Ատրպատական

Արւեստից ցուցահանդէս՝ Թաւրիզում Հայ Համալսարանականների միութեան կազմակերպութեամբ

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – 2024 թ. փետրւարի 3-ին, ժամը 17:30-ին, Թաւրիզի Հայ Համալսարանականների միութեան կենտրոնատեղիում, հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի, բացումը կատարւեց նկարչական եւ ձեռարւեստի ցուցահանդէսի, նւիրւած Իրանի Իսլամական Յեղափոխութեան 45-ամեակին, պատանեկանից մինչեւ հասուն տարիքի թաւրիզահայ արւեստագէտների գործերով: Ներկայ էին համայնքի կրթական պատասխանատուներ՝ Թաւրիզի հայոց դպրոցի տեսչուհի Սիլւա Աշըղեանը, ուսուցիչներ եւ արւեստասէրներ:

Սրբազան Հայրը գնահատեց միութեան վարչութեան ջանադիր աշխատանքը, թաւրիզահայ նոր սերնդի մէջ վառ պահելու իրանական հայրենիքին պատկանելիութեան զգացմունքը, եւ այն շէնացնելու հեռանկարները:

Միութեան վարչութեան նախագահ Վարդան Ենովքեանը բացատրութիւն տւեց ցուցադրւած աշխատանքների մասին, իսկ նկարչութեան եւ ձեռարւեստի ուսուցչուհի արւեստագիտուհի Փոլետ Բենոյեանը խօսեց երեխաների հետեւողական աշխատանքի մասին, որով նախապատրաստել էին սոյն գործերը, ցուցադրելու համար այս առիթով:

Վարչութեան անունից պաշտօնական խօսք ընթերցեց Փաթրիշիա Դանըղեանը, վեր հանելով 45-ամեայ Յեղափոխութեան խորհուրդը, եւ ներկաներին տեղեկացնելով միութեան կատարած աշխատանքների մասին, յատկապէս մատաղ սերնդի դաստիարկութեան գործում:

Սրբազան Հայրը գնահատեց նաեւ ծնողներին, որոնք շաբաթը մի օր յատկացրել էին արւեստի, իրենց երեխաներին առաջնորդելով Համալսարանական միութեան կենտրոնատեղին, դասընթացներին հետեւելու համար:

Related Articles

Back to top button