Հայաստան - ԱրցախՔաղաքական

Լաչինի միջանցքի շրջափակումը պէտք է դիտարկւի որպէս ‎ցեղասպանութիւն

Եւրոխորհրդի Նախարարների կոմիտէի հանդիպմանը սեպտեմբերի 6-ին ‎քննարկւել է Լաչինի միջանցքի արգելափակումը եւ հումանիտար ճգնաժամը ‎Լեռնային Ղարաբաղում։ Յայտնել է ԵԽ-ում Հայաստանի մշտական ‎ներկայացուցչութիւնը: ‎

ԵԽ գլխաւոր քարտուղար Մարիա Պէյչինովիչ Բուրիչը Նախարարների ‎կոմիտէին ներկայացրել է մայիս-յուլիսին ԵԽ բարձրաստիճան ‎պատւիրակութեան Հայաստան եւ Ադրբեջան կատարած այցերի արդիւնքները։

Մի շարք պատւիրակութիւններ, այդ թւում նաեւ՝ Եւրոմիութեան ‎պատւիրակութիւնը, հանդէս են եկել Լաչինի միջանցքում ստեղծւած ‎իրավիճակի վերաբերեալ յայտարարութիւններով։

Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրեանը նշել է, ‎որ Հայաստան այցի ընթացքում ԵԽ բարձրաստիճան պատւիրակութիւնը, ‎մեկնելով Լաչինի միջանցքի սկզբնամաս, տեղում ականատես է դարձել Լաչինի ‎միջանցքի ամբողջական արգելափակմանը։ Ընդգծել է, որ Ադրբեջանն իր ‎գործողութիւններով բացայայտ ի ցոյց է դնում իր իրական նպատակը՝ ‎Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների իրականացումը, ինչն ‎անհամատեղելի է Ադրբեջանի՝ Եւրոխորհրդին անդամակցութեամբ ‎ստանձնած պարտաւորութիւնների հետ։

Դեսպանը շեշտել է Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակման ‎հետեւանքով ստեղծւած հումանիտար եւ մարդու իրաւունքների ճգնաժամը ‎րոպէ առաջ կասեցնելու անհրաժեշտութիւնը: Յորդորել է Ադրբեջանին ‎դադարեցնել շրջափակումը եւ լիարժէք կերպով կատարել Միջազգային ‎արդարադատութեան դատարանի եւ ՄԻԵԴ-ի իրաւականօրէն պարտադիր ուժ ‎ունեցող որոշումները։ ‎
‎«Որպէս առաջնային հրատապ քայլ՝ Եւրոխորհուրդը պէտք է ‎փաստահաւաք առաքելութիւն գործուղի Լաչինի միջանցք եւ Լեռնային ‎Ղարաբաղ։ Փաստահաւաք առաքելութիւն հայցւել է նաեւ Լաչինի միջանցքի ‎վերաբերեալ ԵԽԽՎ բանաձեւում, իսկ ԵԽ մարդու իրաւունքների ‎յանձնակատար Դունիա Միատովիչը հաստատել է պատրաստակամութիւնը ‎մեկնելու Լեռնային Ղարաբաղ»,- նշել է դեսպան Խաչատրեանը։

Լեռնային Ղարաբաղի բնակչութեան իրաւունքների եւ անվտանգութեան ‎հարցերը պէտք է լուծում գտնեն Բաքու-Ստեփանակերտ երկխօսութեան ‎միջազգային մեխանիզմի շրջանակներում:‎

Նախարարների կոմիտէի օրակարգային մէկ այլ կէտի ներքոյ քննարկւել է ‎Միջազգային քրէական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենօ ‎Օկամպոյի՝ «Ցեղասպանութիւն հայերի դէմ 2023 թւականին» զեկոյցը։ ԵԽԽՎ ‎պատգամաւոր Պիետեր Օմցիգի գրաւոր հարց էր ուղղել ԵԽ Նախարարների ‎կոմիտէին, թէ ինչ քայլեր է ձեռնարկել Նախարարների կոմիտէն՝ ‎կանխարգելելու հայերի դէմ ցեղասպանութեան իրականացումը, եւ արդեօք ‎առկայ սպառնալիքը հետեւանքներ ունի՞ ԵԽ անդամ Ադրբեջանի համար։

Դեսպան Խաչատրեանն անդրադարձել է Օկամպոյի զեկոյցին եւ ներկայացրել է ‎դրա եզրակացութիւնը, որ Լաչինի միջանցքի շրջափակումը պէտք է դիտարկւի ‎որպէս ցեղասպանութիւն՝ համաձայն Ցեղասպանութեան յանցագործութիւնը ‎կանխելու եւ դրա համար պատժի մասին կոնւենցիայի 2-րդ յօդւածի։

Նա տեղեկացրել է, որ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների եւ ‎ցեղասպանութեան վտանգների վերաբերեալ առկայ են նաեւ այլ հեղինակային ‎կարծիքներ եւ զեկոյցներ, ինչպէս օրինակ ՄԱԿ-ի Գլխաւոր քարտուղարի ‎Ցեղասպանութեան կանխարգելման հարցերով նախկին յատուկ խորհրդական ‎Խուան Մենդէսի զեկոյցը։

Դեսպանն ընդգծել է, որ Ադրբեջանի գործողութիւններն ընդդէմ Լեռնային ‎Ղարաբաղի հակասում են ԵԽ սկզբունքներին եւ արժէքներին: Եւրո‎խորհուրդը չի կարող անհետեւանք թողնել Ադրբեջանի անդամակցութեան եւ ‎կոնւենցիոն պարտաւորութիւնների ակներեւ խախտումները։

Առնչւող Յօդւածներ

Back to top button