ԳաղափարականՀամայնք

Լեւիկ Բաբայեանի յիշատակին

(Մահւան 40-օրեակի առթիւ)

Ազգի դատը կեանքի անխառն նպատակ դարձրած հաւատաւոր ու նւիրեալ Լեւիկի մահը գուժեցինք: Ինչպէս հայրենիքից դուրս մի տեղ ծնւած եւ մի այլ տեղ կեանքից հեռացած հազար հազաւոր պանդուխտ հայերից մէկը:

Լեւիկ. այդքա՛նը: Ազգանունն անգամ յիշելու կարիք չէր զգացւում:

Ցեղասպանութեան 50-ամեակին յաջորդած տարիների քաղաքական-գաղափարական զարթօնքի եւ յանձնառութեան ալիքի վրայ յայտնւած սերունդից էր Լեւիկը: Հայկական եւ միջազգային յիշողութիւնը թմբիրից դուրս բերելու պարտականութեան ինքը իրեն կոչած հաւատաւոր անուսադիրների ազատագրական բանակի անդամ, որ վճռեց լինել, եղաւ, մնաց ու կը շարունակի մնալ:

Լեւիկի համար հայ ժողովուրդի ազատագրական պայքարը նւիրական տեսլական էր: Այն ազգային եւ ընկերային արդար իրաւունքի իրացման հետապնդում էր, ընդդէմ ցեղապաշտական, ամբողջական եւ տնտեսական չարաշահումների:

Լեւիկը այն սերնդից էր, որ մերժեց պատմութեան այդ անարգ վճիռը, Սփիւռք կոչւած անորոշութեան մէջ ապրող հային, երիտասարդութեանը եւ ուսանողութեանը փորձեց պայքարի առաջնագիծ մղել:

***

Ծնւել է 24 ապրիլի 1950 թւականին՝ Թեհրանում: Դպրոցական կրթութիւնը ստացել է Թեհրանի «Քուշեշ-Դաւթեան» դպրոցներում, որն աւարտել է 1968 թւականին։

Վաղ տարիքից, 16-17 տարեկանից, զբաղւել է ՀՅԴ Թեհրանի Պատանեկան միութեան աշխատանքներով, եւ տարիներ շարունակ աշխոյժ մասնակցութիւն է բերել պատանի-երիտասարդների գաղափարական եւ կազմակերպական դաստիարակութեան գործին։ Միեւնոյն ժամանակ, սիրայօժար կերպով, եւ այլ ընկերների աջակցութեամբ, ստանձնել է «Ալիք»-ի գրադարանի գրքերի դասակարգման աշխատանքը։

Իր սերնդակիցների վկայութեամբ՝ Լեւիկը կարդացել էր «ԱԼԻՔ»-ի գրադարանի բոլոր կարեւոր պատմական ու գաղափարական գրքերը, անգամ իր կարդացած գրքերի էջերում, թողել է իրենից յիշատակներ՝ ընդգծելով իր կողմից կարեւոր համարւող տողերը:

Երիտասարդ տարիքից լուրջ էր եւ յանձնառու իրեն վստահւած պարտականութիւններում, եւ նոյն ոգով էլ դաստիարակել եւ վերաբերւել է իր պատանիների հետ. նոյն խստապահանջութեամբ, որ իրենից էր պահանջւում:

1973 թւականին ուսման նպատակով մեկնել է Ֆրանսիա եւ մասնակցել Փարիզի տարբեր համալսարանների հասարակական գիտութիւնների դասընթացներին։

