ԴՈՒԼԱԲՈՒՄ ԱՄՓՈՓՒԱԾ 3 ՀԱՅ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Իրանական եռեակ կղզիները, Բահրէյնը, Իրաքի ներխուժումը, եւ հանրութեանը անյայտ մնացած՝ հայ զոհերի մասին
ՀԱՏԻՍ
Վերջերս Պարսից Ծոցի իրանական եռեակ կղզիների հարցը նորից է բարձրացւում տարբեր առիթներով: Խնդրի պատմական կողմն այնքան խորն արմատներ ունի, որի ուղղութեամբ գիտակցաբար չի խօսում արաբական կողմը: Սակայն քաղաքական կողմը մնում է շահախնդիր կողմերի խաղաքարթ՝ Իրանի վրայ ճնշում բանեցենելու կամ պատեհ առիթներով արաբական կողմից միաւորներ կորզելու համար:
Իրանի ժողովուրդը գիտակցաբար ընկալել է, որ Եռեակ կղզիների հարցը ժամանակին տարածաշրջանում զարգացումների անբաժան մասն է եղել: Նոյն համատեքստում քննարկումների, բանավէճերի, եւ ինչ որ տեղ կարճատեւ հակամարտութիւնների սեղանին էր յայտնւել Բահրէյնի, Իրաքի կողմից Խուզեստանի նկատմամբ նկրտումների, եւ Մեծ ու Փոքր Թոնբ եւ Աբու Մուսա երեք կարեւոր կղզիների հարցը: Բահրէյնից ու Եռեակ կղզիներից Բրիտանական զօրքերի դուրս բերմամբ գլուխ էր բարձրացրել արաբական ինքնութեան ձեւաւորման խնդիրը, ինչն ուղեկցւում էր կոշտ արձագանգներով ու տեղ տեղ Բահրէյնի բնակիչների ցոյցերով: Արդիւնքում իրանական կողմը նահանջելով Բահրէյնից դիմացն ստացաւ (ԱՄՆ-ի միջնորդութեամբ) Եռեակ կղզիները պահելու բնական իրաւունքը: Անկախ վիճարկումներից ու տրւող գնահատականներից, յօդւածիս թեման զարգացումների կուլիսներում ընթացող հակամարտութիւններին կեանքը նւիրած իրանահայ զինծառայողներն են, որոնցից մէկը զոհւել է Իրաքում յեղաշրջման արդիւնքում ձեւաւորւած եւ Իրանի վրայ յարձակում գործած «Բա՛աս» ծայրայեղական շարժման բանակի գործողութեան ընթացքում: Միւս երկուսը երկու տարի անց, դարձեալ արտակարգ իրավիճակներում գտնւող բանակի շրջայցներից մէկի ժամանակ աւտովթարի զոհերից էին: Երեք նահատակ յանուն Իրանի կայունութեան եւ տարածքային ամբողջականութեան պահպանման համար:
Նահատակներից առաջինը 1975 թւականի Փետրւարին Մեհրանի ճակատում զոհւած Վանիկ Մելիքսէթեանն է: 1946 թւականին ծնւած Վանիկը Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի նախորդ շրջանի անդամ Ռաֆիկ Մէլիքսէթեանի աւագ եղբայրն է: Ռաֆիկ Մէլիքսէթեանը «ԱԼԻՔ»-ին յայտնեց, որ Վանիկը պատրաստւում էր դոկտորականը պաշտպանել, երբ մեկնում է ծառայելու: «Տնտեսագէտ էր: Իր կարողութիւններով եւ ունակութիւններով աչքի է ընկել համալսարանում որպէս լաւագոյն ուսանող: Բանաստեղծութիւններ էր գրում ու մինչեւ զոհւելը հրատարակութեանն էր պատրաստել նաեւ իր բանաստեղծութիւնների առաջին հատորը»,- նշում է պրն. Մելիքսէթեանը:
