ԱԿՆԱՐԿ. ԹՈՒՐՔԱԼԵԶՈՒ ՊԵՏՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՏՔԵՐՈՎ. ՈՐՆ Է ԻՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ. ՓԱՇԻՆԵԱՆԻ ԵՐԱԶԱԽԱԲՈՒԹԻ՞ՒՆԸ, ԹԷ՞ «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔ»-Ի ՎԵՐ ՅԱՌՆԱԾ ԻՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ
Մինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը շարունակում է ջանքերն օգոստոսի 8-ին ԱՄՆ միջնորդութեամբ Վաշինգտոնում, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նախաստորագրւած փաստաթուղթը ներկայացնել որպէս պատմական յաղթաթուղթ, որը Հայաստանին եւ տարածաշրջանին բերելու է յարատեւ եւ կայուն «խաղաղութիւն»՝ պարգեւելով «բարգաւաճման եւ զարգացման» բացառիկ հնարաւորութիւն, եւ «Զանգեզուրի միջանցք»-ի անւան վերաբերեալ խօսակցութիւնը յայտարարում է «փակւած թեմա»՝ հանրութեանը յորդորելով դրա փոխարէն օգտագործել «Թրամփի ուղի» սահմանումը, ադրբեջանական Գաբալայում, հոկտեմբերի 6-7-ին տեղի է ունեցել Թուրքալեզու պետութիւնների կազմակերպութեան ղեկավարների խորհրդի 12-րդ գագթնաժողովը, որի օրակարգի առանցքային կէտերից մէկը եղել է «Զանգեզուրի միջանցքը» եւ Վաշինգտոնում, Փաշինեանի եւ Ալիեւի միջեւ նախաստորագրւած փաստաթուղթը:
Պարզւում է՝ թուրքական աշխարհի ղեկակավարները վաշինգտոնեան փաստաթուղթն համարում են «ԹՈՒՐՔԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴՆԵՐԻ ՅԱՂԹԱՆԱԿԸ», եւ որպէս դրա կարեւոր ձեռքբերում յատուկ ընդգծում են ««ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔ»-Ի ԲԱՑՈՒՄԸ», որն ըստ նրանց՝ «ԶԳԱԼԻՕՐԷՆ ԿՈՒԺԵՂԱՑՆԻ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ»:
Այս համատեքստում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մասնաւորապէս յայտարարել է, որ Վաշինգտոնի գագաթնաժողովի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ դրան կից կառոյցների փակման վերաբերեալ համատեղ կոչին համաձայն՝ անցեալի հակամարտութեան այս մնացորդները նոյնպէս վերացւել են ԵԱՀԿ սեպտեմբերի 1-ի որոշմամբ։ Նրա խօսքով՝ «Զանգեզուրի միջանցք»-ը կարեւոր տրանսպորտային զարկերակ է եւ լրացուցիչ երթուղի ինչպէս Միջին, այնպէս էլ «Հիւսիս-Հարաւ» միջանցքի համար:
«Վաշինգտոնեան գագաթնաժողովի առանցքային արդիւնքներից մէկը «Զանգեզուրի միջանցքի» բացումն էր»,- ընդգծել է նա:
Ուզբեկստանի նախագահ Շաւքաթ Միրզիոեւն էլ իր հերթին Վաշինգտոնում Ադրբեջանի եւ Հայաստանի կողմից ստորագրւած համատեղ հռչակագիրը յայտարարել է որպէս «թուրքական ժողովրդների յաղթանակ», որը բացում է համագործակցութեան հնարաւորութիւններ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսութիւնը եւ տրանսպորտը։
Իսկ Թուրքական պետութիւնների կազմակերպութեան Գլխաւոր քարտուղար Կուբանիչբէգ Օմուրալիեւն իր հերթին անդրադառնալով թեմային՝ նշել է. ««Զանգեզուրի միջանցք»-ի շուրջ Վաշինգտոնում ձեռք բերւած պայմանաւորւածութիւնները պատմական կարեւորութիւն ունեն»: Ըստ նրա՝ «Այս քայլը զգալիօրէն կուժեղացնի թուրքական աշխարհը եւ տարանցման նոր հնարաւորութիւններ կը ստեղծի»:
Ոչ պակաս կարեւոր են նաեւ թուրքական աշխարհի փաստացի առաջնորդ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խօսքերն այս ուղղութեամբ:
Նա յայտարարել է, որ պաշտօնական Անկարան ոչ միայն հետեւում է Հարաւային Կովկասում տեղի ունեցող իրադարձութիւններին, այլեւ աջակցում է տարածաշրջանում խաղաղութեան հաստատմանն ուղղւած քայլերին՝ նշելով, որ ակնկալում է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրւած համատեղ յայտարարութեան շարունակութիւնը։
«Մենք կարծում ենք, որ թուրքական աշխարհն աւելի կարեւոր դեր կը խաղայ մեր տարածաշրջանի կայունութեան եւ անվտանգութեան գործում»,- ընդգծել է Էրդողանը:
Թուրքալեզու պետութիւնների կազմակերպութեան ղեկավարների խորհրդի 12-րդ գագթնաժողովի շրջանակում, Հարաւային Կովկասի հետ կապւած իրադարձութիւնների վերաբերեալ թուրքական աշխարհի ղեկավարների յայտարարութիւններն ու ընդգծումները կրկին ի ցոյց են դնում այն իրականութիւնը, թէ որ ուղութեամբ են ընթանում տարածաշրջանային զարգացումները, եւ ինչ հեռանկար է սպասւում:
Ակնյայտ է, որ վերը նշւած յայտարարութիւնների առանցքը կազմող «Զանգեզուրի միջանցք»-ի եւ, ընդհանրապէս «Խաղաղութեան» սպասւող դարաշրջանի մասին Փաշինեանի յայտարարութիւնները ոչ այլ ինչ են, քան էժանագին ամբոխավարական PR միջոցներ, որոնք, ինչպէս առիթ ենք ունեցել նշելու, հետապնդում են մէկ նպատակ. Խամրել եւ բթացնել հանրային միտքն ու կածիքը՝ ապահովելու համար ՀՀ գործող իշխանութիւնների վերաարտադրման հնարաւորութիւնը 2026 թւականի համպետական ընտրութիւններում:
Այս խորապատկերում, անհրաժեշտ ենք համարում յիշեցնել «ԱԼԻՔ»-ի՝ հոկտեմբերի 2-ի խմբագրականը, որտեղ ահազանգել էինք, որ «Զանգեզուրի միջանցք»-ի թեման լղոզելու Փաշինեանի յայտարարութիւնը ոչ այլ ինչ է, քան հայեցակարգային սխալ՝ յղի վտանգաւոր հետեւանքներով. «ՈՐՈՇԱԿԻՕՐԷՆ ԻՆՉ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ Է ՓԱՇԻՆԵԱՆԻ՝ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՒԱԾ ԱՆՒԱՆ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԵԱՆԸ, ՊԷՏՔ Է ՆՇԵԼ, ՈՐ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹԵԱՆ ՏԵՍԱՆԿԻՒՆԻՑ ՆՄԱՆ ԼՂՈԶՒԱԾ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ ԽԻՍՏ ՎՏԱՆԳԱՒՈՐ Է: ԱՅՆ ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ Է ԴՆՈՒՄ ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՐԾՈՂ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՅԱՆՁՆԱՌՈՒԹԻՒՆԸ, ՉԷԶՈՔԱՑՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԵՐԸ՝ ԹՇՆԱՄՈՒՆ ՏԱԼՈՎ ԱՅՆ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՈՐՊԷՍ ԶԷՆՔ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՀՆԱՐԱՒՈՐՈՒԹԻՒՆ»:
Գաբալայում կայացած Թուրքալեզու պետութիւնների կազմակերպութեան ղեկավարների խորհրդի 12-րդ գագթնաժողովը, թշնամու կողմից Փաշինեանի ընծայած զէնքն ամենաբարձր մակարդակով անխնայ օգտագործելու ապացոյցն էր: