Իրանի Հայ Աւետարանական եկեղեցին դատապարտում է
«ԱԼԻՔ» – «Իրանի Հայ Աւետարանական եկեղեցու եւ նոյն համայնքի հոգեւոր առաջնորդի անունից դատապարտում եմ 2024 թւականի Փարիզի Օլիմպիական խաղերի կազմակերպիչների անսովոր եւ վիրաւորական գործողութիւնը, որը Քրիստոսի կեանքի ամենանւիրական պահերից մէկի անպարկեշտ եւ լիովին չարդարացւող տեսքով ընթերցումն է։ Կատարւածը ոչ միայն աշխարհի քրիստոնեաների համոզմունքներին չհամապատասխանող գործողութիւն էր, այլեւ Օլիմպիական խաղերի առաքելութեանը եւ նպատակին չհամընկնող երեւոյթ էր»,- դատապարտելով կատարւածը յայտարարել է Իրանի Հայ Աւետարանական եկեղեցու հոգեւոր հովիւ Վերապատւելի դոկտ. Միշէլ Աղամալեանը:
Յայտարարութեան մէջ նա մասնաւորապէս նշւել է. «Ես դատապարտում եմ Օլիմպիական կոմիտէի արարքը: Ըստ էութեան, օլիմպիզմը տեսակով կեանքի փիլիսոփայութիւն է՝ խաղաղութեան եւ գլոբալ համագործակցութեան ընդլայնման նպատակով, որը երբեք չի իրականանայ նման խե-ղաթիւրումներով։ Վերոնշեալ գործողութիւնը եւ վերջին տարիների ընթացքում գրանցւած նմանատիպ գործողութիւնները, որոնք թիրախաւորում են երկնային կրօնների հետեւորդների կրօնական զգացմունքները, ազատութեան մասին միակողմանի եւ դատապարտելի մեկնաբանութեան վառ օրինակ են, որոնք առաջինը խեղաթիւրում են հէնց ազատութեան իմաստը եւ այն՝ համատեղում անբարոյականութեան հետ եւ անցնում զսպւածութեան բոլոր սահմանները: Դուք չէք կարող սահմանափակել ուրիշների ազատութիւնը յանուն ազատութեան մասին ունեցած ձեր պատկերացումների: Այն, ինչին ականատես ենք լինում այս եւ նմանատիպ գործողութիւններում, դա ոչ թէ ազատութիւնն է իր վեհ իմաստով ու իդէալներով, որ միաստւածութիւնից սերած բարձրագոյն ամենագեղեցիկ տիրոյթի մարմնաւորումն է, այլ վերադարձ դէպի աշխարհիկ կրօնների ու կռապաշտութիւն է, որոնք գոյութիւն ունէին նախնադարեան շրջաններում, եւ խորհրդանշւում էին տարբեր անուններով ու բազմաստւածութեան տեսքով, ինչպիսիք են Բակուսը, Մարսը եւ այլն: Հետեւաբար, նման ցուցադրումները ոչ թէ գեղեցիկ են, այլ հէնց տգեղ են, ոչ էլ առաջ քայլ են, դրանք յետընթաց են: Ոչ էլ լուսաւոր մտքի առկայծում են, ընդհակառակը դրանք մթութիւն բերող մտածողութեան արդիւնք են»: