչ մի որակում տալ: Կարեւորը՝ կարողացանք լաւ մասնակցել, մեդալներ նւաճել, չեմպիոն դառնալ: Վահագն Դաւթեանը փոխչեմպիոն դարձաւ, ես բրոնզէ մեդալ նւաճեցի նաեւ նժոյգ թափերում: Շատ ուրախ եմ, հպարտ եմ, որ այդ երկրում կարողացայ չեմպիոն դառնալ: Այնտեղ դրօշը ծածանելը, մեր հիմնը հնչեցնելը մի այլ ձեւի հաճելի էր:
Յիշում եմ, երբ 2021 թւականին Եւրոպայի չեմպիոն դարձայ ապրիլի 24-ին: Լաւ ես քեզ զգում, որ երկրիդ համար կարեւոր, պատմական, գուցէ տխուր օրը կարողանում ես չեմպիոն դառնալ եւ մի փոքր ուրախացնել քո ազգին: Ճիշտ է, Ցեղասպանութիւնից 100 տարի եւ աւելի արդէն անցել է, բայց մենք միշտ յիշելու ենք: Իրենք էլ գիտեն, որ մեզ համար ապրիլի 24-ը յատկանշական է եւ իրենց համար հաճելի չէ, որ այդ օրը մենք ունենում ենք չեմպիոն:
Այդպէս առանձնայատուկ յոյզերով էլ յիշում եմ Թուրքիայում ոսկէ մեդալով պարգեւատրւելս, պահը, երբ հնչում էր մեր հիմնը, դրօշն էր բարձրանում այդ երկրում: Հպարտութեան զգացողութիւններ եմ ապրում, որ կարողացայ իմ հնաւարութիւնների չափով իմ առջեւ դրւած խնդիրը լաւ կատարել եւ բարձր արդիւնք ունենալ: Աւելի հաճելի էր հէնց Թուրքիայում դառնալ չեմպիոն, եթէ համեմատեմ միւս երկրների հետ:
– Աշխարհի առաջնութիւնն առանց մեդալի…
– Ափսոսում եմ, որ առանց մեդալի վերադարձայ աշխարհի առաջնութիւնից, բայց կայ մի լաւ ասացւածք՝ չկայ չարիք, առանց բարիք: Ոչինչ հէնց այնպէս չի լինում. ես այստեղ էլ կարողացայ իմ գլխաւոր խնդիրը լուծել՝ նւաճել օլիմպիական ուղեգիր: Այն, ինչի համար ամենաշատը գնացել էի աշխարհի առաջնութիւն, ես արեցի. վարկանիշը ձեռք բերեցի:
Երբ 2021 թւականին Եւրոպայի առաջնութիւնում նժոյգ թափերում դարձայ չեմպիոն, յենացատկում տեղ չգրաւեցի, Յակոբ Սերբոեանն ասաց՝ «ոչինչ, կարեւորը Տոկիոյի Օլիմպիական խաղերում մեդալ նւաճես»: Այդպէս էլ ստացւեց: Տոկիոյում բրոնզէ մեդալակիր դարձայ: Նոյնը այստեղ է. գուցէ ես մեդալ նւաճէի աշխարհի առաջնութիւնում, աւելի թոյլ պատրաստւէի Փարիզի Օլիմպիական խաղերին: Զգայի ինձ որպէս աշխարհի չեմպիոն եւ աւելի քիչ լուրջ մօտենայի Փարիզ-2024-ին: Այս պարագայում, երբ ես վատ մասնակցեցի աշխարհի առաջնութիւնում, պարտւած եմ ինձ զգում, ինչն ինձ աւելի մեծ եռանդ է տալիս Փարիզում յաղթելու համար: Յաղթելու ցանկութիւնը կրկնապատկւել է աւելի հասուն ձեւով:
– Փարիզի Օլիմպիական ուղեգիրը…
– Փարիզ-2024-ն իմ 4-րդ Օլիմպիական խաղերն են: Լարւածութիւն կայ ու լինելու է, որքան էլ 3 Խաղերի փորձ ունեմ: Շատ կարեւոր է, որ ես հասկանամ՝ լաւ մարզավիճակում եմ: Ինձ յաղթելու վստահութիւն է տալիս միայն լաւագոյն մարզավիճակս: Աւելի հեշտ է այդ պարագայում: Երբ պատկերացնում եմ, որ նորից պէտք է մրցահարթակ բարձրանամ, ձեռք բարձրացնեմ եւ ցատկեմ, տպաւորութիւն է, թէ առաջին անգամ եմ մասնակցելու: Այդ պահին չես էլ հասցնում մտածել, թէ քո որերրորդ խաղերն է կամ առաջնութիւնը: Լարւածութիւնն այնքան շատ է լինում, որ միակ մտածմունքը կատարեալ ցատկ անելն է, հնարաւորութիւնը չկորցնելը: Մենք ունենք երկու ցատկի հնարաւորութիւն, բայց ամէն մի ցատկ մի հնարաւորութիւն է եւ որոշիչ: Չունենք կորցրած միաւորները