«ԱԼԻՔ», Կ. Դ. – Երէկ՝ յուլիսի 9-ին իր աշխատանքները շարունակեց Թեհրանի հայոց թեմի 17-րդ Պատգամաւորական ժողովի երկրորդ նիստը:
Տէրունական աղօթքով մեկնարկած երէկւայ նիստը նախագահում էր 17-րդ շրջանի ՊԺ-ի ատենապետ Սեւակ Հաթամեանը: Նիստի սկզբում ելոյթ ունեցաւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային Կենտրոնական վարչութեան Քաղաքական ժողովի անդամ Յովսէփ Աւետեանը: Իր ելոյթի ընթացքում, նա Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսի եւ Ազգային ժողովի անունից ողջունելով ՊԺ-ի նիստը, ընդգծեց, որ Արամ Ա կաթողիկոսի հետ ունեցած հեռախօսազրոյցի ընթացքում, Վեհափառ Հայրապետը իր բարձր հովանաւորութիւնը եւ գոհունակութիւնն է յայտնել իրանահայ երեք թեմերին եւ իր ողջոյններն է փոխանցել: Յովսէփ Աւետեանը, առողջութիւն մաղթելով Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանին՝ ընդգծեց, որ անցեալ մի քանի տարիները թէ՛ համաշխարհային համաճարակի բերումով, եւ թէ՛ հայ ժողովրդի համար շատ ծանր տարիներ էին, սակայն իրանահայ համայնքի երեք թեմերը, մասնաւորապէս՝ Թեհրանի հայոց թեմը եւ ազգային իշխանութիւնը չեն խնայել իրենց կարելին թէ՛ համահայկական խնդիրների, եւ թէ՛ ներհամայնքային առումով: Յովսէփ Աւետեանը կարեւորեց, որ Թ. Հ. Թ. Թեմական գործող խորհրդին գնահատական տալու հարցով անհրաժեշտ է նկատի առնել այն բոլոր խոչընդոտները, որոնք յաղթահարւել են համայքում: Նա կարեւորեց բոլոր ազգային կառոյցների, ինչպէս ՊԺ-ի եւ Թեմական խորհրդի տքնաջան ու սիրայօժար աշխատանքները, համայնքային կեանքի ընթացքը բարեյաջող շարունակելու համար:
Յաջորդ օրակարգով ժողովը ունկնդրեց գործող Թեմական խորհրդի 32-ամսեայ բարոյական ու նիւթական տեղեկագիրը: Տեղեկագիրը մանրամասն անդրադարձել էր Թեմական խորհրդին կից խորհուրդների ու մարմինների աշխատանքներին, ինչպէս դպրոցների, եկեղեցիների, ազգային կալւածների, Կարիքաւորներին օժանդակող մարմնի, «Ա. Աւետիսեան» ազգային բուժարանի, գերեզմանատների, շինարարական մարմնի, Հայերէնագիտական դասընթացների, ուսանողական ֆոնդերի եւ բոլոր մարմինների ու կառոյցների աշխատանքներին, լինեն դրանք պետական մակարդակի հանդիպումներ կամ ներհամայնքնային գործունէութիւն:
Վերջում պատգամաւորները ներկայացրեցին հարցումներ, առաջադրանքներ, եւ քննարկման ենթարկւեց գործող Թեմական խորհրդի ծաւալած գործունէութիւնը:
Ժողովը շարունակւելու է այսօր՝ երեկոյեան: