Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Մայրավանքում 1931 թւականին, մայր տաճարի կողքին կանգնւեց Ապրիլեան Նահատակաց մատուռը: Օրւայ Աթոռակից կաթողիկոս Տ. Տ. Բաբգէն Կիւլէսէրեանի տնօրինումով, մի հայ երիտասարդ ուղարկւեց Դեր Զոր, իր ձեռքերով հաւաքելու համար հայ նահատակների աճիւններից մի մաս անապատի աւազների վրայից, եւ բերելու Անթիլիաս:
Մատուռը կառուցւեց, աճիւնները տեղադրւեցին ապակեայ ցուցափեղկերում, սոսկալի տեսարանով, խորանի ցածում եւ մատռան չորս անկիւններում կառուցւած խորշերում:
Նահատակների ընտանիքներ իրենց ամէն կիրակեայ այցելութիւնների ընթացքում, ինչպէս նաեւ խորհրդակատարութիւնների համար Անթիլիասի Մայրավանք ժամանելուց յետոյ, առաջին պարտականութիւն իբրեւ մուտք էին գործում մատուռ: Հայոց Ցեղասպանութեան ընթացքում իրենց կորցրած հարազատների համար աղօթում եւ մոմ էին վառում նրանք մատռան մէջ, ազգային հոգեւոր տուրք վճարելով այնտեղ, վերյիշելով անւանապէս այն ազգականներին, որոնց ոչ միայն անունները, այլեւս կեանքի օրերը վերաթարմացնում էին իրենց յիշողութիւնում:
Տարիներ են անցել, որոնք հարիւրամեակի նշմամբ տօնական օրերի վերածւեցին: Նահատակների հետ ոչ միայն անւանապէս ծանօթութիւն եւ ազգակցութիւն, այլեւ անձնապէս հարազատութիւն ունեցողներ չկան արդէն, եւ հոգեպէս վերամիացել են նրանց հետ: Ազգականական կապերով բարեկամութիւնը եւ գուցէ նկարներով ծանօթութիւնը կարող է հարազատութեան զգացողութիւն զօրացնի, սակայն անմիջական կապերն ու ձայնային զգացողութիւնը գոյութիւն չունենալով, կեանքի նորութիւնների բերմամբ փոփոխութիւններ են արձանագրւել մեր կեանքում:
Անթիլիասի Մայրավանքի շրջափակում կառուցւած մատուռը երկու առիթներով վերանորոգւել է: Մեծի Տանն Կիլիկիոյ Գարեգին Բ Սարգսեան կաթողիկոսի օրօք, ինչպէս նաեւ Արամ Ա կաթողիկոսի հրամանով, որպէսզի Մեծի Տանն Կիլիկիոյ Մայրավանքի շրջափակ այցելող մեր ժողովրդի զաւակների, ինչպէս նաեւ այնտեղ մուտք գործող պաշտօնական օտար հրաւիրեալների այցելավայրը լինի, աղօթքով ու յարգանքով յիշելու պատմութիւնը եւ հայ ժողովրդի դէմ գործւած մեծ ոճիրը:
Պատմութեան ընթացքին հայութեան կրած այս ծանր դժբախտութիւնը, որի մասունքները փտելու վրայ են արդէն, չեն կարող սրբւել հայոց պատմութիւնից եւ չեն կարող սրբւել մարդկութեան յիշողութիւնից:
Մասունքները ոյժ ունեն եւ հզօրացնում են մեր նոր սերունդներին: Նրանց փոշիացող իրավիճակն իսկ հզօրացնելու զօրութիւն ունի իր մէջ, միախառնւելով մեր ժողովրդի զաւակների հոգուն…:
Տարիները անցնում են, սերունդները փոխւում են, հայ դատը նոր փուլերի առջեւ է գտնւում, սակայն պահանջատիրութիւնը դեռեւս մնում է բոլորի սրտում:
Հողային նոր կորուստները, նոր սերունդների արտաքսումը իրենց դարաւոր տարածքներից, պապենական հողերի կորուստները նոր սերունդների ժամանակահատւածում, պահանջատիրական նոր երթ է ձեւաւորում մեր ժողովրդի համար:
Դեր Զորը, որը անցեալում մեր ժողովրդի համար սովորական դասարան էր, աւելի ուշ դարձել էր նախակրթարանի յարկ, այսօր վերածւել է համալսարանի, որտեղ կրթւում է մեր նոր սերունդը:
Դեր Զորեան համալսարանից շրջանաւարտ մեր սաները, միջազգային հարթակներում պատրաստ են այսօր խօսել օտար ազգութիւնների հետ, բանավիճել նոյնիսկ թշնամու հետ, ազգային պահանջատիրութեան գնով մարդկային իրաւունքները հրապարակայնօրէն պաշտպանելու համար: Մասունքները իրենց ուժը չեն կորցնի, հաւատա՛…:
Ատրպատականի հայոց թեմի հրատարակչութիւն
«Արտազ» ամսագիր (թիւ 4, ապրիլի 2024 թ.)