
«ԱԼԻՔ» – Կատարում շարունակւում է Ֆուտբոլի Ասիայի գաւաթը: Երէկ՝ յունւարի 20-ին E խմբում տեղի ունեցաւ երկու հանդիպում:
Յորդանան-Հարաւային Կորէա հանդիպումը կարող էր դառնալ ընթացիկ մրցաշրջանի երկրորդ անակնկալը, եթէ, իհարկէ, յորդանանցիներին յաջողւէր պահպանել յաղթական՝ 2-1 հաշիւը: 90+1 րոպէին Յորդանանի պաշտպանի ինքնագոլի շնորհիւ, հարաւկորէացիներին յաջողւեց խուսափել անակնկալ պարտութիւնից: Հանդիպումն աւարտւեց ոչ-ոքի՝ 2-2 հաշւով:
Այս խմբի միւս խաղում Բահրէյնը 1-0 հաշւով պարտութեան մատնեց Մալայզիայի ընտրանուն:
Երկու տուրից յետոյ, Յորդանանը եւ Հարաւային Կորէան ունեն 4-ական միաւոր: Բահրէյնը 3-ական միաւորով երրորդ հորիզոնականում է, իսկ Մալայզիան առանց միաւորի եզրափակում է խմբի մրցաշարային աղիւսակը:
Այսօր կաւարտւի մրցաշարի խմբային փուլի երկրորդ տուրը: F խմբում կը կայանայ երկու հանդիպում. Օման-Թայլանդ, Կիրգիզստան-Սաուդական Արաբիա: