Կիրակի՝ յուլիսի 7-ին, Թեհրանի բոլոր եկեղեցիներում տօնակատարւեց Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան տօնը:
Թեհրանի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի հովանաւորութեամբ պատարագեց եւ ըստ պատշաճի քարոզեց Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանը։
Հայր Սուրբը քարոզի ընթացքում, անդրադառնալով տօնի խորհրդին ասաց.«Յիսուսն առնելով Պետրոսին, Յակոբոսին եւ Յովհաննէսին ելաւ Թաբոր լեռը, եւ մինչ աղօթում էր, պայծառակերպւեց եւ իր զգեստը ձիւնի պէս սպիտակ եղաւ ու իր առաքեալներին յայտնւեց Իր աստւածային փառքով։ Յիսուսի տնօրինութեամբ՝ Նրան յայտնւեցին Հին Կտակարանեան մարգարէներ՝ Աստծու տասնաբանեայ օրէնքի ստացող Մովսէսը եւ նոյն օրէնքի նախանձախնդիր պաշտպան Եղիա մարգարէները, որոնք սկսեցին խօսել Երուսաղէմում Քրիստոսի չարչարանքների եւ խաչելութեան մասին։ Առաքեալները երբ այդ տեսան, շփոթւեցին. Պետրոսը Քրիստոսին առաջարկեց երեք տաղաւար կանգնեցնել, մէկը Նրա եւ միւս երկու տաղաւարները մարգարէների համար։ Պետրոսը դեռ նոր էր յաւելել իր խօսքը թէ. «Լաւ է այստեղ մնանք» երկնքից մի սպիտակ ամպ իջաւ նրանց վրայ ու նրանք ծունկի եկան. ամպի միջից լսւեց Հայր Աստծու ձայնը, որ ասում էր. «Սա է Իմ Սիրելի Որդին, որին Ես հաճեցայ՝ Նրան լսեցէք»։ Երբ նրանք լեռից իջնում էին, Յիսուսը յորդորեց մինչեւ Իր Յարութիւնը, իրենց տեսածի ու լսածի մասին, ոչ մէկին բան չասել»։ Նա իր քարոզը շարունակելով ասաց, որ մենք որպէս քրիստոնեաներ պարտաւոր ենք թարգմանելու մեր կեանքում Յիսուս Քրիստոսի պայծառակերպութիւնը: Նա յորդորեց, որ բոլորս պարտաւոր ենք Քրիստոսի լոյսով լուսաւորւելով նորոգենք մեր սիրտն ու հոգին ու մեր ամբողջ էութիւնը եւ այդ հոգեւոր նորոգութեան հասնելու համար պարտաւոր ենք Քրիստոսին դաւանելով, աղօթքով եւ ապաշխարութեամբ ելնենք մեր կեանքի Թաբոր լեռը, որպէսզի լուսաւորւենք Աստւածային լոյսով։
Ս. Գրիգոր Տաթեւացին Պայծառակերպութեան մասին արտասանած իր ճառի մէջ, Քրիստոսին վարդի է նմանեցնում։ Յիսուսը նախքան Իր հրաշափառ Յարութիւնը սաստում էր առաքեալներին, որպէսզի չխօսեն Իր Էութեան մասին, եւ սա նմանեցնում է վարդի կոկումի, քանի որ Յիսուսի աստւածութիւնը թաքնւած էր Նրա մարմնում։ Յարութիւնից յետոյ բացայայտօրէն, Իր աստւածային փառքը յայտնեց բոլորին, եւ սա Տաթեւացին նմանեցնում է բացւած վարդի։ Ահա թէ ինչո՞ւ է այս տօնը կրօնական իմաստով իսկ Վարդավառ կոչւում։
Ազգային առաջնորդարանի Հանրային կապի գրասենեակ