Վանիկ Մելիքսէթեանի եղբայրը, նահատակի յուղարկաւորութեան մասին պատմելով նշում է, որ մարտերում ընկած Իրանի սպայակազմի մասունքները թաղել էին Դեզֆուլի մերձաւորութեանը գտնւող անյայտ մի տարածքում: Սակայն ընտանիքի շարունակական պնդումերի եւ հետեւողականութեան արդիւնքում յաջողւել է հայ նահատակի դին տեղափոխել Թեհրան: Նա նշեց, որ այդ օրերին տեղեկատւական խիստ ռեժիմի ու ցենզուրայի էր անցել Իրանի կառավարութիւնը: «Սաւաքը ստիպեց անաղմուկ թաղում կատարւի: Արդէն թաղումներ էին կատարւում Նոր Բուրաստանում, սակայն ընտանիքիս պահանջով դին փոխադրւեց Դուլաբի գերեզմանատուն: Անվտանգութեան ուժերը մի կերպ համաձայնութիւն տւեցին քաղաքում կատարել թաղում միայն այն դէպքում, եթէ բոլորից հեռու եւ գերեզմանատան չերեւացող անկիւնում ամփոփւի դին: Պատճառը պատերազմում զոհերի թւի մասին պատկերացում չստեղծւելը կամ վախի տարածումն էր»,- նշում է պրն. Մելիքսէթեանը:
Միւս երկու զոհեր՝ Արտաշէս Ղազարեանի եւ սերժանտ Սամուէլ Այւազեանի մասով Սաւաքն այդքան լուրջ մօտեցում չի ցուցաբերել:
Զոհւածներից առաջինի զարմիկ՝ Գրիգոր Ղազարեանը «ԱԼԻՔ»-ին պատմելով տղաների զոհ գնալու դէպքի եղելութեան մասին նշում է, որ Արտաշէսն ու Սամուէլը ծառայում էին որպէս սահմանապահ ժանդարմներ: Նրանք առաջադրանքը կատարելու նպատակով մեքենայով դուրս են գալիս վաշտից ուղեւորւելով դէպի սահմանում գրանցւած մաքսանենգութեան դէպքի վայր: Տղաների դին յայտնբերւում է օրեր անց անապատային շրջաններից մէկում:
Գրիգորի ասութեամբ տղաների մարմնին առկայ է եղել խոշտանգումների հետքերը: Մեծ հաւանականութեամբ նրանց պատանդ են վերցրել, ապա խոշտանգումների ենթարկելուց յետոյ առանց սննդի ու վառելիքի լքել անապատում:
Տղաների ողբերգական մահւան մասին տեղեցնում են ընտանիքներին: Իսկ Արտաշէսի հայրը պատմել է, որ երբ որդու դին ճանաչելու նպատակով նրան դատաբժշկական կենտրոն են հրաւիրում, նա նկատում է, որ մարմնին կապտուկների բազմաթիւ հետքեր կան: Իսկ դէմքն՝ անճանաչելի:
Ժամանակին ժանդարմերի (սահմանապահ ուժերը) հերոսի կոչումով յուղարկաւորութիւն են կազմակերպում Դուլաբի գերեզմանատանը:
Չնայած դէպքի որպիսութեանը, կամ այն, որ հեռաւորութեան պատճառով գուցէ եւ չէր կարելի կապ տեսնել եղածի եւ տարածաշրջանում Իրանի դէմ զարգացող հակամարտութիւնների միջեւ, այնուամենայնիւ արտակարգ իրավիճակներում յանուն Իրանի անվտանգութեան եւ տարածքային ամողջականոյթեան են տղաները նւիրել իրենց ամենաթանկը՝ կեանքը:
Երկրորդ Փահլաւիի ժամանակաշրջանում Իրաքի եւ Իրանի միջեւ 5-օրեայ հակամարտութեան պատմութիւնը