յետ բերելու ժամանակ, կիլոգրամները յետ բերելու կամ առաջ անցնելու մօտեցումներ: Բոլոր մարզաձեւերում էլ շատ բարդ է, բայց մարմնամարզութիւնում կրկնակի բարդ է: Երկու ցատկ, մէկական հնարաւորութիւն, երկուսի դէպքում էլ միաւորների հաշւարկ: Ես արդէն մի դառը փորձ ունեմ: Աշխարհի առաջնութիւնում առաջին ցատկը վատ ստացւեց, երկրորդը՝ իդէալական, բայց ոչինչ չտւեց ինձ այդ իդէալական ցատկը, քանի որ առաջին ցատկում արդէն կորցրել էի այնքան միաւորներ, որ տեղ չզբաղեցրի, երկրորդ ցատկն էլ ոչնչով չօգնեց, ոչինչ չփոխեց:
Արդէն եկել է պահը, որ նւաճեմ օլիմպիական ոսկէ մեդալը: Իմ մեդալային հաւաքածուում պակասում է օլիմպիական ոսկէ մեդալը: Ամէն ինչ կանեմ, որ նւաճեմ այն: Ինձանից կախւած ամէն ինչ անելու եմ, ամենալուրջ ձեւով պատրաստւելու եմ, որ հասնեմ ոսկէ մեդալին եւ մեր երկրի պատիւը բարձր պահեմ:
– Ամենամեծ ձեռքբերումը…
– Չգիտեմ, որքանով է ձեռքբերում, բայց այս տարւայ ամենաուրախ պահերից մէկն ինձ համար երկրորդ երեխայիս ծնունդն էր: Ես այս տարի երկրորդ անգամ դարձայ հայր: Շատ բարդ ու միեւնոյն ժամանակ հաճելի է լինել երկու երեխաների հայր, յատկապէս երբ փոքրիկը գիշերները չի քնում, միւս երեխադ էլ չի քնում, այդպէս բոլորով չենք քնում (ծիծաղում է): Ցանկացած իրավիճակում երեխայի ծնունդն ամենահաճելի, երջանիկ զգացողութիւնն է աշխարհում: Ես երջանիկ եմ, որ երկու աղջիկների հայր եմ:
– Ամենայիշարժան օրը…
– Իմ պարագայում օրեր կը նշեմ: Երկու յիշարժան օր ունեցայ 2023-ում, որոնք միշտ կը լինեն իմ յիշողութեան մէջ: Առաջինը Եւրոպայի չեմպիոնութիւնը Թուրքիայում ապրիլի 16-ը եւ կրտսեր աղջկաս՝ Ադրիանայի ծնւելու օրը՝ յունիսի 26-ը:
– 2023-ի կատարւած երազանքը…
– Եթէ անկեղծ՝ չեմ յիշում, թէ ինչ երազանք եմ պահել 2023-ի համար, բայց վերջին տարիներին միակ ցանկութիւնս, երազանքս, միտքս խաղաղութիւնն է. որ մեր երկրում խաղաղութիւն լինի:
– 2024-ի երազանքը…
– 2024-ում մարզական կարիերայում մեծ երազանքս օլիմպիական ոսկէ մեդալն է, բայց նորից առաջինը երազում եմ խաղաղութեան մասին: Եթէ խաղաղութիւն լինի, ամենքս մեր ոլորտում կարող ենք հասնել ինչ-որ բանի, ունենալ մեծ յաջողութիւններ: Թող լինի խաղաղութիւն, մենք էլ մեր ոլորտներում ունենանք մեծ յաղթանակներ, իսկ ես իմ ոլորտում՝ դառնամ օլիմպիական չեմպիոն:
– Նամակ ինքդ քեզ…
– Եթէ ինձ նամակ գրէի, կասէի՝ «Արթուր ջան, շնորհակալ եմ քեզ, գոհ եմ: Կարողացար Եւրոպայի չեմպիոն դառնալ, երեխայ ունեցար, ուղեգիր նւաճեցիր: Գուցէ կարող էիր անել աւելին, բայց գոհ եմ, որ այսքան յաջողութիւններ ունեցար: Օլիմպիական չեմպիոն ես ուզում դառնալ: Պայքարիր, արա՛ ամէն ինչ՝ նպատակին հասնելու համար: Ամէն ինչ մեր ձեռքերում է»: Այդ նամակում շնորհակալութիւն կասեմ Աստծուն այն ամենի համար, ինչ ունեմ, որ հարազատներս առողջ են, իմ կողքին են ու կը խնդրեմ խաղաղութիւն մեր երկրի համար:
– Նամակ Ձմեռ պապին…
– Ձմեռ պապիկից նոյնը կուզեմ՝ խաղաղութիւն մեր երկրին եւ որ Հայաստանը դառնայ հզօր երկիր:
Շնորհաւորում եմ բոլորի Նոր տարին եւ Սուրբ Ծնունդը: Թող բոլորի երազանքներն իրականանան Նոր տարում:
Լուսինէ Շահբազեան