Լեւիկը եղել է ինքնուս։ Երիտասարդ տարիքից մեծ սէր եւ հետաքրքրութիւն է ցուցաբերել գաղափարական ու գիտական տարբեր ոլորտների ուսումնասիրութիւններին եւ անյագօրէն ընթերցել ու իւրացրել է պատմական, հասարակագիտական, քաղաքական, գիտական, փիլիսոփայական բազմաբնոյթ նիւթեր։ Լեւիկի հետաքրքրութիւնները չեն սահմանափակւել պարզապէս գիտական նիւթերով․ նա խորապէս եղել է նաեւ երաժշտասէր։ Մեծ նւիրումով ուսումնասիրել եւ իւրացրել է հայոց պատմութիւնը եւ ՀՅԴ-ի գաղափարախօսութիւնը, եւ իր ուսումնասիրութիւնների արդիւնքը փոխանցել իր պատասխանտւութեան ներքոյ գտնւող պատանի ու երիտասարդ սերունդին։

***

1976 թւականից իր լուրջ մասնակցութիւնն է բերել հայ երիտասարդական շարժում ստեղծելու գործում եւ իր կարեւոր դերակատարութիւնն է ունեցել Իրանի հիւսիսային շրջանի կազմակերպութեան մէջ երիտասարդական շարժման զարգացնելու գործում:

1978 թւականից ներգործօն ներկայութիւն է եղել Իրանի հիւսիսային շրջանի պատանեկան եւ երիտասարդական կազմակերպութիւններում՝ դաստիարակելով նւիրւած, յանձնառու եւ գաղափարական սերունդ:

Իր անվերապահ ջանքերով է հիմքը դրւել «Ռոստոմ» Երիտասարդական միութեան եւ «Քրիստափոր» Պատանեկան կազմակերպութեան օրգանների՝ «Յեղափոխութեան ճամբով» եւ «Աշակերտ» պարբերականների լոյս ընծայմանն ու շարունակական հրատարակմանը:

Ինքը բծախնդիրօրէն եւ լրջօրէն զբաղւում եւ աշխատում էր «Յեղափոխութեան ճամբով» պարբերականի խմբագրութեան անդամ երիտասարդների հետ, նրանց գաղափարական լիցք փոխանցելով:

***

1979 թւականին Թեհրանում ամուսնանում է իր գաղափարական եւ կեանքի ընկեր Հերմիկ Ներսիսեանի հետ, որից յետոյ մի քանի ամսով կազմակերպական գործչի կարգավիճակով մեկնում է  Ուրմիա։

Լեւիկի ամենակարեւոր յատկանիշներից նրա շունչն ու ապրումն էր, եւ իր ընկերներին իր հետ նոյն ուղղութեամբ պայքարի դաշտ ուղղորդելու կարողութիւնը: Այնքան համոզւած էր իր նպատակների եւ համոզմունքների մէջ, որ դրանք նոյնութեամբ փոխանցում էր իր ընկերներին ու գաղափարակից երիտասարդներին:

Նա այնտեղ էր, ուր անհրաժեշտ էր: Ապրիլ 24-ին կազմակերպւող ցոյցերում, երիտասարդական միութեան ընդհանուր հանդիպումներում, խմբագրակազմերի, վարչութիւնների եւ Վարիչ մարմինների ժողովներում:

1982 թւականին դարձեալ տիկնոջ հետ հաստատւում է Ֆրանսիա, եւ աշխոյժ կերպով մասնակցում ՀՅԴ շրջանի օրգան «Կամք» օրաթերթի հիմնադրութեան աշխատանքներին։

1985 թւականին հիմնում է իր ծանուցա-տպագրական ընկերութիւնը, որն աշխատում է մինչեւ 1993 թւականկը, եւ այնուհետեւ որի գործունէութիւնը դադարեցնում է, ազգային հասարակական եւ կազմակերպական կեանքին մէջ ստանձնած յաւելեալ յանձնառութիւնների պատճառով։ Նոյն տարում ծնւում է նրա դուստրը՝ Ծովինարը։

Լեւիկի մօտ անսպառ էին մտքի թռիչքները, դէպի նորը, դէպի առաւել բարդն ու կատարեալը ձգտումը, որոնց իրականացման մէջ չէր վարանում մասնակից դարձնել իր գաղափարակից ընկերներին, նոյնիսկ եթէ նրանք թերահաւատ էին իր ծրագրերի նկատմամբ։ Խոր հաւատք եւ համոզում ունենալով ժամանակակից եւ առաջատար միջոցներով հայ մշակոյթի զարգացման եւ տարածման գործի նկատմամբ: 1996 թւականին հիմնել է Réflexion անունով ուղեղային կենտրոն-ընկերակցութիւնը, որի նպատակն էր՝ նպաստել հայկական միջավայրի ապագայազօտ ուսումնասիրութիւնների, ստեղծել մշակութային բազմազանութեան նպաստող միջավայր, նպաստել մշակութային արժէքների զարգացման՝ գալիք աշխարհաքաղաքական եւ տեխնոլոգիական բարդ միջավայրի հեռանկարով։  Ընկերակցութիւնը հիմնադրւեց պաշտօնապէս, յայտարարւեց Journl Officiel-ի մէջ, սակայն գործնական մի շարք խոչընդոտների պատճառով չիրականացւեց այդ նախագիծը։ Միեւնոյն տարիներին ամենօրեայ կարգով եւ աշխոյժ կերպով աջակցել է «ԱՅԲ FM» ռադիոյի աշխատանքներին, մատուցելով համակարգչային տեխնոլոգիայի ոլորտում դարձեալ ինքնուս կերպով ձեռք բերած իր ունակութիւնները։

Կուսակցական գործչի առաքելութեամբ, 2000- 2005 թւականների, յաճախակի այցելութիւններով գտնւել է Հայաստանում, եւ զբաղւել տեղի ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միութեան վերակենդանացման եւ վերաշխուժացման աշխատանքներով, հետեւելով ՀՅԴ Բիւրոյի այս ուղղութեամբ մշակւած նախագծին, որի նպատակն էր դաստիարակել ու զարգացնել իրական դաշնակցական երիտասարդութիւն։ Այդ ուղղութեամբ երիտասարդները պատրաստելու նպատակով նա վարել է սեմինարներ, եւ երիտասարդներին քաջալերել է պատրաստել պատանեկան պարբերաթերթ։

Նրա նպատակն էր Հայաստանի մէջ ստեղծել տեսանիւթերով եւ գրքերով յագեցւած ազատ գրադարան։ Այդ նպատակով, 2005 թւականին Ֆրանսիա վերադառնալուց յետոյ, իր ամբողջ ժամանակը տրամադրել է այդ գրադարանը ստեղծելու նպատակով տեսանիւթերի շտեմարան կազմելու աշխատանքին։

Ամենօրեայ կեանքում Լեւիկի ուղեցոյցը եղել է իր համոզմունքները։ Իսկ խոստացել էր՝ «Պիտի պայքարեմ մինչեւ վերջ»։

***

Յանուն սեփական իրաւունքների, իւրաքանչիւր ժողովուրդ կը պայքարի իր ունեցած միջոցով, կամ կը յանձնւի ու կը դառնայ իրեն պարտադրւած ճակատագրի ստրուկը:

Այդ իրաւունքների ձեռքբերման հաւատացողների յիշատակը յարգելու միակ եղանակը այն անկասելի պայքարն է, որ հայ մարդն ինքը իրեն յարգելու համար պէտք է մղի, որպէսզի ինքը եւ գալիք սերունդները իրենց հայրերի հողում ապրեն եւ ԱԶԳ-ը լինի հաստատ իրողութիւն, ո՛չ յիշատակ, ո՛չ առասպել:

Թէեւ Լեւիկը ամփոփւեց օտար հողի մէջ, բայց իր իդէալները միշտ վեր կը խոյանան դէպի Հայաստան աշխարհ՝ դէպի լեռն Արարատ:

Յարգանք իր յիշատակին, յարգա՛նք իր վաստակին ու աշխատանքին:

Մի խումբ ընկերներ

Related Articles

Back to top button