«Էթէլաաթ» օրաթերթն իր պատմութեան անդրադարձ յօդւածաշրաում յիշելով Իրան-Իրաք յարաբերութիւնների պատմութեան էջերը, անդրադարձել է 1347 թւականին, երբ սկսւեց Իրանի եւ Իրաքի միջեւ լարւածութեան շրջանը: Այն յանգեցրեց Իրաքում բնակւող իրանցիների ամբողջական էթնիկ զտումներին ու տեղահանութեանը «Բաաս» կուսակցութեան կողմից: իրանցիները հաստատւեցին սահմանամերձ շրջաններում, յետոյ աստիճանաբար գնացին Իրանի տարբեր շրջաններ:
Ըստ «Էթէլաաթ» օրաթերթի, 1352 թւականի Բահմանի 22-ին եւ 23-ին լրատւամիջոցները հրապարակումներ են անում սահմանային կէտերում Իրանի եւ Իրաքի ռազմական ուժերի միջեւ բախումների մասին։ Մինչ գեներալ Ահմադ Հասան ալ-Բաքրի նախագահութեան օրօք Իրան-Իրաք յարաբերութիւններն այնքան էլ գովելի չէին, իրաքեան ուժերը յարձակւեցին Իրանի որոշ շրջանների ուղղութեամբ՝ Իլամ նահանգի սահմաններից ներխուժելով Իրանի տարածքներ:
Այս յարձակումների ժամանակ զոհւել է 41 իրանցի զինծառայող, վիրաւորւել՝ 81 մարդ։ Իրանի բանակը յայտարարութիւն է տարածել Իրաքի ռազմական յարձակմանը կոշտ պատասխան տալու մասին։
Կէս դար առաջւայ թերթը լուսանկարներով թղթակցութիւն էր հրապարակել Իրան-Իրաք սահմանին պատերազմական իրավիճակի մասին։
Այս հակամարտութիւններից յետոյ գաղտնի բանակցութիւններ տեղի ունեցան Իրանի, արաբների, Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի միջեւ։ Այս բանակցութիւններում Իրանը համաձայնեց փոխզիջման գնալ կողմերի հետ՝ Բահրէյնի անկախութեան դիմաց Իրանի ինքնիշխանութիւնը տարածւած մնայ երեք կղզիների վրայ:
Իրաքի այն ժամանակւայ կառավարութիւնը մեղադրում էր Իրանին գերիշխանութեան եւ իմպերիալիստական նկրտումներ ունենալու մէջ, յատկապէս Պարսից Ծոցի տիրոյթում:
Ի պատասխան՝ Իրանը 1349 թւականին յայտարարեց, որ չունի իմպերիալիստական ծրագրեր Պարսից ծոցի տարածաշրջանի համար եւ պատրաստ է պաշտպանական պայմանագիր կնքել տարածաշրջանի երկրների հետ՝ ջրերից Բրիտանիայի դուրս գալուց յետոյ կայունութիւն հաստատելու մտադրութեամբ։ Բայց միեւնոյն ժամանակ նա իրաւունք ունի ուժեղացնել իր ռազմական ուժը «արկածախնդիր ռեժիմների» դէմ։
«Էթէլաաթ» օրաթերթի համաձայն, թւում է, թէ այն ժամանակ Իրանը չէր կարող ռազմական ճանապարհով գրաւել Բահրէյնը: Քանի որ սա կարող էր վտանգաւոր հետեւանքներ ունենալ Իրանի համար։ Հասկանալի է, որ Բրիտանական կայսրութիւնը, որպէս գաղութատիրական գերտէրութիւն, թոյլ չէր տալու եւ չտւեց Իրանին նման համարձակ քայլի գնալ։ Բացի այդ, այս գործողութիւնը ստիպեց բոլոր արաբական երկրներին (ինչպէս արմատական, այնպէս էլ պահպանողական) միաւորւել եւ դաշնակից դառնալ Իրանի դէմ։ Սա այն դէպքում, երբ Իրանը եւ Իրաքը բազմաթիւ տարածքային, սահմանային եւ քաղաքական վէճեր ունէին։ Իսկ Իրանը վախենում էր, որ Իրաքը կը մօտենայ Խորհրդային Միութեանը։ Միւս կողմից, Իրանի ռազմական գործողութիւնը իւրաքանչիւրի դէմ կարելի է դիտարկել ՄԱԿ-ի կանոնադրութեան խախտում: