Միջազգային

Ադրբեջանը մտադիր է գրաւել Հայաստանը եւ ստեղծել «Արեւմտեան Ադրբեջան»

Մինչ հայերը զբաղւած են Արցախի կորստով եւ փորձում են յաղթահարել դրա ողբերգական հետեւանքները, Ադրբեջանը բազմացնում է իր պահանջները՝ մեկնարկելով քարոզարշաւ՝ պնդելով, որ Հայաստանի Հանրապետութեան ողջ տարածքը իբրեւ թէ «Արեւմտեան Ադրբեջան» է: Աշխարհում ոչ մի խելամիտ մարդ լրջօրէն չի ընդունի այս խոշոր սուտը, այն պարզ պատճառով, որ Ադրբեջանը ստեղծւել է ընդամէնը մէկ դար առաջ, մինչդեռ Հայաստանը գոյութիւն ունի հազարամեակներ ի վեր: Նոյնիսկ «Կոկա Կոլան» աւելի հին է, քան Ադրբեջանը…

Նախագահ Ալիեւի օրհնութեամբ «Արեւմտեան Ադրբեջանի համայնք»-ի ստեղծումից յետոյ Ադրբեջանը համաշխարհային արշաւ սկսեց՝ իր անհեթեթ ծրագիրն ամբողջ աշխարհում եւ ՄԱԿ-ում տարածելու համար: Այն հայերը, որոնք մտահոգւած են Հայաստանի Սիւնիքի մարզի կամ, այսպէս կոչւած, «Զանգեզուրի միջանցք»-ի շուրջ Ադրբեջանի ծաւալապաշտական ծրագրերով, պէտք է աւելի անհանգստացած լինեն՝ ամբողջ Հայաստանի Հանրապետութիւնը գրաւելու Ադրբեջանի չափազանց մեծ ախորժակից՝ Արցախի բռնազաւթումից յետոյ։

Ահա այն չորս գործողութիւնները, որոնք Ադրբեջանը ձեռնարկել է վերջին ամիսներին ՄԱԿ-ում.

1) 2023 թւականի յունւարի 17-ին ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպան Եաշար Ալիեւը Գլխաւոր ասամբլեայի եւ Անվտանգութեան խորհրդի բոլոր անդամներին տարածեց «Արեւմտեան Ադրբեջանի համայնք»-ի նամակը՝ յայտարարելով, որ «Ներկայիս Հայաստանի տարածքից վտարւած բոլոր ադրբեջանցիները եւ նրանց սերունդներն իրաւունք ունեն վերադառնալու իրենց հայրենիք»։

2) 2023 թւականի փետրւարի 22-ին Ադրբեջանը ՄԱԿ-ին ներկայացրեց երկրորդ նամակը, որում հայերը մեղադրւում էին «բռնութեան, ցեղասպանութեան, ջարդերի, մարդկութեան դէմ այլ յանցագործութիւնների կատարման եւ մարդու իրաւունքների կոպիտ ոտնահարման մէջ։ Այս գործընթացը յատկապէս կատաղի եւ դաժան է եղել 1905-1906, 1918-1921, 1948-1953 եւ 1987-1991 թւականներին»։ Նամակում նշւում էր, որ «ներկայիս Հայաստանում ադրբեջանական պատմամշակութային ժառանգութիւնը, ներառեալ մզկիթներն ու գերեզմանները, զանգւածաբար ոչնչացւել են, տեղանունները փոխւել եւ պարբերաբար իրականացւել է ռասսայական խտրականութիւն ադրբեջանցիների նկատմամբ»։

Աւելին, Ադրբեջանը ՄԱԿ-ից պահանջեց ձեռնարկել հետեւեալ քայլերը Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման համար.

«-Իրաւաբանօրէն պարտաւորեցնող միջազգային համաձայնագրի ձեռքբերում՝ համապատասխան ստուգման եւ երաշխիքների մեխանիզմներով՝ ապահովելով ներկայիս Հայաստանի տարածքից վտարւած ադրբեջանցիների կամաւոր անվտանգ ու արժանապատիւ վերադարձն իրենց հայրենիք.

-Վերադարձի գործընթացի ապահովում անվտանգութեան, մարդասիրական եւ սոցիալ-տնտեսական աջակցութեան համապատասխան ծրագրերով.

-Միջազգային մոնիտորինգի, հաշւետւողականութեան, անվտանգութեան, միջամտութեան եւ այլ անհրաժեշտ միջոցառումների իրականացում` արտաքսման, խտրականութեան եւ վերադարձած բնակչութեանը վնասելու կրկնութիւնը կանխելու համար.

-Վերադարձողների կայուն վերականգնման եւ վերաինտեգրման ապահովում՝ միջազգային հսկողութեան ներքոյ վերակառուցման եւ հաշտեցման միջոցառումների իրականացման միջոցով»:

ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպանը պահանջել է, որ Հայաստան վերադարձող ադրբեջանցիներն «անարգել հաղորդակցութիւն ունենան Ադրբեջանի Հանրապետութեան հետ»։ Սա շատ վտանգաւոր առաջարկ է, ինչը նշանակում է, որ Ադրբեջանի Հանրապետութիւնը ցանկանում է իր վերահսկողութեան տակ ճանապարհ ունենալ Հայաստանի տարածքում։ Նամակում աւելացւել է, որ Հայաստան վերադարձող ադրբեջանցիներին ոչ թէ պէտք է ցրել ամբողջ երկրով մէկ, այլ միասնական պահել որպէս խումբ եւ ապահովել նրանց անվտանգութիւնն ու իրաւունքները։ Առաւել տագնապալի է պահանջը, որ ադրբեջանցիները կարողանան «ադրբեջաներէնն օգտագործել [Հայաստանի] կառավարութեան օրէնսդիր, գործադիր եւ դատական մարմիններում»: Ադրբեջանն աւելացրել է նաեւ հետեւեալ անհեթեթ պահանջը. «Ադրբեջանցիներն իրաւունք ունեն ձեւաւորել տեղական անվտանգութեան ուժեր եւ համապատասխան դեր ստանձնել դատարաններում»։ Սա իրականում նշանակում է, որ Հայաստանը լինելու է Ադրբեջանի կցորդ, քան ինքնիշխան հանրապետութիւն։

Բացի այդ, Հայաստան վերադարձող ադրբեջանցիների անվտանգութիւնն ապահովելու համար Ադրբեջանը «անհրաժեշտ է համարում տեղակայել միջազգային անվտանգութեան առաքելութիւն՝ համապատասխան մանդատով եւ ներառելով արեւմտեան ադրբեջանցիների կողմից վստահութիւն վայելող երկրների ուժերն այն տարածքներում, որտեղ նրանք կը վերադառնան»: Այսինքն՝ Ադրբեջանը ցանկանում է օտարերկրեայ զօրքեր տեղակայել Հայաստանի տարածքում, ինչը միանգամայն անընդունելի է։ Ադրբեջանը նաեւ յայտարարել է, որ «Հայաստանի կառավարութիւնը պէտք է ապահովի ադրբեջանցիներին պատկանող գոյքի եւ համայնքային հողերի վերադարձը եւ փոխհատուցում վճարի գոյքի օգտագործումը խոչընդոտելու հետեւանքով պատճառւած գոյքային վնասի եւ կորուստների համար»: Նրանք, ովքեր նման խելագար պահանջներ են ներկայացնում, ապրում են երազային աշխարհում:

3) «Արեւմտեան Ադրբեջանի համայնք»-ը 2023 թւականի ապրիլին նամակ է յղել ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերեշին՝ խնդրելով «ՄԱԿ-ի յատուկ առաքելութիւն ուղարկել Հայաստան՝ այդ երկրից վտարւած ադրբեջանցիների անվտանգ եւ արժանապատիւ վերադարձի գործընթացն սկսելու համար»։

4) «Արեւմտեան Ադրբեջանի համայնք»-ը 2023 թւականի հոկտեմբերին զեկոյց է ներկայացրել ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրաւունքների հարցերով կոմիտէին։ Ըստ ադրբեջանական լրատւամիջոցների՝ ՄԱԿ-ի կոմիտէն «Հայաստանից պահանջել է անդրադառնալ «Արեւմտեան Ադրբեջանի համայնք»-ի բարձրացրած հարցերին»։ Եթէ այս պնդման մէջ դոյզն-ինչ ճշմարտութիւն կայ, ապա յուսով եմ, որ ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչն արձագանգել է Ադրբեջանի մեղադրանքներին եւ բացայայտել ադրբեջանական կեղծիքը։

Սա այն ոխերիմ թշնամին է, որի հետ Նիկոլ Փաշինեանը միամտօրէն կարծում է, որ կարող է «Խաղաղութեան պայմանագիր» կնքել։ Այս անհարկի «Խաղաղութեան պայմանագիրն» իրականում կը վնասի Հայաստան Հանրապետութեան շահերին։ Ադրբեջանն արդէն պահանջում է, որ «Հայաստանից վտարւած ադրբեջանցիների» իրաւունքները ներառւեն նման պայմանագրում՝ դրանով իսկ հիմք ստեղծելով Ադրբեջանի կողմից հետագայ ագրեսիայի եւ բռնազաւթման համար։ ՄԱԿ-ին ուղղւած ադրբեջանական նամակում, ըստ էութեան, կայ այսպիսի տագնապալի դրոյթ. «[Ադրբեջանական] համայնքը կը ձգտի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կնքւելիք խաղաղութեան պայմանագրի մէջ ներառել արեւմտեան ադրբեջանցիների հայրենիք վերադառնալու համար պայմանների ստեղծումը որպէս Հայաստանի պարտաւորութիւն»:

Այս անհեթեթութեանը վերջ տալու միակ ճանապարհն այն է, որ Հայաստանը դադարեցնի Ադրբեջանին անվերջ զիջումների գնալու կործանարար գործընթացը եւ մերժի նրա բոլոր անընդունելի պահանջները։

ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ
«Կալիֆորնիա կուրիէր» թերթի հրատարակիչ
http://www.TheCaliforniaCourier.com

Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ

Առնչւող Յօդւածներ

Back to top button