ՂԱՐԱՂԱՆԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ 62 ՏԱՐԻ Է ԱՆՑՆՈՒՄ
ՀԱՏԻՍ
…կէսգիշերւայ ժամը 23-ին, Ղարաղան գիւղական շրջանի բնակիչների ոտքի տակ գետինը բացւեց: Ցնցումները տեւեցին այնքան ժամանակ, քանի աւարի ու փոշու տակ չէր թաղւել մարդկային կեանքեր… գիւղացու եղած չեղածն էլ իր հետ տանելով:
Հայկական «Ներքին գիւղ»-ն ամենաշատ զոհեր ունեցող գիւղերի շարքում էր…
1962 թւականի սեպտեմբերի 1-ի երեկոյեան ժամը 11-ի սահմաններում 7.2 մագնիտուդ ուժգնութեամբ երկրաշարժ տեղի ունեցաւ Ղարաղանի գիւղական շրջանում ու Բոյին Զահրա քաղաքում։ Այս երկրաշարժն զգացւել է նաեւ մայրաքաղաք Թեհրանում: Երկրաշարժի հետեւանքով զոհւել է աւելի քան 12 հազար մարդ։
Երկրաշարժի աւերւածութեան հետեւանքով հիմնովին փլատակի է վերածւել հայկական Ներքին գիւղը նաեւ: Գիւղի հայ բնակչութեան զգալի մասը զոհւել է, հիմնականում կանայք եւ երեխաներ: Մահից փրկւել են միայն նրանք, ովքեր գիշերային ջրբաժանի հերթափոխի էին դուրս եկել: Վերին գիւղում եւս աւերւածութիւն է գրանցւել, որտեղ փլատակների տակ են մնացել հայ գիւղացիներից մի քանիսը: Այժմ Ղարաղանի թւով 9 հայկական գիւղերի եկեղեցիներից կանգուն է միայն Սուրբ Սարգիս եկեղեցին: Սակայն այն մասին, թէ երկրաշարժն ինչքանով է ազդել միւս եկեղեցիների անէացման հարցում, դարձեալ յստակ խօսք ասել չես կարող:
Հայկական գիւղերի տուժածների մասին ստոյգ թւեր պարզել չյաջողւեց ցաւօք, այնուամենայնիւ, ինչպէս զրուցակիցս է ասում, նոյնիսկ եթէ մէկ զոհ կայ, ապա դա եւս շատ է: «Հարցրէ՛ք ընտանիքներին: Նրանց համար այլեւս հարիւրն ու հազարը չափանիշ չէ, երբ իրենց տանիքից պոկւած հրեշտակ կայ»…
Յովհաննէս Աղաջանեանը աշխատանքի համար Թեհրան տեղափոխւած Վերին գիւղի պատանիներից էր: Երկրաշարժի ժամանակ ընտանիքը բնակւում էր գիւղում: Երկու օր է տեւում մինչեւ Յովհաննէսին յաջողւում է ընտանիքից լուր ստանայ: Վերադառնում է գիւղ՝ ընտանիքին տեսնելու: Մօտիկից է տեսել հայրենի գիւղի ողբը: Ասում է, որ Ներքին գիւղից բան չէր մնացել: «Ոչ մի կանգուն տանիք: Ընտանիք կար 7-ը զոհ ունէր: Բոլորը գիւղի գերեզմանոցում հողին յանձնւեցին: Գիւղացիները ընտանիք կորցնելու հետ միասին անասուններն էին կորցրել: Աղէտն այդպիսով շարունակւելու էր նաեւ երկրաշարժից ամիսներ ու գուցէ տարիներ անց, քանի որ ժամանակին կենսակերպի ու ապրուստը վաստակելու կարեւորագոյն միջոց էր այն: Մտածեցինք Թեհրան տեղափոխւել: Գցում-բռնում էինք ու չէր ստացւում: Հազարներ էր պէտք, իսկ ես հազիւ մի քանի հարիւր էի հաւաքել աշխատանքիցս: Մեր անասունների մեծ մասն էլ էր փլատակների տակ մնացել: Շոգ ամռանը հիւանդութեան տարածւելու կողքին տանիք չունենալը մի բան, ընտանիքին նման իրավիճակում թողնելն ու Թեհրան վերադառնալն՝ այլ բան: Ցաւօք չկարողացայ նրանց համար այստեղ տուն առնել, փողս չհերիքեց…»,- ասում է պրն. Յովհաննէսն ու հոգոց հանում…
«Յետոյ իմացանք, որ Հոլանդիայի թագուհին անձամբ է այցելել աղէտի գօտի: Խոստացել է օգնութիւնների կողքին աջակցել նաեւ տների վերականգնմանը: Մեր այս «Հոլանդ» պողոտան ու երկու հարեւան պողոտաները հէնց այդ ծրագրի արդիւնքում են կառուցւել Զարքէշում»,- յաւելում է նա:
Հոլանդ պողոտայի մէկ այլ բնակիչ իր ձեռքի հեռախօսում շիրմաքարի լուսանկարը ցոյց տալով նշեց, որ երկրաշարժը իրենց ընտանիքից խլեց 13-ամեայ գեղադէմ պատանիի: «Հոլանդ պողոտան նախտեսւած էր Ներքին գիւղի տուժած ընտանիքների համար: Իհարկէ նման բան եմ լսել եւ ստոյգ չէ: Ինչեւէ, հայ ընտանիքներ են եղել, չի կարելի ոչ մէկին խեղճացած տեսնել: Իհարկէ տները հէնց այնպէս չի տրամադրւել: Պետականօրէն նրանցից գանձումներ են կատարւել հերթավճարներով»,-ասում է Զարքէշում մթերքի խանութի սեփականատէր ղարաղանցի ծանօթս:
Թէեւ նրբանցքի որոշ տների կառուցումից անցել է շուրջ կէս դար, սակայն նրբանցքի հարաւային տների աղիւսէ ճակատը առանձնապէս չի փոխւել։ Թաղի բնակիչներից մէկն ասում է. «Երբ երկրաշարժից տուժած ընտանիքները պէտք է տեղափոխւէին այստեղ՝ Զարքէշ հոլանդացիները նրանց համար շուրջ 70 տուն կառուցեցին։ Տները կառուցել են Հոլանդիայի նրբանցքում, որը տանում է դեպի Սուրբ Թարգմանչաց եկեղեցի, իսկ միւս 2 նրբանցքներում հայոց երկու «Նայիրի» տարրական եւ «Նայիրի-Սողոմոնեան» միջնակարգ դպրոցներն են:
Թեհրանի Զարքէշ թաղամասում մինչեւ Բոյին Զահրա երկրաշարժը ոչ մի լուր չկար «Հոլանդ»-ից, «Զարին»-ից ու «Մադրասէ արամանէ» նրբանցքներից:
Սասուն քաղաքամասի ձեւաւորման հարցը կարծես կապւած է եղել տարբեր պատճառներով գաղթերի հետ:
Արձանագրւած փաստեր կան այն մասին, որ Երկրորդ Աշխարհամարտից յետոյ Հայաստանը պատրաստ էր ընդունել իր շրջակայ երկրների հայերին։ Իրանից շուրջ 30 հազար քաղաքացի է հաւաքում ճամպրուկները ներգաղթի համար։ Բայց դիմորդների թիւն այնքան շատ էր, որ շուրջ 20000 իրանահայեր, ովքեր վաճառել էին իրենց հողամասն ու գիւղական տունը Չահարմահալ, Սուլթանաբադ, Քամարէ, Փերիա եւ այլն, սահմանը չանցած վերադառնում են Թեհրան եւ տեղաւորւում Բեհջաթաբադ շրջանում։ Այդ հայերից ոմանք էժան տարածքներ են գնում Զարքէշի, Վահիդիէյի կամ Մաջիդիէի շրջաններում, որոնք այդ օրերին քաղաքի ծայրամաս էին համարւում, եւ աստիճանաբար այդ թաղամասերի կորիզը ձեւաւորւում է «համաշխարհայինից» ու աղետից եկած հայերով:
Աղէտի գօտին ներառում էր Ղազւինից՝ Սաւէ ընկած տարածութիւնը: Բոյին Զահրա քաղաքի բազմաթիւ հին ու պատմական կոթողներ ու շինութիւններ, այդ թւում՝ Ռուդաք հնագոյն ամրոցը եւս փլատակների էին վերածւել։
Երկրաշարժից յետոյ Ղոլամռէզա Թախտին Փահլաւի փողոցի Սայի պուրակից քայլելով Ֆերդուսի հրապարակ անձամբ էր խնդրում քաղաքի բնակիչներին օգնել երկրաշարժից տուժած իրենց հայրենակիցներին, ինչով կարող են։ Կանայք, ականջօղեր, վզնոցներ, մատանիներ եւ տղամարդիկ իրենց դրամապանակներն ու գրպանի գումարն էին դնում Թաղթիի վզից կախւած արկղի մէջ։ Գործողութեան մասին արձագանգներն այնքան մեծ էր, որ անմիջապէս բարերարների մեծ ալիք է բարձրանում: Թաղթիին վստահւեցին տասնեակ բեռնատարներ, որոնք աղէտի գօտի տեղափոխեցին պարագաներ եւ անհրաժեշտ ապրանքներ։
Ըստ «Ազգային ճակատի» անդամ Շահ Հոսէյնիի՝ «Թախտին ապրանքն ու գումարն անձամբ է տարել Ղազւին՝ կեանքի կոչւած կոմիտէի աջակցութեամբ։ Ապրանքները բաշխւել են երկրաշարժից տուժածների միջեւ, եւ հաւաքւած գումարով կառուցւել է երկու դպրոց՝ «Դեհխոդա» եւ «Զիաօդդին Հաջ Սէյէդ Ջաւադի» անուններով, ինչպէս նաեւ Բուժարան։ Դպրոցի ու բուժարանի շինարարութիւնը տեւել է մէկուկէս տարի, եւ այս ընթացքում Ղոլամռէզա Թախտին այցելել է շրջան՝ վերահսկելու շինարարութեան ընթացքը։
«LIFE» ամսագրի 36-ամեայ լուսանկարիչ Փօլ Շաթզերն այն մարդկանցից էր, ով Իրան էր եկել Բոյին Զահրայի երկրաշարժը լուսաբանելու համար։ Նրա արձանագրած նկարները, որոնք տպագրւել են այս ամսագրի 1962 թւականի սեպտեմբերի 21-ի համարում, աղետի ամենախօսուն յիշողութիւններից են։ Ողբերգութիւն, որը տեղի ունեցածից կէս դար անց դեռ կենդանի է իրանցիների եւ յատկապէս իրանահայերի յիշողութեան մէջ։